«Հեշտ է, երբ պատսպարվում ես պետական ապարատի հետեւում`շրջապատված անվտանգության աշխատակիցներով՝ տղա են բոլորը, առավել եւս, ֆեյսբուքում: Ես իրենցից շատերին ճանաչում եմ ու նորմալ կյանքի պայմաններում, իրենց ծպտունները դուրս չէր գալիս: Հիմա, իրենք …»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` խոսելով իր ելույթի ընթացքում տեղի ունեցած միջադեպից:
Հիշեցնենք, Վահե Հակոբյանի ելույթը դուր չեկավ իշխող ուժի պատգամավորներին: Դահլիճում կրկին քաշքշոց սկսվեց: ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը հարվածեցին Վահե Հակոբյանին։ Հրապարակված կադրերից երեւում է, թե ինչպես է Վահե Ղալումյանը հետեւից հարվածում Վահե Հակոբյանին։ Իրավիճակն ավելի լարվեց, ԱԺ նիստերի դահլիճում խառնաշփոթ սկսվեց: ԱԺ անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ եւ պատգամավորներին հերթով դուրս էին բերում նիստեր դահլիճից ։
Այդ ընթացքում քաշքշոց է սկսվել նաեւ լրագրողների համար նախատեսված օթյակում: Անվտանգության աշխատակիցները օթյակում գտնվող լրագրողներից պահանջել են չտեսանկարահանել նիստերի դահլիճում կատարվողը, նրանք քաշքշել են լրագրողներին, տեսախցիկները եւ բռնի ուժ գործադրելով`արգելել լրագրողներին աշխատել:
Վահե Հակոբյանն ասաց, որ հարվածներից ինքը թեթեւ վնասվածքներ է ստացել`քերծվածքներ:
Նա հավելեց, որ կատարվածը եւ իրավական եւ բարոյական հետեւանքներ պետք է ունենա: Երեկոյան, «Հայաստան» խմբակցությունը կքննարկի կատարվածը եւ կորոշեն իրենց հետագա գործելաոճը. «Սա գիտե՞ք, ինչի հետեւանք է. որ փողոցը բերում են ԱԺ`սա է դառնում»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ