Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղահովիտի մսուր-մանկապարտեզի փոքր տարածքի պատճառով մոտ 40 նախադպրոցական երեխա դուրս է մնում

Օգոստոս 25,2021 14:00

«Գյուղի բնակիչները շատ են, մանկապարտեզի տարածքը փոքր, որի պատճառով շատ երեխաներ չենք կարողանում ընդունել: Մանկապարտեզը բարվոք վիճակում է, խնդրահարույց հարցեր չկան, միակ խնիդրը դա է: Լավ ու ակտիվ երեխաներ ունենք, սակայն շատ խմբեր չենք կարողանում կազմել, ստիպված բավարարվում ենք քչով: Թե՛ տնօրինությունը, թե՛ աշխատակազմը լավ է աշխատում, սակայն գյուղացիները դժգոհում են, որ մեկի երեխային կարողանում ենք ընդունել, մյուսինին ոչ, բայց խնդիրը մեզանում չի կայանում: Եթե տարածքի հարցը լուծվի՝ շատ հարցերում կշահենք, մեզ պետք է, որ այս խնդրի կողքով անտարբեր չանցնեն ու քայլեր ձեռնարկվեն դրա լուծման համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Գեղահովիտի մսուր-մանկապարտեզի դաստիարակներից մեկը:

Մենք տեղեկություն էինք ստացել, որ գյուղի բնակիչները դժգոհություն ունեն, որ մանկապարտեզի տարիքի շատ երեխաներ դուրս են մնում մանկապարտեզից՝ շենքային պայմաններ չունենալու պատճառով:

«Գյուղի հեռավորությունը Երեւանից 130 կիլոմետր է, ունի 6400 բնակիչ, 3 դպրոց, 1 մանկապարտեզ, որն էլ ունի 3 խումբ, 2-ը՝ նախադպրոցական։ Ամեն տարի առաջին դասարան է ընդունվում միջինում 100 երեխա, սակայն նրանցից 60-ն է ստանում նախադպրոցական կրթություն։ Արդյունքում ամեն տարի բավարար շենքային պայմաններ չունենալու պատճառով ակամայից ոտնահարվում է միջինում 40 երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը։ 2012 թվականին հիմնովին վերանորոգվել է մանկապարտեզի շենքը, կահավորվել խաղահրապարակը, սակայն լրացուցիչ խմբասենյակի կառուցումը կապված է ֆինանսական մեծ միջոցների հետ»,- ասում է մանկապարտեզի տնօրեն Ծաղիկ Սարգսյանն ու հավելում, որ խնդիրն ավելի արագ լուծում կստանա, եթե հայտնվեն բարերարներ։

Aravot.am-ը խոսեց նաեւ երեխաների ծնողների հետ, որոնք նույնպես տարածքի հարցը խնդիր էին համարում:

«Լավ կլիներ, որ խմբերը ավելացնեին, խաղահրապարակը ավելի բարեկարգվեր։ Ընդհանուր առմամբ՝ ես շնորհակալ եմ մեր մանկապարտեզի տնօրինությունից, դաստիարակներից եւ մնացած աշխատողներից։ Ասեմ, որ մանկապարտեզը գնալով բարգավաճում է։ Օգոստոսի 5-ին տղայիս ավարտական հանդես-ցերեկույթն էր, շատ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Ես, որպես ծնող, հիացած եմ մանկապարտեզի աշխատակազմի վերաբերմունքից ու աշխատանքից»,- ասաց երեխաներից մեկի ծնողը՝ Աննա Ոսկանյանը:

Aravot.am-ը զրուցեց նաեւ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Գեղահովիտ համայնքում կան մոտ 260 մանկապարտեզահասակ երեխաներ, որոնց կեսը ցանկություն ունեն մանկապարտեզ հաճախելու, սակայն համայնքի գործող բարեկարգ մանկապարտեզը նախատեսված է 3 խմբի համար 90 երեխաներով: Արդեն խնդրանքով դիմել ենք Գեղարքունիքի մարզպետին գործող մանկապարտեզի շենքին կից եւս մեկ խմբի համար մասնաշենքի ավելացման համար»:

Նշենք, որ համայնքի դպրոցներից մեկը՝ Գեղահովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցը, հիմնովին վերանորոգվում է: Պարոն Պողոսյանի խոսքով, վերանորոգման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա սկզբից եւ ընթանում են բարեհաջող, նախատեսում են սահմանված ժամանակամիջոցում վերջացնել աշխատանքներն ու դպրոցը տալ շահագործման:

Վերջերս էլ համայնքում խմելու ջրի խնդիր էր առաջացել: Բնակիչների խոսքով, խմելու ջուրը մաքուր չէ: «Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ մեզ մոտ բանջարանոցային ոռոգման սեզոնի ժամանակ խմելու ջրի հետ կապված խնդիրներ են առաջանում եւ որոշ դեպքերում խաթարվում է ջրամատակարարումը: Այժմ համայնքում իրականցվում է 900 մլն. ՀՀ դրամի ծրագիր Գեղահովիտ գյուղի ամբողջ ներքին ցանցի արդիականացման, ջրի նոր ջրավազանների կառուցման եւ տեղի բնակիչներին անխափան խմելու ջրով ապահովելու ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղահովիտ համայնքի համայնքապետ Վարդան Պողոսյանը:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել