Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմի սկզբից առ այսօր նորից ու նորից փնտրում ենք ապրելու իմաստը. Զավեն Խաչիկյանի «Վերաբերմունք»/«Einstellung» ցուցահանդեսը ներկայացվեց հանրությանը

Օգոստոս 25,2021 12:34

Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում օգոստոսի 24-ին  բացվեց լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի  «Վերաբերմունք»/ «Einstellung» խորագրով ցուցահանդեսը։

Բազմամարդ էր ցուցահանդեսի բացման արարողությունը.  արվեստի գործիչներ,լուսանկարիչներ, լրագրողներ, ուսանողներ, օտարերկրյա հյուրեր։ Ներկաների դրական տրամադրությունը երաժշտական համարներով ապահովեցին «Արեգնազան» կրթահամալիրի տաղանդավոր փոքրիկները։

Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից:

Բացի Զավեն Խաչիկյանի լուսանկարներից, «Einstellung»-ին ներկայացված էին նաև լուսանկարիչներ Անդրանիկ Քոչարի, Արա Գյուլերի, Ռուբեն Մանգասարյանի, Վահան Քոչարի, Հակոբ Բերբերյանի, Հակոբ Պողոսյանի աշխատանքները, ինչպես նաև գեղանկարիչներ Հենրի Էլիբեկյանի, Էդուարդ Խարազյանի, Մուշեղ Մխիթարյանի, Վարդան Թովմասյանի, Վահան Թոփչյանի, պատանի նկարչուհիներ Կարին Բատիկյանի, Անիմարի Խաչիկյանի աշխատանքները:

Ցուցահանդեսի  բացման ընթացքին Զավեն Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, մասնավորապես՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Երևանում  «Գյոթե» կենտրոնին, Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնին, «Կոլաժ» հրատարակչությանը, բոլոր նրանց, ովքեր ժամանակ են գտել այցելելու ցուցահանդեսին։

Նրա խոսքով՝ նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել գերմաներեն լեզվի «Einstellung» («Վերաբերմունք») բառը. ակնադիտական արվեստում ընդգրկուն հասկացություն, որին մանրամասն անդրադարձել է գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը:

«Ներկայացված լուսանկարները նկարվել են պարտադրված համավարակի և պատերազմի օրերին։ Այդ օրերին փակվում էինք տանը, փակում էինք վարագույրները, սակայն դրսում, գրեթե, անշարժության հանձնված մեր կենցաղի թատերաբեմում միայն երեխաներ էին, որ կարծես  թե ասում էին` մեզ մի պարտադրեք ձեր փակվածությունը։  Հետո պատերազմ, ու սկսում ես ներս նայել, ինքդ քեզ.  ով եմ ես, ո՞ւր ենք մենք, ուր հասանք, հողը ոտքերի տակից գնում է, իսկ ազգը՞, լեզո՞ւն… Նորից հետ ես նայում ինքդ քո ու ընկերների հին նկարներին, վերհիշում։ Ամեն ինչ անիմաստ է թվում, սակայն մենք վերնագիր ենք փնտրում, փորձում իմաստ գտնել ամեն ինչի մեջ․․․ Այս ցուցահանդեսը  իմպրովիզացիոն տարրեր է կրում։ Եվ հիմքում այն է, որ բոլորս պատերազմի սկզբից առ այսօր նորից ու նորից փնտրում ենք ապրելու իմաստը»,- ասաց Զավեն Խաչիկյանը։

Նրա կարծիքով լուսանկարչության տեսանկյունից ցուցահանդեսը նորություն է. գույն,  հրաժարում ռեպորտաժից և այլն, հարցեր, որոնք  արվեստաբանական խնդիրներ են շոշափում։ Ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից՝ նոր նկարներից, հիշողության պատից և այլ լուսանկարիչների նկարներից։ Մյուս կողմից՝ Խաչիկյանը փաստում է՝ այս օրերին սխալ է շոուներ անելը, և ինքը հակված է եղել հենց այդպես էլ վարվել։

Նշենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը։ Բացի այդ, ցուցահանդեսի շրջանակում կանցկացվի հանրային քննարկում: Երևանյան ցուցահանդեսին զուգահեռ Գյումրիի Gallery 25 ցուցասրահում օգոստոսի 31-ին կկազմակերպվի ցուցադրություն-քննարկում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031