«Ուզում եմ շատ հստակ հայ ժողովրդին ներկայացնեք, որ բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից գոյություն ունի նաեւ առանձին հուշագիր, որով կարգավորվում են Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհները, այսինքն՝ ինչպես պետք է այնտեղ երթեւեկություն տեղի ունենա»,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպիսի հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ըստ նրա՝ Սյունիքի սահմանները պահող ինքնապաշտպանական ջոկատները դեկտեմբերի 17-ին ստիպված են եղել թողնել բարենպաստ դիրքերը, դուրս գալ Կովսականի եւ Սանասարի շրջաններից, որոնց՝ Ադրբեջանին հանձնելու մասին, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսք չկա։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Նախորդ գումարման ազգային ժողովում մենք այդ թեմային մի քանի անգամ անդրադարձել ենք։ Եվ Ձեր ասած իրադարձությունների նախորդող շրջանում եւ հեռուստատեսային ուղերձում անդրադարձել եմ խնդրին եւ լուծմանը եւ լուծման ճանապարհներին։ Ուրեմն ես ասում եմ, որ այն իրավիճակը, որը մենք այսօր տեսնում ենք, այո, այդ որոշումը կայացվել է՝ գնահատելով անվտանգային իրավիճակը եւ անվտանգային մարտահրավերները։
Կայացրած որոշումների արդյունքում որոշակի իրադրության փոփոխություն է տեղի ունեցել, բայց հաջողվել է նաեւ պահպանել որոշակի կայունություն այդ տարածաշրջանում եւ ես կարծում եմ, որ դուք էինք ընտրություններից առաջ անընդհատ սյունեցիների անունից տարբեր հայտարարություններ անում եւ կարծում եմ, որ սյունեցիները այս ընտրություններում իրենց քվեարկությամբ գնահատական տվեցին ընտրություններից առաջ հնչած բոլոր հայտարարություններին»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ