«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Աժ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ նոյեմբերի 9-ից հետո հանրային լայն շրջանակներում նրա գործունեությանը տրվում են գնահատականներ, որոնք քաղաքական բաղադրիչ ունենալով հանդերձ՝ պարունակում են կոնկրետ քրեաիրավական որակումներ:
Պարոն Մինասյանն ասաց. «Տեղի ունեցած իրադարձություններն արձանագրում են, որ դուք օժանդակություն եք ցուցաբերում մեր թշնամիներին՝ ադրբեջանական եւ թուրքական պետություններին, կազմալուծել եք ներքին եւ արտաքին անվտանգություն, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգը: Վարել եք գաղտնի բանակցություններ, երկիրը ներքաշել եք պատերազմի մեջ: Չարաշահելով ձեր լիազորությունները՝ ձեզ եք վերագրում հրամանատարի գործառույթներ, ունեցել եք գրավոր եւ բանավոր պայմանավորվածություններ, որի արդյունքում ունենք հարյուր հազարավոր կիլոմետր տարածքների մշակույթի արժեքների, կրթահամալիրների կորուստներ: Այս ամենը Քրեական օրենսգրքում ներկայացվում է որպես՝ վնասարարություն, պետական գաղտնիքի հրապարակում, պաշտոնական լիազորությունների անցում կամ չարաշահում եւ ի վերջո պետական դավաճանություն: Եթե դուք հետեւողականորեն խորշում եք այս բառերից՝ «հողատու», «դավաճան», արդյոք ի՞նչ անուն կտաք այս գործողություններին»:
Արծվիկ Մինասյանը նաեւ հարցրեց՝ արդյոք Փաշինյանը պատրա՞ստ է դավաճանության հոդվածով ներգրավել այս գործի քննության մեջ:
«Եթե դուք խոսում եք հանցագործության մասին, հիմա դատական գործընթաց է գնում ձեր կուսակից Պողոս Պողոսյանին զուգարանում անզգուշ քաշքշելու հետեւանքով սպանության վերաբերյալ, եւ դուք 10-12 տարի այդ սպանության մասին չեք էլ բարձրաձայնել, որ ձեր կուսակից ընկերոջը ծեծելով սպանել են «Պապլավոկի» զուգարանում: Ինչ վերաբերում է գաղտնի բանակցություններին, ես որեւէ մեկի հետ գաղտնի բանակցություն չեմ վարել, բանակցությունները միշտ եւ բոլորի ժամանակ կոնֆիդենցիալ են եղել»,-ի պատասխան ասաց վարչապետ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է՝ «դավաճան», «հողատու» մեղադրանքներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ ամբիոնից պատասխանել է՝ ասելով՝ «հողատուն», «կապիտուլյանտը», «դավաճանը» դուք եք:
Նրա խոսքով. «Եվ ասել եմ ժողովուրդ ջան մենք գալիս ենք ձեր դատի առաջ կանգնելու եւ ժողովուրդն իր քվեարկությամբ որոշել է հողատուն, դավաճանը կապիտուլյանտն ով է, եկեք հանգիստ նստենք ձեր տեղը»: Վարչապետը կոչ արեց հանդարտվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ