Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյան․ «Ռազբորկա» չեմ սարքել, պարոն Օհանյան, երեւի սխալ է եղել, որ «ռազբորկա» չենք սարքել»

Օգոստոս 25,2021 12:24

Խորհրդարանում այսօր կրկին իրավիճակը լարվեց։ Դրա առիթը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթն էր։

Նա իր ելույթում անդրադարձավ նախկին իշխանություններին, մասնավորապես, ասաց․ «Վերջին մեկ օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խմբակցությունների հարցերն ու ելույթները լսելով՝ համ ծիծաղ է առաջանում, համ ամոթ։ Ես չեմ կարում պատկերացնում էլի, մարդ ո՞նց կարա տենց դատողություն ունենա։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խմբակցությունները պարտության ամբողջ բեռը փորձում են բարդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա եւ հիմա ես ուզում եմ ուղղակի թվերով արձանագրեմ, թե ինչ է տեղի ուենցել վերջին երեսուն տարում, որպեսզի սայլը տեղից շարժվի»։

Սարգսյանը որոշ թվեր ներկայացրեց՝ 1990 թվականին ՀՀ բնակչության թիվը եղել է 3,5 միլիոն, 2018-ին՝ 2.9 մլն, շուրջ 550 հազարով պակասել է․ «Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր, ձեր երկուսի ղեկավարների շնորհիվ կամ պատճառով բնակչությունը պակասել է 550 հազարով։ Ադրբեջանի բնակչության թիվը 1990 -ին եղել է 7 մլն, 2018-ին՝ 10 մլն է, աճել է ավելի քան երեք միլիոնով, իսկ մեր բնակչության թիվը պակասել է կես միլիոնից ավել։ Այս ընթացքում Ադրբեջանը զինել է իր բանակը, երբ մենք գնում էինք 80-ականների զենքեր, Ադրբեջանը գնում էր ժամանակակից սպառազինություն, անօդաչու սարքեր։ Երբ մենք պատերազմի ժամանակ դուրս էինք բերում մեկ տանկ, Ադրբեջանը դուրս էր բերում մեր դիմաց տասը, քսան տանկ, երբ մեր սահմանին կանգնած էր մեր զինվորը, մեր մեկ զինվորի դիմաց կանգնած էր տասից ավելի ադրբեջանցիներ, թուրքեր վարձկաններ։

Հիմա այս ամեն ինչը պիտի իրար հետ քննարկե՞նք, հասկանանք՝ մենք ի՞նչ ենք սխալ արել, թե՞ պետք է շարունակ մեղադրենք իրար, եթե մեղադրելով լինի մենք փաստերով, թվերով մի քանի անգամ շատ կարանք ձեզ մեղադրենք , ձեր քաղաքական թիմերի առաջնորդներին։ Բազմիցս թվեր ենք նշել՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին տասը անգամ ավելի շատ զենք է գնվել, ինչո՞ւ չեք արձագանքում, արձագանքեք, ինչո՞ւ չեք ասում, որ ձեր առաջնորդների կառավարման տարիներին ահռելի արտագաղթ է եղել, ու դուք ինչպես վարչապետը նշեց, դուք բազմիցս գնացել եք դրսում բանակցել եք տարածքներ տալու մասին, եկել եք ստեղ ոչ մի թիզ հող, ով հող տալու մասին խոսաց՝ թշնամի ա եւ այլն։ Դաշնակցական երգերով տենց պաթոսի մեջ մեր ժողովրդին պահել եք ու տենց տպավորություն է ստեղծվել, որ մեր բանակն ամենահզորն է եւ որեւէ ուժ չի կարող մեր բանակին հաղթի՞, այն դեպքում, երբ մեր բանակի թիվը պակասել է, 2018-ին մենք ունեցել ենք երկու անգամ պակաս ժամկետային զինծառայող, քան դրանից տասը տարի առաջ էր։

Արցախի գյուղերի մասին որ խոսում եք․․․ Արցախում գյուղեր ենք ունեցել, մարդ ա մահացել, գյուղում մի հատ տղամարդ չի եղել, որ փոսը փորի, կողքի գյուղից են բերել։ Բա սրա մասին խի՞ չեք խոսացել, խի՞ չեք ասել, որ մեր սահմանապահ գյուղերը դատարկվում են»։

Սարգսյանը շարունակելով ելույթն ասաց՝ ֆեյսբուքյան գրառում եք հանում, բերում․ «Պարոն Գեղամ Մանուկյան, ձեր ֆեյսբուքյան գրառումը հանեք, բերեք, որ հանրապետության բնակչության 52% -ին, ովքեր ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, վիրավորել եք, բերեք ցույց տվեք, ասեք՝ ես վիրավորել եմ Հայաստանի բնակչության մեծամասնությանը։ Թե՞ առիթից օգտվում եք, որ վարչապետը մեզ կոչ է արել, ասել է՝ մենք պետք է մնանք կոռեկտության սահմաններում, չպետք է գնանք վիրավորանքների, չպետք է տանք մեկի գլուխը ջարդենք»։

Այս խոսքերից հետո տեղից ռեպլիկ արեցին «Հայաստան» դաշինքից Արթուր Ղազինյանը, հետո՝ ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը, ու շարունակեցին միմյանց ինչ-որ բաներ ասել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որքան էլ փորձում էր հանդարտեցնել, չէր ստացվում։

Հայկ Սարգսյանն ասաց՝ պարզելու բան ունենաք իրար հետ, կպարզեք դրսում, համոզված եմ, պարոն Սուքիասյանն ինչ ասել է՝ պատասխանը կտա։

Սեյրան Օհանյանի ռեպլիկին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց՝ «ռազբորկա» չեմ սարքել, պարոն Օհանյան, երեւի սխալ է եղել, որ «ռազբորկա» չենք սարքել։

Սարգսյանը շարունակեց՝ եթե 2008-ից հետո մեր բանակը զարգանար այն տեմպերով, ինչ տեմպերով զարգանում էր 2018-ից հետո, համոզված եմ, նման աղետալի հետեւանք չէր լինի, տասը տարի կունենայինք պատրաստվելու համար․ «Բանակը քանդելուց թող չխոսեն նրանք․․․պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր այն նախարարները, այստեղ անցած արտահերթի ժամանակ բանակից ազատվելու խոսակցություններ եղան, բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել կամ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են եւ դա բոլոր ժամանակների մասին է»։

Այս խոսքերից հետո իրավիճակը լարվեց։ Սեյրան Օհանյանը արձագանքեց, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց՝ ես քե՞զ եմ ասում, արա՛։ Սեյրան Օհանյանը ջրի շիշը  նետեց Սարգսյանի վրա։ «Խելոք պահի քեզ, արա՛, է»,-այսպես արձագանքեց Սարգսյանը։

Ապա ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, նիստն ընդհատվեց, հայտարարվեց ընդմիջում, սակայն դահլիճում պատգամավորների միջեւ վիճաբանությունն ու միմյանց ուղղությամբ շշեր նետելը շարունակվում էր։

Որոշ Ժամանակ անց ԱԺ-ից եթերը միացավ, Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից, որ նման իրավիճակի են ականատես եղել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031