Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե կարողանայի փոփոխել ինչ-որ բան, օրը կդարձնեի 26 ժամ, շաբաթն էլ՝ 8 օր»

Օգոստոս 25,2021 12:30

Մեր զրուցակիցն է աստվածաբանության մասնագետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչ Գոռ Գալստյանը

– Գոռ, ինչո՞ւ հենց աստվածաբանությունն ընտրեցիք որպես մասնագիտություն։ Ի՞նչ է փոխել կամ զարգացրել ձեր մեջ։

– Ինձ շատ հաճախ տրվող հարցերից է, որին պատասխանում եմ մեծ ոգեւորվածությամբ ու հպարտությամբ:

Դեռեւս դպրոցական տարիներից մեծ սեր եմ ունեցել դեպի հայագիտական առարկաները, մասնավորապես շատ եմ սիրել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Մշտապես մասնակցել եմ տարատեսակ առարկայական օլիմպիադաների, որոնք էլ  ավելի մեծացրին իմ սերը դեպի Հայոց եկեղեցին, դեպի իմ հայրենիքը: Այս ամենից հետո ինձ հարկավոր էր այնպիսի մասնագիտություն, որն ինձ կօգներ առավել խորացնելու իմ գիտելիքները Հայոց եկեղեցու պատմության, հայ աստվածաբանության եւ կրոնների պատմության վերաբերյալ: Այսպես, ընտրեցի ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը, որտեղ պիտի անցներ իմ կյանքի հաջորդական փուլերը: Իսկ այսօր, երբ սովորում եմ արդեն նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, առավել խորն եմ նայում հարցին եւ հասկանում, որ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը միակն է աշխարհում, որտեղ դասավանդվում են հայ տեսական ու պատմական աստվածաբանական գիտությունները՝ ուսանողներին տալով բացառապես աշխարհիկ գիտական կրթություն: Փաստորեն, տարիներ առաջ ոչ ամբողջական գիտակցմամբ կատարած քայլը կարեւոր դեր ունեցավ անձի կայացման, աշխարհայացքի զարգացման եւ երեւույթներին բազմակողմանի մոտեցում ցուցաբերելու գործում:

– Երբվանի՞ց եք դասավանդում, ու առհասարակ դասարան մտնելը ձեզ համար…

– Դասավանդում են 2018 թվականից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Ես պատկանում եմ այն քիչ երջանիկների թվին, ում համար աշխատանքը մեկտեղվում է հաճելիի հետ: Դպրոցում աշխատելը հնարավորորություն է տալիս գիտակցել, որ ես իմ փոքրիկ ներդրումն եմ ունենում Հայաստանի ապագայի կայացման գործում: Ցանելով բարի եւ ճիշտ գաղափարային սերմեր աշակերտների մեջ՝ կուզենամ վստահ լինել, որ մեր երկրի ապագան կլինի  արժանահավատ ձեռքերում: Դասարան մտնում եմ մեծ ոգեւորվածությամբ, հետաքրքիր դաս անցկացնելու երկյուղածությամբ, ներքին ինքնավստահությամբ: Դասարանն այն տեղն է, որտեղ ես ուղղակի մոռանում եմ իմ բոլոր խնդիրների մասին: Դասավանդելն ինձ օգնում է անընդհատ աշխատել ինձ վրա, միշտ նոր բաներ սովորել, որովհետեւ ամեն ինչ շատ արագ է փոխվում, պետք է քայլել ժամանակին համընթաց: Եվ որ ամենակարեւորն է, սովորեցնելուց զատ բազմակի սովորում եմ իմ աշակերտներից:

– Երիտասարդական կյանքի ընթացքն ինչպես կգնահատեք։ Ի՞նչ է պակասում, ինչպե՞ս վերականգնել։

– Իմ երիտասարդական կյանքն անցում է բավականին բուռն, քանի որ միաժամանակ սովորում եմ երկու տարբեր բուհերում (սովորում եմ նաեւ ՀՊՄՀ Բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում)՝ դրանք համատեղելով դասավանդման հետ: Այն, ինչ միշտ պակասում է, ժամանակն է: Եվ եթե կարողանայի փոփոխել ինչ-որ բան, օրը կդարձնեի 26 ժամ, շաբաթն էլ՝ 8 օր:

– Դուք նաեւ տարվա Լավագույն ուսանող եք ճանաչվել…

– Այո, «Տարվա լավագույն ուսանող-2020» հանրապետական մրցույթում Հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրատուրայի կրթական ծրագրում ճանաչվել եմ հաղթող՝ արժանանալով առաջին կարգի մրցանակի: Այս հաղթանակը նախորդած ծանր ժամանակներից հետո ինձ ապրեցնող եւ առաջ մղող կարեւոր գործոն եղավ: Այն դարձավ իմ կյանքի այս շրջափուլի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որն ինձ մինչեւ այսօր օգնում եւ մոտիվացնում է ունենալ մեծ երազանքներ ու նպատակներ եւ որոնել դրանց հասնելու եղանակներ:

– Աստվածճանաչողությունն Աստծո հետ ընդհատվող հանդիպումների ընթացք է։ Համաձա՞յն եք։

– Կարծում եմ՝ աստվածճանաչողության բարդ ընթացքը անընդհատ կատարվող երեւույթ է: Յուրաքանչյուրս մեր կյանքի ամեն մի պահի պետք է ամեն ինչ անենք աստվածճանաչողության հասնելու համար: Դրա համար առաջնահերթ պիտի ինքներս մեզ ճանաչենք, մեր կյանքի հաջորդական փուլերին ապրենք այնպես, որ արժանանանք այդ իրողությանը: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ինչքան էլ այս դժվարին ընթացքին լինեն խոչընդոտներ եւ բարդություններ, մենք ամեն բան պետք է անենք՝ անընդհատ պահելու մեր ձգտումն ու ջանքերը՝ հասնելու կատարելության:

– Ի՞նչ է պակասում երիտասարդության լայն շերտին՝ բարեպաշտ կյանքով ապրելու համար:

– «Արա դիմացինին այն, ինչ կկամենաս, որ մարդիկ քեզ անեն»,- ասում է Նոր Կտակարանը:  Եթե յուրաքանչյուր ոք ապրի՝ Ոսկե կանոնի կրողը լինելով, հավատացա՛ծ եղեք, ամեն բան կընթանա իր հունով, եւ մենք կունենանք բարեպաշտ հասարակություն: Իսկ այս գիտակցմանը հասնելու ճանապարհն սկսվում է կրթությունից: Այսինքն՝ խնդրի լուծման առաջնահերթությունը կապված է լավ եւ որակյալ կրթություն ստանալու հետ, որը պիտի խարսխված լինի ազգային արժեքներին՝ ազգ, ընտանիք, պետություն, եկեղեցի, լեզու, պատմություն, մշակույթ եւ այլն…

– Ի՞նչ պետք է սերմանել այս օրերին` բարի պտուղների ակնկալիքով:

– Բարություն եւ շատ սեր: Ամեն մեկս պիտի լինենք առաքյալներ եւ ուսուցիչներ՝ բարություն եւ սեր քարոզելով բոլորին, բայց ոչ թե խոսքով, այլ գործով. սեր առ հայրենիք, սեր առ Աստված, սեր առ ընտանիք, սեր առ ընկեր, սեր առ եկեղեցի, սեր առ լեզու, սեր առ …շուրջբոլորը: Անտարբերությունը չարիք է, որը հանգեցնում է մոլորակի աղետների մեծ մասին: Եթե սիրենք բնությունը, եթե սիրենք մադկանց, սիրենք մեր հայրենիքը, մոլորակը, վստահաբար հոգ կտանենք նրանց համար, որը միանշանակ կնվազեցնի պատերազմների, սովի, երաշտի եւ այլ աղետների թիվը:

– Ամառային թեժ ընթերցանության շրջան է։ Ի՞նչ եք կարդում այս օրերին եւ ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

– Բավականին ծանր ուսումնական տարվանից նոր-նոր թեթեւացած՝ սկսել եմ վերընթերցել  իմ սիրած գրքերը եւ կարդալ նորերը:  Մեր ընթերցողներին խորհուրդ կտամ պարտադիր կարդալ Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար»-ը, Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն»-ը, Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա»-ն: Շատ կուզենամ, որ մարդիկ սկսեն ընթերցել Աստվածաշունչ մատյանը՝ անկախ իրենց կրոնական պատկանելությունից, քանի որ Աստվածաշունչն ուսուցողական, բարոյական կերպար կերտող կոթող է:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031