«Ձեր ելույթում հեռուն գնացող եզրակացությունների տեղիք տվող հայտարարություններ արեցիք: Խոսքն այն է, որ դուք պատերազմի սանձազերծումը համարեցիք հետևանք՝ մեր ոչ հստակ դրքորոշումների Ղարաբաղի հետ կապված, որ մինչև հիմա ունեցել ենք: Բայց այդ շփոթը առաջացել է ձեր ժամանակ»,-ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նա փաստեց՝ հայ ժողովուրդն արձանագրել է՝ ինչպես է պատրաստ լուծել այդ հարցը. դա եղել է հանրաքվեներով, հռչակագրերով. «Հերթականությունը հստակ է եղել՝ կարգավիճակ, հետո՝ տարածքներ: Դուք սկզբից եկաք և խոսեցիք անկախության տեսակետից, որ չեք կարող ներկայացնել Ղարաբաղը, քանի որ նրա կողմից չեք ընտրվել, հետո ասացիք՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ: Միաժամանակ միացումն ու անկախացումը հակադրվում են, իսկ հաջորդաբար՝ լրացնում: Հետո վերջում ասացիք՝ այնպիսի լուծում լինի, որ բավարարի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին: Էդ ի՞նչ աճպարարությամբ էր նման լուծում հնարավոր գտնել: Հետո ունեցանք լուծում, որը բավարարեց Ադրբեջանին: Այս հարցն ինչպե՞ս եք ներկայացնում՝ որպես պատմական ձախողում: Շփոթը առաջացել է ձեր ժամանակ»:
Պատասխանը Նիկոլ Փաշինյանն այսպես սկսեց. «Հիմա դուք համարում եք, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Ես այստեղ խնդիր եմ տեսնում. ձեր արձանագրումը համընկնում է Ադրբեջանի արձանագրմանը: Չեմ կարծում՝ ճիշտ է՝ ՀՀ ԱԺ-ում նման դիրքորոշում հնչի: Դուք արձանագրեցիք, որ Ղարաբաղի հարցը լուծվել է, և մենք կտեսնենք այդ վերնագիրն այնտեղ՝ որտեղ ցանկալի չէ, որ հղում արվի ՀՀ պատգամավորին»:
Անդրադառնալով հանրաքվեին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ասում եք՝ Արցախի ժողովուրդը հանրաքվեով է լուծել կարգավիճակի հարցը: Եթե այդպես է՝ ինչո՞ւ է ՀՀ-ն՝ սկսած 2000-ականներից, բանակցել Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցով: Այսինքն՝ Ղարաբաղում քանի՞ հանրաքվե պիտի տեղի ունենա»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հիշեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դիմելով Արմեն Ռուստամյանին՝ ասաց՝ այո, պատերազմը մեր ժամանակ է եղել, բայց պատերազմի մասին հայտարարել է ձեր ընտրած վարչապետ Սերժ Սարգսյանը: Ու շարունակեց. «Ինձ քննադատում են նրա համար, որ ասել եմ՝ Ղարաբաղը Հայաստան է: Եվ ինձ դրա համար քննադատել է նաև ձեր քաղաքական ուժի առաջնորդը: 1998-ի մարտի 7, Ռոբերտ Քոչարյան, ՀՀ ղեկավար. «Ինձ համար 1988-ից այսօր Ղարաբաղը եղել է, կա և մնալու է ՀՀ մեկ մաս»: Ես սխալվել ե՞մ, որ ասել եմ. ուրեմն շարունակել եմ նախորդների սխալ ուղեգիծը: Այս ամբիոնից բանակցողը արձանագրել է բանակցային հարաբերությունների փակուղային վիճակը: Տեսանյութերը կան՝ րոպեով, ժամով»:
Արմեն Ռուստամյանը արձագանքեց՝ չհասկացա՝ իմ ո՞ր առաջարկն էր, որ Ադրբեջանին պիտի դուր գար: Ու շարունակեց. «Մենք շեղվել ենք կարգավիճակ, հետո՝ տարածքներ, հերթականությունից: Գլխավոր հաղթաթուղթը մենք կորցրել ենք ձեր իշխանության օրոք: Այո, Ղարաբաղը ՀՀ մաս է՝ որպես ռազմավարական նպատակ. դուք դա չեք կարողացել ընկալել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ