Այսօր խորհրդարանում ներկայացնելով կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի պարզաբանեց, թե ինչով է տարբերվում իրենց պատկերացրած պրոֆեսիոնալ բանակը պայմանագրային զինծառայությունից։
Փաշինյանի ներկայացմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի որոշ նրբություններ, ըստ էության, պայմանագրային հիմունքով զինվորական ծառայության են ներգրավվում այլ գործով եւ մասնագիտություններով զբաղվող մարդիկ, որոնք ծառայում են ամսվա մեջ որոշակի ժամկետ, որոշակի հատված, իսկ մյուս հատվածում զբաղվում են իրենց գործերով․ «Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, եւ զինվորի գործը ռազմավարական հեռանկարում մենք չենք տեսնում սահմանի պահպանութունը։ Սահմանի պահպանությունը պետք է վերապահվի սահմանապահ ուժերին։ Զինվորը պետք է գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին, եւ զբաղված լինի մարտական պատրաաստականության շարունակական բարձրացմամբ եւ այդ գործընթացը պիտի ունենա շարունակական բնույթ։ Մենք նպատակադրվել ենք նաեւ էականորեն փոխել ժամկետային զինծառայության կառուցվածքը եւ ժամկետները, որոշել ենք, որ ավելի մեծ ուշադրություն պիտի դարձնենք պահեստազորի պատրաստման աշխատանքներին, եւ նաեւ այս համատեքստում է եւ կառավարության ծրագրի իրագործումն այս եւ մի քանի այլ մասերով արդեն իսկ մեկնարկել է։ Վաղվանից եռամսյա վարժական հավաքներ են տեղի ունենալու եւ դրանով մեկնարկում է բանակի վերափոխման, ակտիվ պահեստազոր ունենալու ծրագիրը»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԱԱԾ -ն պետք է լինի հակահետախուզական մարմին, ԱԱԾ-Ն պիտի զբաղվի հակահետախուզությամբ, սահմանապահ զորքերը կշարունակեն ԱԱԾ կազմում լինել, ԱԱԾ պատասխանատվությունը կլինի ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարը, սահմանադրական կարգի պաշտպանությունը եւ մի շարք գործառույթներ, որ այսօր վերապահված են նաեւ ԱԱԾ-ին, ժամանակի ընթացքում կփոխվեն եւ կվերափոխվեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ