Ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, «Armenian Fund» ու «Ժոզեֆ և Ալիս Դորյանների» ընտանեկան հիմնադրամների միջոցներով այսօր Գյումրու Մուշ թաղամասում Գյումրու փոխքաղաքապետերի, հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ բնակարաններ նվիրեցին պատերազմում նահատակված երկու զինծառայողների՝ Արա Մկրտչյանի ու Հովհաննես Խաչատրյանի ընտանիքներին։
Բնակարանները գեղեցիկ հարդարված էին, կահավորված։ Երկու ընտանիքն էլ բնակվում էին տնակներում, ընդ որում մեկը՝ Հովհաննես Խաչատրյանի կինն ու երկու զավակները վարձով էին ապրում։
Բնակարանները երկու սենյականոց են։
Կարդացեք նաև
Այսօր տեղի ունեցավ բնակարանամուտը ու տնօրհնեքի կարգը։ Տնօրհնեքի կարգ անցկացնող հոգևորականը, որը խրոխտ ելույթ էր ունենում, մխիթարում, աղոթք բարձրացնում առ Աստված հայ ազգի, սգացող մայրերի, վիրավոր, գերեվարված զինվորների ու Հայոց բանակի համար, միաժամանակ հազիվ էր զսպում արցունքները զոհված զինծառայողների անուններն արտաբերելիս, ձայնը դողում էր հայրենիքի մասին խոսելիս։
Նա մի քանի րոպեի ընթացքում ներկաներին վարակեց հավատքով, հայրենասիրությամբ։ Ուրախությունն ու արտասուքը միախառնվել էր, մեկ լացում էին, մեկ ուրախանում։
Հոգևորականն հորդորում էր բոլորին աղոթել, նա տիրոջից խնդրում էր օգնել լուսավորել հայոց ազգին ու վերամիավորել դեպի հաղթական նոր Հայաստան կերտելու, լիարժեք ազատագրելու Արցախը ու պահպանելու բիբլիական Հայաստանը։
Հովհաննես Խաչատրյանի այրին՝ Ջուլիետա Մելիքյանը, պատմեց, որ ամուսինը 9 տարի ծառայում էր ՀՀ զինված ուժերում, շատ դժվար օրեր են տեսել, սակայն երջանիկ են ապրել։ Հովհաննեսը եղել է իր ընկերը, որի հետ ամուսնացել է ծնողների կամքին հակառակ։ Նրանք տնակում երկու զավակների հետ ապրել են վարձով։
«Երբ պատերազմը սկսվեց, ամուսինս արդեն դիրքերում էր։ Գնաց Ջաբրայիլ, ընկերները զոհվեցին, ամուսինս դիրքի ավագն էր, ընկերներին բերեց, հուղարկավորեց ու երբ խնդրեցի՝ էլ չգնա պատերազմ, կտրուկ մերժեց։ Ասաց՝ այնտեղ իմ ընկերներիս եմ թողել, 18 տարեկան տղաներ են կռվում, նստեմ, սպասեմ՝ թուրքը ե՞րբ պիտի հասնի։
Ամուսինս երազում էր երեխաներին հիփոթեքով տուն ու մեքենա վերցնել մասին, հիմա իր երազանքը ես եմ կատարելու։ Ես շատ խեղճ էի, ամուսնուս մահից հետո ուժեղ կին եմ դարձել»,- ասաց Ջուլիետա Մելիքյանը։
Արամ Մկրտչյանի ընտանիքն էլ բնակվում էր կնոջ մոր տանը։ Հերոսի այրին՝ Պառշկովա Ռեմն ասաց, որ երբեք չեն էլ պլանավորել բնակարան գնելու, քանի որ հազիվ երեք երեխաներին էին պահում, ամուսնու աշխատավարձը շատ ցածր էր։ Երրորդ երեխան ծնվել է հոր մահից հետո։
«Դորյաններ»-ի հիմնադրամի տնօրենը Մինաս Արաբյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը Գյումրիում պատրաստվում է նաև վերականգնողական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոններ հիմնել։
Նա ասաց, որ հիմնադրամը Գյումրիում սոցիալական ծրագրեր է իրականացրել արցախյան պատերազմի ժամանակ․ մասնավորապես աջակցություն է ցուցաբերվել Արցախից տեղահանված անձանց ու զինծառայողների ընտանիքներին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ