Այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո ինչ ասես ասել է՝ «Շուշին դժգույն քաղաք է», արդարացրել է հանձնված տարածքները եւ այլն, ապա հարց ուղղեց՝ կարո՞ղ եք ասել, որ Շուշին ու Հադրութը ժամանակավորապես օկուպացված են Ադրբեջանի կողմից:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մեր ասելիքը ձեւակերպված է կառավարության ծրագրում եւ, եթե դուք լսեցիք, ես ասացի, որ կառավարության ծրագիրը ձեւակերպված է այն առավելագույնս համապատասխանեցնելու համար բանակցային մթնոլորտի եւ միջավայրի վերականգնմանը եւ Հայաստանի հանրապետության եւ Արցախի շահերը պաշտպանելուն: Դուք ասում եք՝ հայտարարություններով սպառնալիք եք ստեղծում մեր բոլոր անվտանգության համար, հիմա ձեր նպատակը ի՞նչ է, որ ես հայտարարություն անեմ, որով սպառնալիք ստեղծվի Արցախի եւ Հայաստանի հանրապետության անվտանգության համար: Սա ռազմահայրենասիրական թեմաներով ելույթներ ունենալու երեկույթ չէ: Մենք շատ լուրջ հարց ենք քննարկում եւ մեր հայտարարություններն ունեն ուղղակի ազդեցություն տարածաշրջանում միջավայրի եւ ռազմաքաղաքական իրադրության վրա: Ես ասել եմ, որ Հայաստանի քաղաքացիներից ռազմահայրենասիրական ոտանավոր ասելու մանդատ չեմ ստացել, այլ ստացել եմ մանդատ՝ Հայաստանի հանրապետության համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու եւ ես անշեղորեն գնալու եմ այդ ճանապարհով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ