Այսօր ԱԺ- նիստը երկրորդ անգամ ընդհատվեց ավելի կարճ ժամանակով, քան առաջինի դեպքում էր։ Այս կարճ դադարից հետո իր ելույթը շարունակեց «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«8-րդ գումարման խորհրդարանը շատ ավելի կարճ կյանք է ունենալու, անհամեմատ, քան նախորդը, ու այդ հետհաշվարկը սկսվել է վաղուց։ Անկախ նրանից՝ հունիսի 20-ին վերընտրվեցիք ինչքանով, թե՝ ոչ, սա բռնապետություն է, իրա բռնապետով, եւ դուք այդ նույն նավակի մեջ եք», -ասաց նա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ դժվար է զսպելը եւ չմեկնաբանելը․«Բայց ես ինձ կզսպեմ, բռնապետերի մասով մասնավորապես․․․»։
Կարդացեք նաև
Ապա ընդդիմադիր պատգամավորներն ինչ-որ ռեպլիկներ արեցին, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասաց․ «Ինչքան կուզեմ՝ կզսպեմ, ձեզ կոռեկտ պահեք»։
Նշենք, որ նիստն ընդհատվել էր այս նույն միտքն արտահայտելու ժամանակ, երբ Վահե Հակոբյանն ասել էր, որ այս իշխանությունը երկիրը տանում է բռնապետության, ինչից հետո նիստերի դահլիճում իրարանցում սկսվեց, նույնիսկ հայհոյանքներ հնչեցին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ