«Անհնար է, այսպիսի կապիկություններով մեզ շեղել մեր բուն աշխատանքից, մենք իրականացնելու ենք կառավարության ծրագրի քննարկումը եւ հասցնելու ենք այն մինչեւ վերջ»,-Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ նկատի ունենալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը:
Նա արդարացրեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի այն մտքերը, որ բոլոր այն պաշտպանության նախարարները պետական դավաճաններ են, որոնց օրոք գումարով բանակից ազատվել են: ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ երկրի ղեկավարները նույնպես «պետական դավաճաններ են», որոնց օրոք մարդիկ փողով ազատվում էին բանակից:
Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները չեն հաշտվում այն մտքին, որ ժողովուրդը կարող է որոշել ամեն ինչ. «Ժողովուրդն է որոշելու ամեն ինչ, այլ ոչ թե էլիտար խանութներում հագնվող որոշ ընդդիմադիր գործիչներ, որոնք այսօր հայտնվել են խորհրդարանում եւ հեռացել են իրենց բուն առաքելությունից»:
Ասաց, որ «ամենամեծ հողատուն ու դավաճանը» ընդդիմությունն է, որովհետեւ, ստանալով 60 հազար քառակուսի կիլոմետր տարածք, դրանից թողել են 30 հազար քմ տարածք. «Դուք այստեղ մի գործով եք զբաղված, ուզում եք դելեգիտիմացնել Ազգային ժողովի աշխատանքները, չի՛ ստացվելու: Դուք մի քաղաքական ուժ եք, որ ժողովրդին անվանել եք «ժեխ», «բոմժ», որոշում չկարողանալ կայացնող: Դուք ձեր գործողությունները չեք ծառայեցնում ժողովրդի շահին, դուք չեք հասկանում, որ ժողովուրդը գիտակցել է, որ ամեն ինչ իրենից է կախված: Ժողովուրդն այն սուբյեկտն է, որ կարող է սրբի տանի ամեն ինչ՝ ցանկացած իշխանություն, ցանկացած ընդդիմություն: Ժողովրդի մասին խոսելիս հարգանքով խոսեք»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, ընդդիմության ներկայացուցիչների օրոք «թալանվել են մանկատան երեխաների փողերը, թալանվել է բանակը» եւ նախկին են այն մարդիկ, ու օրոք «սոցապի, ասֆալտի, բանակի փողերը կերվել են»: Ըստ նրա, նախկինը անձ չէ, երեւույթ է:
Վաղարշակ Հակոբյանը կոչ արեց դադարեցնել այդ ամենը եւ ասաց, որ որպես թիմ պաշտպանելու են ընտրված վարչապետի պատիվը, որովհետեւ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի պատիվը յուրաքանչյուրի պատիվն է. «Մենք այստեղ ձեռնամարտով զբաղվելու չենք եկել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ