ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը:
Փաստաթուղթը կնքվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև միջազգային համագործակցության շրջանակում։ Հուշագրի նպատակն է ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով բարելավել հոգեբանական տարրական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի սահմանամերձ համայնքներում: Ծրագիրը կիրականացվի վերապատրաստման դասընթացների միջոցով, որոնց կմասնակցեն սահմանամերձ համայնքների դպրոցներից ընտրված ուսուցիչներ։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք գործողություններ, մասնավորապես՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աջակցությամբ կազմակերպել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Երևանի համապատասխան մասնաճյուղերի անձնակազմի անդամների ընտրություն՝ դասընթացավարների վերապատրաստմանը մասնակցելու և այլ ուսուցիչների համար հետագայում համանման դասընթացներ վարելու համար։ Բացի դրանից՝ կողմերը կիրականացնեն փորձնական վերապատրաստումներ հինգ սահմանամերձ համայնքների դպրոցներում, ինչպես նաև վերապատրաստման դասընթացների բովանդակության և նյութերի ներդրում ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերում։
Համաձայն հուշագրի՝ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի դասընթացի փորձաքննություն և երաշխավորման գործընթաց, իսկ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ մշտադիտարկում և վերապատրաստման դասընթացների արդյունքների վերլուծություն՝ հետագայում դրանց հնարավոր բարելավման նպատակով։
Կարդացեք նաև
Դասընթացները կտևեն օգոստոսից մինչև դեկտեմբեր ամիսը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ