Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի պահանջն անտեսվում է, Մոսկվայի ու Բաքվի պլաններն իրագործվում են

Օգոստոս 25,2021 12:00

Ռուսական կողմին հաջողվեց Հայաստանին ու Ադրբեջանին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ

Պաշտոնական Բաքուն եւ Անկարան միահամուռ ուժերով Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակված համարելու ուղղությամբ աշխատանքներ տանելու հարցում փորձում են միջազգային հանրությանը նոր մթնոլորտի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրներին «ընտելացնել»: Այսպես, ժամանակ առ ժամանակ սահմանային լարվածություններով, միջադեպերով, կրակոցներով, սրացումներով թե՛ մեր հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը կարծես «թմրեցնելու» քաղաքականություն է տարվում: Եվ այստեղ չափազանց կարեւոր է, թե պաշտոնական Երեւանը որքանով է զգոն լինելու, ու ըստ այդմ, որքանով է միջազգային հանրության «զարկերակը» պահելու թե՛ Լեռնային Ղարաբաղի՝ չհստակեցված կարգավիճակի, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերի վրա:

Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից մենք պարբերաբար լսում ենք ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման վերաբերյալ հիշեցումներ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետեւանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռեւս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետեւանքների եւ մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում օրերս նշել է Լին Թրեյսին: Անդրադառնալով անվտանգության եւ սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին նշել է, որ դրանց հետ կապված իր կարծիքը հայտնել է, մի քանի անգամ էլ դիրքորոշումներ են հնչել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունից. «Թերեւս, գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, եւ ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի եւ որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»:

Արցախի հարցում ակտիվություն շարունակում է դրսեւորել նաեւ Ֆրանսիան: Օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել էին իրավիճակը տարածաշրջանում: Նրանք շեշտել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար: Նկատենք, որ այս հեռախոսազրույցից 3 օր առաջ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահի հետ: Պուտինն ու Մակրոնը քննարկել էին նաեւ ղարաբաղյան խնդիրը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը: «Վլադիմիր Պուտինը, նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքը», – հաղորդեց Կրեմլը: Մոսկվան նաեւ ընդգծեց, թե Մակրոնի եւ Պուտինի զրույցի ընթացքում «արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է», թեեւ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները մի քանի շաբաթ է` չեն դադարում, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ ունեցավ: Ելիսեյան պալատը, մինչդեռ, արձանագրել էր. «Նախագահ Մակրոնը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության վերսկսման կապակցությամբ»: Վլադիմիր Պուտինն, իր հերթին, փոխանցել է Մակրոնին, թե «քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերը վերականգնելու եւ բնակչության մարդասիրական կարիքները հոգալու ուղղությամբ», – նշում էր Ռուսաստանի նախագահական նստավայրը:

Ռուսաստանը թեեւ չի կտրում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցության թելերը, սակայն մյուս կողմից՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ տանում է առանձին աշխատանքներ՝ եռակողմ ձեւաչափով: Մոսկվային հաջողվեց երկամսյա դադարից հետո կրկին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների բանակցություններ կազմակերպել: Ի դեպ, հիշեցնենք, որ հուլիսին ներկայացնելով ղարաբաղյան խնդրի շուրջ իրավիճակը՝ Պուտինը Մակրոնին ասել էր, թե՝ «ստեղծվել են նախադրյալներ տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման համար»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, ապա այն առայժմ անորոշ է: Փաստացի թե՛ Ֆրանսիայի նախագահը, թե՛ Ռուսաստանի առաջնորդը հակառակն են պնդել. «Երկու նախագահները ցանկություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը ղարաբաղյան խնդրի տարբեր ասպեկտների կարգավորման ուղղությամբ, նախ եւ առաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբում», – արձանագրել էր Ռուսաստանի նախագահական նստավայրը: Ելիսեյան պալատն իր հերթին հաղորդեց, որ երկու նախագահները վերահաստատել են Մինսկի խմբի առավել մեծ դերակատարությանը հասնելու իրենց միասնական հանձնառությունը, որի նպատակն է հանգել տեւական լուծումների` անցած տարվա պատերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնություններից հետո:

Մոսկվան մի քանի անգամ կարեւորել էր եվրոպացի դաշնակիցների, մասնավորապես` Ֆրանսիայի սերտ ներգրավումը ռազմական գործողություններից տուժած բնակչության մարդասիրական խնդիրների լուծման հարցում: Անցյալ շաբաթ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բեռնափոխադրումներով զբաղվող ռուսաստանյան ընկերություններին կոչ արեց ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին: «Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքի նկատմամբ, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ», – ասել էր Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը միաժամանակ կարեւորել է, որ Ղարաբաղի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ:

Իսկ թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ ՌԴ փոխվարչապետի համանախագահությամբ հերթական աշխատանքային նիստում, պարզ չէ: Երկար դադարից հետո Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի կառավարությունը հայտնեց, որ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Շահին Մուստաֆաեւն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը։

Հիշեցնենք, որ եռակողմ խումբը դադարեցրել էր աշխատանքներն ամիսներ առաջ, երբ ադրբեջանական զորքը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածքներ՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, թե «նման իրավիճակը նպաստավոր մթնոլորտ չի ստեղծում՝ բանակցությունները շարունակելու համար»։ Վերջերս, սակայն, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում պնդեց, թե անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները. «Կարծում եմ` պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձեւաչափում եւ լինենք առավել ակտիվ ու նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն եւ տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»։

Այսպես, ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկացանք, որ երեք երկրների ներկայացուցիչները վերսկսել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները: Վստահաբար, Մոսկվային հաջողվեց Հայաստանին ու Ադրբեջանին այս փուլում նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, այն պարագայում, երբ պաշտոնական Երեւանի պահանջը՝ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է լքեն ՀՀ տարածքը, չի կատարվել:

Չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին Ալիեւի կողմից սուր գնահատականներ չհնչեն, որոնց ականատեսը դարձանք՝ մինչեւ եռակողմ հանդիպման անցկացումը: Ստացվում է, երբ Ալիեւը Հայաստանի ուղղությամբ քննադատության չափաբաժինը մեծացնում է՝ պաշտոնական Երեւանը ստիպված է լինում ինչ-որ զիջման գնալ, թեկուզ՝ Մոսկվայի խնդրանքով կամ պահանջով:

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031