Լրահոս
Օրվա լրահոսը

Հազուագիւտ աղբիւր, ուր մէկ հրատարակութեան մէջ համախմբուած է Պատմական Հայաստանի, Արեւմտահայաստանի 72 հայկական բնակավայրերու տեղագրութիւնը

Օգոստոս 25,2021 13:04

«Եռագույն». Մոնթրէալի TLC Global հրատարակչատան կողմէ լոյս տեսաւ պատմաբան Թադեւոս Յակոբեանի «Պատմական Հայաստանի քաղաքները» ուսումնասիրութիւնը՝ արեւմտահայերէնի վերծանումով։

Պատմաբան Թադեւոս Յակոբեանի այս աշխատութիւնը կը հանդիսանայ այն միակ հազուագիւտ աղբիւրը, ուր մէկ հրատարակութեան մէջ համախմբուած կրնանք գտնել Պատմական Հայաստանի, Արեւմտահայաստանի 72 հայկական բնակավայրերու տեղագրութիւնը։

Գիրքին մէջ ներառուած են հայկական բարձրաւանդակի այն բնակավայրերը, որոնք մաս կը կազմեն Մեծ Հայքին եւ կարգ մը բնակավայրեր Փոքր Հայքէն։

Գիրքին հեղինակը, ոչ միայն հայկական քաղաքներու տեղագրութիւնն է, զոր ուսումնասիրած է, այլեւ՝ յատուկ նախաբանով մը, պատմական յետադարձ ակնարկով ներկայացուցած է նշեալ տարածաշրջանի հայկական բնակավայրերու գլխաւոր պատմական իրադարձութիւններու ժամանակագրութիւնն ու ընկերային-տնտեսական պայմանները։

Գրքին արեւմտահայերէնի վերծանման խմբագրական աշխատանքներու գլխաւոր խմբագիրն է Վահագն Գարագաշեան, խմբագիրներ՝ Յարութիւն Պէրպէրեան եւ Նորա Բարսեղեան, իսկ սրբագրիչներ՝ Սոնա Թիթիզեան եւ Քրիստափոր Միքայէլեան։

Գիրքը ունի ներդիր տեղագրական քարտէս։

Պատմաբան, աշխարհագրագէտ, պատմական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսոր Թադեւոս Յակոբեան 1963-ին ստացած է պատմական գիտութիւններու փրոֆեսորի կոչում, իսկ 1968-ին՝ Խորհրդային Հայաստանի Հանրապետութեան գիտութիւններու վաստակաւոր գործիչի կոչում։ Մահացած է 1989 Հոկտեմբեր 16-ին: 2013 Հոկտեմբեր 25-ին Երեւանի Պետական Համալսարանի երկրաբանութեան բաժանմունքին մէջ բացուած է լսարան՝ իր յիշատակին:

Թադեւոս Յակոբեանի հիմնական ուսումնասիրութիւններն ու աշխատութիւնները կը վերաբերին Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քաղաքներու պատմութեան։ Գրած է դասագիրքեր Բարձրագոյն Ուսմանց Հաստատութիւններու եւ դպրոցներու համար, կազմած է Հայաստանի քարտէսը (ՆՔ 2-րդ դար – ՆՔ 5-րդ դարու սահմաններով):

Իր աշխատութիւններէն են.

Հայաստանի պատմական աշխարհագրութիւն, պրակ 1, Երեւան, 1951, 189 էջ:

Հայաստանի պատմական աշխարհագրութիւն, պրակ 2, Երեւան, 1952, 272 էջ:

Հայաստանի պատմական աշխարհագրութիւն, պրակ 3, Երեւան, 1953, 344 էջ:

Երեւանի պատմութիւնը (1801-1879 թթ.), Երեւան, 1959, 672 էջ:

Ուրուագծեր Հայաստանի պատմական աշխարհագրութեան, Երեւան, 1960, 480 էջ:

Երեւանի պատմութիւնը (1879-1917 թթ.), Երեւան, 1963, 608 էջ:

Սիւնիքի թագաւորութիւնը (պատմա-աշխարհագրական առումով), Երեւան, 1966, 220 էջ:

Երեւան – 2750 (ՆՔ 782 – ՔԵ 1968 թ.), Երեւան, 1968, 421 էջ:

Հայաստանի պատմական աշխարհագրութիւն (ուրուագծեր), 2-րդ հրտ., Երեւան, 1968, 509 էջ:

Երեւանի պատմութիւնը (հնագոյն ժամանակներէն մինչեւ 1500 թուականը), Երեւան, 1969, 432 էջ:

Երեւանի պատմութիւնը (1500-1800 թթ.), Երեւան, 1971, 524 էջ:

Երեւանի զարգացումը Արեւելեան Հայաստանը Ռուսաստանին միանալէ յետոյ (փաստաթուղթերու ժողովածու 1801-1917 թթ.), կազմող՝ Թադեւոս Յակոբեան, Երեւան, 1978, 492 էջ:

Անիի պատմութիւնը, գիրք 1 (Հնագոյն ժամանակներէն մինչեւ 1945 թուականը), Երեւան, 1980, 416 էջ:

«Հորիզոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031