«Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում պատմական ակնարկ կատարեց, քանի որ, ըստ նրա, այս իշխանության կրթական բարեփոխումների արդյունքում մեր դպրոցական դասագրքերում շատ բան է փոխվել, այս կառավարության քաղաքականության արդյունքում շատ հաճախ մեր ժողովրդի հերոսական անցյալի դրվագները փորձում են մոռացության տրվել։
«1890-ականների վերջին կար մի դաշնակցական ֆիդայի՝ Պետրոս Սերեմջյան, մասնակցել է 1896 թվականին Խանասորի արշավանքին, եւ պետք է պատժվեր Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչների վրա հարձակում գործած ցեղախումբը։ Նա հետո տեղափոխվել է Վան, 1901-ին օսմանական ուժերի կողմից կախաղան է բարձրացվել բուլղարացի իր մարտական ընկերների հետ»,-պատմեց պատգամավորը։ Նա այս պատմական ակնարկ արեց ի պատասխան ՔՊ-ական պատգամավորի ելույթի, ըստ որի, «Դաշնակցական երգերով տենց պաթոսի մեջ մեր ժողովրդին պահել եք ու տենց տպավորություն է ստեղծվել, որ մեր բանակն ամենահզորն է եւ որեւէ ուժ չի կարող մեր բանակին հաղթի՞, այն դեպքում, երբ մեր բանակի թիվը պակասել է, 2018-ին մենք ունեցել ենք երկու անգամ պակաս ժամկետային զինծառայող, քան դրանից տասը տարի առաջ էր»։
Ապա Գեղամ Մանուկյանը նշեց, այն Պետրոս Սերեմջյանի հիշատակին մի երգ է գրված՝«Վերքերով լի ջան ֆիդայի», որը վերջին երեսուն տարում շատ է հնչել Հայաստանում, երգվել է Թաթուլ Կրպեյանի համար, Աշոտ Ղուլյանի համար եւ շատ դաշնակցականների շիրիմների մոտ։ «Երգվել է մինչեւ անցնող տարի։ Այդ երգը 44-օրյա պատերազմում բազմաթիվ անգամներ երգվեց։ 18 հոգի զոհվեցին Լյուլասազ կոչվող բլրի պաշտպանության եւ ազատագրման ժամանակ, այն բլուրի, որը իշխանական քարոզիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր՝ ոսկե տառերով է գրվելու, որովհետեւ ամբողջ հյուսիս-արեւմտյան ճակատը պաշտպանվեց դրանով»-ասաց Մանուկյանը։
Նա ասաց, որ Լյուլասազի կռվում զոհվածների դիերը առաջին հրադադարի պահին քսան րոպեի ընթացքում կարողացան հանել․«Հանողներից մեկը իմ որդին էր։ Դաշնակցական երգը դա է, Դաշնակցությունը պատմություն է, երգը պատմություն է, երգը փողով չի գրվում։ Թաթուլի մասին երգը, որ գրվել է, Թաթուլ Կրպեյանի կյանքով է գրվել։ Այդ երգը երգողները եղել են ճակատի գծում մինչեւ նոյեմբերի 23-ը»։
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանն, ակնարկելով իշխող ուժի պատգամավորին, ասաց՝ դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար․«Դավաճան է նա, ով Լոռու մարզում 3 հազար դոլարով ժամանակին փողով ազատվել է եւ այսօր ճվճվում է»։
ՔՊ-ականները պահանջեցին անուններ տալ, ինչին ի պատասխան, Մանուկյանն ասաց՝ անուն-ազգանունով չի ասի, բայց խոստացավ՝ իրավապահ մարմիններին տեղյակ կպահի։
Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ կարող է իրենք էլ են իրենց գործընկերներին քննադատում, ինչպես մենք։
Ապա անդրադառնալով կառավարության հնգամյա ծրագրին, որը պետք է այս նիստերի ընթացքում քննարկվի, Գեղամ Մանուկյանն ասաց՝ բանակի մասին մի քանի մատնանշումներ կան, մի քանի օր շարունակ իշխանական քարոզչամեքենան երկու թեզ է առաջ քաշում՝ ծառայության ժամկետը կրճատվելու է, սահմանապահ զորքերն են սահմանում լինելու, բանակը լինելու է իր տեղակայման վայրերում․«Անվտանգության խորհրդի քարտուղար կա՝ տարած, հետ բերած, օրերս հանրայինով խոսում էր այս մասին։ Սիրելի հայրենակիցներ, ով մի պահ մտածել է՝ վայ, ինչ լավ է, իմ տղան հիմա առաջնագծում դիրք չի կանգնելու շուտով, մեկը մտածում է՝ ինչ լավ է, իմ տղան ապագայում, որ բանակ գնա, երկու տարի չի ծառայելու, ուշադիր կարդացեք կառավարության ծրագիրը՝ աստիճանաբար անցում կկատարվի արհեստավարժ, պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային զորահավաքային զինծառայության կառուցվածքը։ Այս տարվա համար չի այս խոստումը, մյուս տարվա համար էր այս խոստումը։ Երկրորդը՝ հեռանկարում ՀՀ սահմանների պահպանությունը կիրականացնեն սահմանապահ զորքերը, սիրելի հայրենակիցներ, ձեր զավակները գնալու են բանակ, ինչպես հիմա ծառայում է իմ եղբոր որդին, հպարտությամբ են գնալու, նկատի ունեցեք՝ էլի մարտական դիրք են պահելու։ Սա ապագայի համար է գրված»։
Գեղամ Մանուկյանն անդրադարձավ երեկ ԱԺ-ում հոկտեմբերի 27-ի մասին հնչեցրածին, եւ ասաց՝ շատ է խոսվում հոկտեմբերի 27-ի մասին, բայց գործընկերներից շատերը կամ չեն պատկերացնում կամ աղոտ են պատկերացնում այդ օրերը․«Կառաջարկեմ մի փոքր դասընթաց իրականացնել, որին կարող են հրավիրել Գագիկ Ջհանգիրյանին, որն ամբողջ նախաքննությունն է իրականացրել մինչեւ դատարան։ Կարող եք հրավիրել Արամ Զավենի Սարգսյանին, որը հոկտեմբերի 27-ից հետո դարձավ վարչապետ, ինչ ուզեց, արեց մեկ տարի շարունակ։ Կարող եք հրավիրել շատ մարդկանց, Անդրանիկ Քոչարյանին ․․․ Մի հատ լիկբեզ արեք, թե ոնց էին ուզում, որ հոկտեմբերի 27-ից հետո վարչապետը լինի Վահան Շիրխանյանը, գլխավոր դատախազը սիրելի Ջհանգիրյան Գագիկը, ներքին գործերի նախարար Մուրադ Կիրակոսյանը, համակարգող նախարար՝ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջապես Մելքոնյան Գագոյին էլ հարցրեք՝ ո՞նց եղավ, որ Մելքոնյան Գագոն 2000 թվականին ստացավ գեներալ-մայորի կոչում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ