«Այն, ինչ տեղի ունեցավ, զարհուրելի էր, երբ ռազմական, զինվորական համազգեստով մի քանի տասնյակ տղամարդիկ ուղղակի հարձակվել էին մի աղջկա վրա և փորձում էին հեռացնել. տղամարդուն, հային ոչ վայել վարքագիծ»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը` անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին ԱԺ նիստերի դահլիճից դուրս հրավիրելուն և նրա նկատմամբ բռնություն գործադրելուն:
Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա ասաց. «Դա տեղի ունեցավ հիմնական զեկուցողի արտահայտությունից հետո, որ քիչ են անում, շատ պիտի անեն: Ես դա համարում եմ սադրանք, հրաման՝ անցնելու գործողությունների»:
Արթուր Ղազինյանը նշեց՝ քանի որ առաջին շփումն է Նիկոլ Փաշինյանին կդիմի «դուք»-ով, ինչը կապ չունի իր անձի հետ, այլ զուտ նրա զբաղեցրած պաշտոնի և նրան ձայն տված քաղաքացիների նկատմամբ հարգանքի:
Նա հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանը համաձա՞յն է այն կարծիքներին, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ. նախկիններն են նրա գլխին ջարդել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես Ձեզ դիմում եմ դուք-ով ի հարգանք ՀՀ ԱԺ-ի, ՀՀ քաղաքացիների և ընդհանրապես մարդու: Ես սովոր չեմ՝ մանավանդ պաշտոնական շփումների ժամանակ խոսել դու- ով: Դուք ասացիք, որ պաշտոնը զբաղեցնում եմ ժամանակավոր, դուք էլ ձեր պաշտոնն եք զբաղեցնում ժամանակավոր»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուրախ է՝ հնարավորություն կա ստեղծել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով, որը կտա պատասխաններ:
Արթուր Ղազինյանն արձագանքեց. «Ձեր հնչեցրած պատասխանում մեծ հաշվով չստացվեց այն, բայց անուղղակի ձևով հաստատվեց մեծ հաշվով, որ ձեր գլխին ոչինչ չի կոտրվել, և Դուք ունեիք հնարավորություն կանխելու այն, ինչ տեղի ունեցավ: Իմը կարծիք չէ, համոզմունք է, որը տրված է փաստաթղթով: Ես ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին պետական դավաճանության համար: Դատախազությունը օրենքի խախտումով ընթացք չի տվել այդ քրեական գործի հարուցմանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ