«Եթե այդպես լիներ, պատերազմից առաջ և երեք տարվա ընթացքում մեր կառավարությունը այն տարածքները զիջելու որոշում կկայացներ, որի զիջման մասին 25 տարի տեղի է ունեցել բանակցային գործընթաց»,- ՀՀ ԱԺ-ում պատասխանելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին՝ արդյոք մեր հայրենակիցները կարո՞ղ են ենթադրել, որ հաջորդ իսկ պատերազմի վտանգի պայմաններում պատերազմը կանխելու համար ՀՀ-ից կամ Արցախից տարածքներ կարող են նոր շրջանում հանձնվել, այսպես հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տիգրան Աբրահամյանը հիշատակեց Հին թաղեր, Խծաբերդ, Կովսական և այլ բնակավայրեր, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով չէին նախատեսվում հանձնել, բայց դրանք հանձնվեցին:
Նա վստահեցրեց՝ բանակցային գործընթացի ողջ ընթացքում հայկական պատվիրակությունը երբեք չի վիճարկել Ձեր հիշատակած տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը: Խոսվում է ուրիշ տարածքների զիջման մասին՝ նոյեմբերի իննից հետո: Նոյեմբերի իննից հետո զինված ուժերը հետ են քաշվել այն տարածքներից, որը պարոն Աբրահամյանի ներկայացրած կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը 2010-ին ընդունել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենք, որով այդ տարածքները ճանաչվում են Ադրբեջանի անբաժանելի մաս: Այն մարդիկ, որոնք կողմ են քվեարկել այդ օրենքին, կամ որոնց ծնողները հենարան են դարձել օրենքի ընդունման համար, էսօր ասում են՝ Արցախի տարածքների 70 տոկոսը կորսվել է: Ձեր հիշատակած յոթանասուն տոկոսի ութսուն տոկոսը ընդունել եք որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ