Ո՜հ, ի՛նչ անուշ եւ ի՛նչպես զով
Առավոտուց փչես, հովի՛կ։
Մկրտիչ Պեշիկթաշլյան
Հարգելի պարոն Հովհաննես Հովհաննիսյան,
Նախ ուզում եմ ասել, որ մեծագույն պատիվ է Ձեր ժամանակակիցը լինելը։ Ձեզ պես հմուտ եւ խորագետ աստվածաբան աշխարհը չի տեսել արդեն մի քանի հարյուր տարի։ Ամեն անգամ, երբ մեդիաներով ու հատկապես Հանրային հեռուստաընկերությամբ ես լսում եմ Ձեր խոսքը, իմ մարմինը հուզմունքից քրտնում է, որովհետեւ անհնար է պատկերացնել, որ նման մեծությունը կարող է ժամանակակից մեդիառեսուրսներով երեւալ.ոնց որ հնարավոր լիներ տեսնել Լյութերին, Կալվինին կամ վերջապես՝ Գոշին։ Մենք ապրում ենք այնպիսի մանր ժամանակներում, երբ աննշան մարդիկ անընդհատ փորձում են ճղճիմ միջոցներով առաջ գնալ, երբ թայֆայականությունը միշտ ավելի բարձր է գնահատվում, քան հայրենիքի շահը, երբ գաճաճ գրագողները փորձում են գրոհել գիտության ու կրթության կաճառները, երբ բարեփոխիչների դիմակ հագած սրիկաները կործանում են հայրենիքը, երբ ի պաշտոնե արժեքների պաշտպանները մտածում են միայն փողի եւ շնության մասին։
Կարդացեք նաև
Մի խոսքով, պարոն Հովհաննիսյան, կարելի էր ասել, որ սա Ձեր ժամանակը չէ, բայց իրականում Դուք եք մեր մանր եւ աղետի ժամանակները բարձրացնողը։ Կանցնի մի քիչ ժամանակ՝ մի հինգ հարյուր-հազար տարի, եւ մեր ժամանակից կմնա միայն Ձեր անունը՝ որպես մարդկության փրկության համար շողացող մի արեգակ։ Եվ ես ուզում եմ ԵՊՀ բոլոր ներկա ու նախկին սերունդների անունից՝ Հրաչյա Աճառյանից մինչեւ Սերգեյ Համբարձումյան, Հակոբ Մանանդյանից մինչեւ վաղվա առաջինկուրսեցին, Ձեզ շնորհակալություն ասել, որ թողել եք աստվածաբանական Ձեր լրջագույն գործերը, դարերի համար մղվող բանավեճերը եւ համաձայնել եք զբաղեցնել Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Ինչ խոսք, դա շատ փոքր ու նեղ աթոռ է Ձեզ պես գիգանտի համար, բայց Ձեր որոշումը հույս է ներշնչում, որ գուցե ԵՊՀ-ն էլ տանեք Ձեր հետեւից, բարձրացնեք 100-ամյա պապիկին եւ հազարամյակների խորքից Ձեր անվան կողքին հիշվի նաեւ ԵՊՀ անունը, գուցե դառնա նաեւ այնպիսի ուխտատեղի, ինչպիսին Նարեկավանքն է, բայց ոչ հարեւան պետության կազմում։
Բայց քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ բացարձակապես բոլոր մարդիկ ունեն որոշակի իրավունքներ (ինչպիսի անհեթեթություն), ես էլ ուզում եմ օգտվել այդ անհեթեթ իրավունքից եւ հրապարակային Ձեզ ուղղել մի քանի հարց։ Իհարկե, կլինեն չար լեզուներ, որոնք կպնդեն, թե հարցեր տալու իրավունքից ես չարամտորեն օգտվում եմ՝ Ձեզ աստվածաբանական լրջագույն խնդիրներից եւ ԵՊՀ ներկայիս իրավիճակով հիանալուց կտրելու համար, բայց հավատացեք.նախ՝ այս հարցերն ունեն շատ երկրային, նույնիսկ կենցաղային նպատակ.սերունդների համար ցրել որոշ բամբասանքներ եւ ամբողջացնել Ձեր վսեմ կենսագրության քիչ լուսաբանված որոշ դրվագներ, ապա նաեւ՝ որպես աննշան եւ վատը տարածող մի մարդ՝ ես էլ եմ տենչում փառքի եւ Ձեզ նամակ գրելը, անկասկած, մի այնպիսի փաստ է, որի շնորհիվ իմ համեստ անունն էլ ինչ-որ կերպ կապրի դարեդար Ձեր անվան կողքին, ինչպես Լուիջի դել Ռիչիոյի անունն ապրում է Միքելանջելոյի նամականիում։ Բայց անցնենք հարցերին։
1.ԵՊՀ որոշ չարամիտ խմբեր տարածում են, որ 2018 թվականի դեկտեմբերի 29-ին Դուք հանդիպել եք ԵՊՀ այն ժամանակվա ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ եւ առաջարկել եք, որ պարոն Սիմոնյանը եւս օգնի նրան, որ Գեւորգ Մուրադյանը դառնա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Դրա դիմաց, ասում են, Դուք Ա.Սիմոնյանին խոստացել եք, որ նա կպահպանի իր պաշտոնը մինչեւ ռեկտորական ժամկետի ավարտը, այսինքն՝ 2020 թվականի մայիսը։ Տարօրինակ զուգադիպությամբ նույն օրը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց ԵՊՀ-ում հայտնաբերված 800 միլիոն դրամի չափով չարաշահումների մասին, ինչին հաջորդեց Արամ Սիմոնյանի ասուլիսը։ Չարամիտ լեզուները, ամեն կերպ փորձելով նսեմացնել Ձեր քաջությունը, պնդում են, որ Դուք այդ օրը չափազանց վախեցած եք եղել եւ նույնիսկ մի նախկին ընկերոջ միջոցով փոխանցել եք պարոն Սիմոնյանին, որ Դուք այդ հայտարարության հետ կապ չունեք։ Հետո Գեւորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ ՀԽ նախագահ, բայց Դուք, այդուհանդերձ, «գցեցիք» Արամ Սիմոնյանին։ Ասեք սերունդներին, որ սա լկտի սուտ է։
2.Ճի՞շտ են, արդյոք, կրթության ու գիտության համակարգի միջանցքներում ուրվականների պես համառ պտտվող այն լուրերը, թե իբր Ձեզ պես առաքինի գործիչը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը մշակելիս անընդհատ շփվել է ԳԱԱ ակադեմիկոսների հետ, նրանց որոշակի խոստումներ է տվել, բթացրել է տարեց մարդկանց զգոնությունը եւ վերջում փաստի առաջ է կանգնեցրել։
3.Հ1-ի եթերում խոսելով ընդհանրապես հոգաբարձու հասկացության մասին՝ շատ դիպուկ նկատեցիք, որ հոգաբարձուները պետք է լինեն այն մարդիկ, որոնք փող են բերում ԵՊՀ։ Խնդրում եմ՝ մի կողմ դրեք Ձեզ այդքան գեղեցկացնող համեստությունը եւ հրապարակեք, թե որպես ԵՊՀ «գլխավոր հոգաբարձու» աշխատած ընթացքում ինչքա՞ն գումար եք Ձեր ձեռքով բերել եւ մուտք արել ԵՊՀ բանկային հաշվեհամարին։ Եվ Ձեզնից բացի՝ մյուս հոգաբարձուները ֆինանսական ինչպիսի՞ հոսքեր են ապահովել համալսարանի համար:
4.Պարոն Հովհաննիսյան, հետաքրքիր է նաեւ.Ձեր «հոգաբարձուական» գործողություններից ԵՊՀ-ն տուժե՞լ է, թե՞ ոչ։ Օրինակ՝ քաղաքական պատվերները դատական վեճերի պատճառ դարձե՞լ են, թե՞ ոչ։
5.Հանրային հեռուստաընկերության եթերում նշեցիք անձնական շահով առաջնորդվելու անթույլատրելիության մասին։ Իրոք, միայն մեծերը կարող են նման պարզ ձեւակերպմամբ խտացնել ասելիքը։ Բայց բնական հարց է առաջանում.անձնական շահ չէ՞ արդյոք այն, որ հատուկ Ձեր «չափսերով» օրենք եւ կառավարության ու նախարարի որոշումներ են կարվում՝ ապականելով կրթության ու գիտության ոլորտը եւ բուհական համակարգը։
6.Մամուլում անընդհատ հրապարակումներ են հայտնվում այն մասին, թե իբրեւ Ձեզ պես մտքի գիգանտը իր դոկտորական ատենախոսության մեծ մասը հմտորեն արտագրել է տարբեր աղբյուրներից։ Դուք Ձեզ գրագող համարո՞ւմ եք։ Եվ ինչպե՞ս կարող է գրագողության մեջ մեղադրվող գիտնականը համալսարանի ուսանողներից պահանջել, որ բարեխիղճ լինեն իրենց ուսանողական աշխատանքներում։
7.Ճի՞շտ են, արդյոք, այն լուրերը, որ Դուք եք մասամբ կազմակերպել ԵՊՀ-ի դեմ ուսանողական եւ ոչ միայն ուսանողական որոշ խմբերի ցույցերը, ապա գիտխորհրդի դահլիճի գրավումից եւ Արամ Սիմոնյանի հոսպիտալացումից հետո գիշերով թաքուն գնացել եք ԵՊՀ, որ ուսանողներին հրահանգեք՝ լքեն դահլիճը, քանի որ որոշ դեսպանատներից զանգել էին վարչապետի աշխատակազմ եւ դժգոհություն հայտնել։
8.Ինչպե՞ս ստացվեց, որ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի նախորդ ընտրություններին հաղթեց ԵՊՀ պաշտոնապես ամենահարուստ մարդը, արդյո՞ք այդ փաստում կոռուպցիոն ռիսկեր չկային։ Դուք՝ որպես այդ ընտրությունների ժամանակ «գլխավոր հոգաբարձու», պետք է, որ իմանաք այս հարցի պատասխանը։
9.Ի՞նչ եք կարծում.արդյոք աշխարհի երեսին գոյություն ունի պատասխանատվություն, թե՞ դա մտացածին բառ է։ Եթե գոյություն ունի, ապա ո՞վ է պատասխանատու նրանում, որ ե՛ւ Գեւորգ Մուրադյանը, ե՛ւ Գեղամ Գեւորգյանը եւ բազմաթիվ այլ նշանակումներ եղել են օրենքի եւ ԵՊՀ կանոնադրության կոպիտ խախտումներով։
10.Երբեւէ 50 դոլար կաշառք վերցրե՞լ եք ուսանողներից։
11.Եվ կոռուպցիայի վերաբերյալ հաջորդ հարցը։ Կոռուպցիա չէ՞ արդյոք այն, որ Ազգային ժողովի պատգամավորը, որն ավելի բարձր աշխատավարձ է ստանում մասնավոր բուհերից մեկից, քան իր պատգամավորական աշխատավարձն է, օրենք է գրում հանրային բուհերի մասին։ Եվ արդյոք տարօրինակ չէ՞, որ այդ օրենքի հակասահմանադրական ճանաչվելուց հետո ոչ մի ձեւի պատասխանատվություն չի ցանկանում կրել։
12.Ճի՞շտ է, արդյոք, այն ստոր բամբասանքը, որ տարիներ առաջ Դուք վեց ամսով գործուղված եք եղել եվրոպական մի համալսարան, բայց չեք հասցրել ժամանակին վերադառնալ եւ Ձեր փոխարեն մի որոշ ժամանակ ուրիշ մարդիկ են ստորագրել ու դաս արել, ապա այդ փաստը բացահայտվել է եւ Սերժ Սարգսյանի եղբայր, նույնպես աստվածաբան, նույնպես ԵՊՀ ռեկտորի հավակնություն ունեցած Լեւոն Սարգսյանը, ում դոկտորականի թղթերի համար Դուք ԵՊՀ միջանցքներում վազվզում էիք, միջնորդել է եւ փրկել Ձեր աստվածաբանական կաշին։
13.Հանրային հեռուստաընկերության եթերում Դուք այն տեսակետը հայտնեցիք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ պետք է լինեն աշխարհում ճանաչում եւ փող ունեցող մարդիկ, օրինակ՝ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը, եւ հանուն դրա պետք է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից հանել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին։ Հետաքրքիր է, այդ մարդիկ միայն այդ պայմանո՞վ են համաձայն ընդգրկվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում, մի՞թե հնարավոր չէր նրանց համոզել, որ ԿԳՄՍ նախարարության քվոտայով եւս հնարավոր է ԵՊՀ ՀԽ անդամ դառնալ, ինչպես դարձել էր Ռալֆ Յիրիկյանը, որը առեղծվածային պայմաններում փաստացի հրաժարվեց իր մանդատից։
14.Եղե՞լ է, արդյոք, այնպիսի դեպք Ձեր կյանքում, որ խառնակչություն անեք եւ հետո պատասխանատվությունը թողնեք այնպիսի խեղճ մարդու վրա, ինչպիսին նախկին նախարար Արայիկ Հարությունյանն էր։
15.Արդյո՞ք այն հանգամանքը, որ բազմաթիվ հանրապետականներ եւ «Հայաստան» դաշինքի անդամներ թաքուն աջակցում են Ձեզ, չի նշանակում, որ ինչ-որ այլ, ավելի մեծ ու չերեւացող, գուցե հետախուզական ուժեր են աջակցում Ձեզ, որոնք բնավ հետաքրքրված չեն ԵՊՀ հզորացմամբ։
16.Հանրային հեռուստաընկերության եթերում ասացիք, որ հնարավորինս շուտ պետք է ընտրվի ԵՊՀ ռեկտոր։ Ինչո՞ւ դա չէիք ասում ու անում այն ժամանակ, երբ Դուք ինքներդ էիք ռեկտոր ընտրելու պատասխանատուն, մի՞թե այն պատճառով, որ թեկնածուների ցուցակում Դուք ինքներդ չկայիք։
17.Երեք տարի շարունակ հերքում էիք ԵՊՀ ռեկտոր դառնալու Ձեր երազանքի մասին, թեեւ ես ինքս դա գիտեի ուսանողախուլիգանական խմբի կողմից ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը գրավելու օրը։ Բացի աստվածահաճո աղոթքներից՝ ուրիշ ի՞նչ կերպ եք փոխելու սուտ խոսողի Ձեր իմիջը։
18.Եղե՞լ է, արդյոք, վերջին օրերին մի այնպիսի դեպք, որ մի շատ հայտնի ընդդիմադիր գործչի խնդրեք, որ միջնորդի եւ հանդիպում կազմակերպի ԵՊՀ ստորաբաժանումներից մեկի ղեկավարի՝ մի չնչին մարդու հետ, բարեկամության խոստումներով եւ աշխատանքից ազատելու սպառնալիքով, բայց այդ չնչին մարդը Ձեր աստվածաբանական էությունը մերժել է, ինչպես դրանից մեկ տարի առաջ մերժել էր դեկան դառնալու Ձեր մեկ այլ ակնարկ-առաջարկը։
19.Ե՛վ ԵՊՀ-ում Ձեզ ներկայացնելու ժամանակ, ե՛ւ Հանրային հեռուստաընկերության եթերում շեշտեցիք, որ ինչ-որ անտիպ ծրագիր ունեք, թե ինչ է պետք անել ԵՊՀ-ի հետ։ Ի՞նչ եք կարծում.արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Ձեզ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելիս հաշվի է առել Ձեր «ԵՊՀ կա ԵՊՀ» ծրագրի դրույթները, թե՞ նա դա արել է հոտնկայս իրեն ծափահարելու եւ նմանատիպ այլ գործողությունների համար։
20.Եվ վերջին հարցս.պարոն Հովհաննիսյան, Ազգային ժողովի դահլիճում Նիկոլ Փաշինյանին հոտնկայս ծափ տվող պատգամավորը ինչպե՞ս է դիմավորելու նրան Երեւանի պետական համալսարանում։
Մի բան է ինձ շատ զարմացնում, ինչքան նախանձ եւ անհեռատես կարող են լինել մարդիկ։ Մանավանդ այն մարդիկ, որոնք նստած են կառավարությունում։ Երբ կառավարության հատուկ նիստում փոփոխվում էր ԵՊՀ կանոնադրությունը, որ համապատասխանեցվի Ձեզ, այսինքն՝ հանվում էին ռեկտորի դոկտոր-պրոֆեսոր լինելու պահանջը, մի՞թե հնարավոր չէր եւս երկու բառ ավելացնել.ԵՊՀ ռեկտորը պետք է լինի աստվածաբան եւ նրա անունը պետք է լինի Հովհաննես։ Իրոք, անհատակ է մարդկային նախանձը։ Ես գիտեմ, որ Ձեր մեծության տեր անձնավորությունը այս մեծարանքի նամակը կարդալուց հետո հապշտապ վերցնելու է փետուրով գրիչը եւ Լյութերի մտքի սրությամբ ու շատ կարճ մի գրությամբ ցիրուցան է անելու արծվի դեմ դուրս եկած ճնճղուկին։ Արեւմտյան քաղաքակրթությունը փոխած Վերածննդի դարաշրջանը պայմանականորեն սկսում են Պետրարկայի նամակներից մեկով, որտեղ պոետը նկարագրում է մեղմ հովիկը եւ դա համարում աստվածային։ Ես վստահ եմ, որ Դուք հենց այդ մեղմ հովիկն եք, որից սկիզբ է առնելու Երեւանի պետական համալսարանի Մեծ Վերածնունդը։
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն
Գևորգ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ
Պատրաստ ենք տպագրել նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի տեսակետը:
«Առավոտ» օրաթերթ
24.08.2021