Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր շինարարությունն ապօրինի չէ». «Ֆիզգորոդոկում» կառուցապատում իրականացնող կազմակերպության տնօրեն

Օգոստոս 25,2021 14:22

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանում կառուցապատման նախագիծը և քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը հանրային լայն արձագանք են ստացել:

Շինարարության կասեցման պահանջով բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են՝ իրականացնելով բողոքի գործողություններ, որոնց ընթացքում իրավապահների կողմից կիրառվում է անհամաչափ ուժ: Հանրային և խոշոր կապիտալի շահերի բախման կիզակետում մարդիկ ակնկալում ու դեռևս չեն ստանում պետության աջակցությունը:

«Մի քանի օրվա մեր ակտիվ պայքարից հետո, խնդիրն իսկապես հանրային հնչողություն ստացավ: Խնդրո առարկան այն է, որ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքը կամ «Ֆիզգորոդոկը» իր ուրույն դիմագծով, ճարտարապետական լուծումներով եւ պատմությամբ առանձնանում է, եւ հիմնադրված լինելով Ալիխանյան եղբայրների կողմից, նախատեսված է եղել ինստիտուտի աշխատակիցներ համար… Այսօր եւս այդտեղ բնակվում են ինստիտուտի աշխատակիցների ընտանիքները, ակադեմիկոսների զավակները եւ ոչ միայն: Իր ամբողջականությունը խաթարելու խնդրով Ֆիզիկայի ինստիտուտի բանավանն այժմ կանգնած է ոչնչացման տանող ճանապարհի մեկնարկին»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ֆիզգորոդոկ. բնակիչների պայքարն ու խոշոր կապիտալի շահը» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքացիական ակտիվիստ, Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ Սեդա Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ կառուցապատման առկա նախագիծը ոչ միայն ընդունելի չէ 12 հարկանի շենքի, սեփականաշնորհման ընթացքի կեղծիքների պատճառով, այլեւ նրանով, որ այդ ամենի արդյունքում կսկսվի թաղամասի ամբողջականության կենսագործունեության խաթարում:

Սեդա Գրիգորյանը նշեց, որ բնակչները չեն համարում, թե իրենց խնդիրն ուղղակի կառուցապատողի հետ է, եւ քաղաքացի-կառուցապատող դիսկուրսն էլ կեղծ օրակարգ է: Նրա խոսքով խնդիրը պետական կառույցների անգործության եւ ամենաթողության մեջ է, եւ իր ձեւակերպմամբ` հանրային տարածքի զավթման գործընթացի համատեքստում ընդգծեց հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանի դերը հետհեղափոխական Հայաստանում, մինչդեռ քաղաքապետ Հայկ Մարությանը ժամանակին այլ խոստումներ էր տալիս, որոնցից մի հատված ներկայացվեց տեսագրությամբ:

Փաստաբան Դավիթ Ազիզյանի խոսքով, ի սկզբանե տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գործընթացն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով. «Մենք փորձել ենք սեփական ուժերով բացահայտել այդ խախտումները եւ ներկայացնել իրավապահ մարմինների քննությանը»:

Կառուցապատող կազմակերպության տնօրեն Արթուր Մնացականյանը նշեց, որ նկուղն առկա է տարածքում, թեեւ քաղաքացիները պնդում են, որ ոչ մի նկուղ էլ չի եղել եւ նկուղի անվան տակ է տարածքը սեփականաշնորհվել:

«Երբ կողմը 2018թ. դիմեց ոստիկանություն, տեղազննություն կատարվեց, եւ նկուղի առկայությունը հաստատվեց: Մինչեւ գնելը, մենք ուսումնասիրել ենք բոլոր փաստաթղթերը, ուստի չենք կասկածում, որ որեւէ ձեւով ապօրինություն է տեղի ունեցել: Բերվող փաստարկները զուտ կասկածներ են, որոնք պետք է հիմնավորվեն կամ հերքվեն: Դրա համար կա մեջ ճանապարհ` դատարան, այլ ճանապարհ եւս չեմ կարող տեսնել եւ չեմ ընդունում: Եթե կողմերը դիմել են դատարան, իրենց իրավունքն են փորձում իրացնել, ես միայն ողջունում եմ: Ես էլ որպես երրորդ կողմ մասնակից կլինեմ այդ հարաբերություններին…

Թաղամասը հուշարձան է ճանաչվել, բայց մեզ որպես այդ թաղամասում սեփականություն ունեցող հիմնարկի` չեն ներգրավել: Ես գտնում եմ, որ դա էլ է խախտում: Հուշարձաններ ճանաչելու ընթացակարգ կա` դրանք պետք է անպայման հաշվառվեն, նկարագրվեն, հետագայում, կադաստրի պետական կոմիտեի կողմից գրանցվեն որպես հուշարձան` տվյալ դեպքում ամբողջ թաղամասը: Դա էլ իր հերթին պետության համար որոշակի պարտականություններ է նախատեսում:
Իմանալով, որ մեզ անտեսել են, մեր սեփականության հետ հաշվի չեն նստել, մենք դիմեցինք այդ պետական հիմնարկին եւ պահանջեցինք, որպեսզի հարցը պարզաբանվի»,-ասաց նա:

Կառուցապատող կազմակերպության տնօրենի խոսքով. «Մեր շինարարությունն ապօրինի չէ, խնդրում եմ բոլոր` այս արտահայտությունն արած մարդիկ իմանան, որ դա ապօրինի չէ: Ապօրինի կլիներ, եթե չունենայինք շինթույլտվություն, մնացած դեպքերում թող իրենց ենթադրությունները չբարձրաձայնեն եւ որպես փաստ չներկայացնեն… Դա ստվեր է գցում մեր ընկերության համբավի վրա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031