Սույն թվականի օգոստոսի 16-17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն Արցախում հանդիպումներ ունեցավ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի, կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի և Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանի հետ: Քննարկվեցին Արցախի գիտական կենտրոնի զարգացման և ուժեղացման հարցերը, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Արցախի գիտական կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ ակտիվ մասնակցությամբ: Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ ստեղծվել են առաջին գիտական լաբորատորիաներն Արցախում: «Կենսաբանական և քիմիական ուղղություններով լաբորատորիաների հիմնական աշխատանքներն ուղղված են կենսատեխնոլոգիական հետազոտություններին: Լաբորատորիաները գործում են նաև ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրերի շնորհիվ:
Համագործակցության շրջանակներում արդեն ութ գիտությունների թեկնածու են պատրաստել, ովքեր այսօր կենտրոնում աշխատում են»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը: Նա կարևորեց, որ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքներն աստիճանաբար ուղղվում են դեպի ապրանքայնացում, ինչը շատ կարևոր է Արցախի տնտեսության զարգացման և նոր տեխնոլոգիաների ներդրման համար: «Մինչև այս տարվա վերջ կենտրոնը կտա իր առաջին արտադրանքը՝ «Նարնե պլյուս» կաթնաթթվային մթերքը՝ արտադրված հենց Արցախի բնական աղբյուրներից անջատված կաթնաթթվային շտամների հիմքի վրա: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ կկազմակերպվի փոքրածավալ արտադրություն, որը լիարժեք կբավարարի ամբողջ Արցախի պահանջարկը»,- ասաց Աշոտ Սաղյանը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների աջակցությամբ Արցախի գիտական կենտրոնում նոր գիտական ուղղություններով լաբորատորիաների ստեղծման հնարավորությունները: Նախատեսվում է ստեղծել երկրաբանության, ռադիոֆիզիկայի, ֆիզիոլոգիայի, աստղաբանության ուղղություններով նոր գիտական խմբեր կամ լաբորատորիաներ:
«Այն գիտական ուղղությունները, որոնք ընտրվում են Արցախի գիտական կենտրոնի համար, բխում են Արցախի տնտեսության զարգացման հեռանկարներից՝ գյուղատնտեսության, ռազմական պաշտպանության համակարգի ամրապնդման և այլ հարցերի հետ կապված»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցեր կազմակերպել ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ և Արցախի գիտական կենտրոն հետագա ծրագրերի մշակման և համագործակցության ընդլայնման համար:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն