Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ են. գնահատականները ցածր են եղել հատկապես մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից. Ժաննա Անդրեասյան

Օգոստոս 24,2021 17:12

ՀՀ մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղերում քննարկել ոլորտի խնդիրները:

Օգոստոսի 23-ին Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած Գեղարքունիքի և Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դպրոցների տնօրեններին՝ նախորդ տարվա ընթացքում նախ համավարակով, ապա պատերազմով պայմանավորված ճգնաժամային պայմաններում կրթության անընդհատությունն ապահովելու համար: Փոխնախարարը խոսել է բուհերի ընդունելության քննությունների մարզային արդյունքների մասին: Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են` բժշկական գործը, կառավարումը, տնտեսագիտությունը և իրավագիտությունը:

«Պետք է նշեմ, որ որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ են. գնահատականները ցածր են եղել հատկապես մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ քննական արդյունքները պետք է պահել ուշադրության կենտրոնում, քանի որ դրանք հստակ մատնացույց են անում հանրակրթության բովանդակային բացերը:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին` փոխնախարարը նշել է, որ այդ ուղղությամբ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորմանը, ապա մինչև նոյեմբերի վերջ կավարտվեն վերապատրաստումները, որոնց կհաջորդի ատեստավորումը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:

«Գեղարքունիքի մարզի տարրական դասարաններում դպրոցական սննդի պարենային ծրագիրն այս տարվանից սկսած կիրագործվի պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք համապատասխան խոհանոցային ենթակառուցվածքներով ապահովված դպրոցներում անցնել տաք սննդի ռեժիմին»,- նշել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներառական կրթության արդյունավետությանն առնչվող հարցեր։ Նշվել է, որ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում համընդհանուր ներառական կրթությունը ներդրվել է անցյալ տարվանից։

Խորհրդակցության մասնակիցներին ողջունել է նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը:

Նույն օրը` օգոստոսի 23-ին, տեղի է ունեցել նաև Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը:

«Նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար ավանդաբար կազմակերպվող օգոստոսյան խորհրդակցությունը կազմակերպել ենք բովանդակային առումով ավելի հագեցած օրակարգով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների հետ համատեղ: Կամփոփենք նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումներն ու բացթողումները, կքննարկենք նոր ուսումնական տարվա անելիքները,- ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` նշել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Նա դպրոցների տնօրեններին առաջարկել է ինչպես օրակարգային, այնպես էլ կրթության բնագավառին վերաբերող իրենց հուզող հարցերն ուղղել անկաշկանդ, որպեսզի դրանք ստանան սպառիչ պատասխաններ:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Արագածոտնի մարզի ցուցանիշները.  հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով դիմորդների շուրջ 77,1 տոկոսն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն (564 դիմորդից ընդունվել է 393-ը), որոնց 7.9%-ն ընդունվել է առաջին՝ անվճար հայտով:

Արագածոտնի մարզում կայացած խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հիմնահարցերին, ինչպես նաև Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ դպրոցների սերտ համագործակցության կարևորությանը։

Խորհրդակցության ընթացքում Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ ներկայում մարզում ընթանում է 3 նոր դպրոցի շինարարություն, որոնցից մեկը կառուցվում է մի համայնքում, որտեղ երբևէ դպրոցի շենք չի եղել, և դասապրոցեսը կազմակերպվել է բնակելի տան շենքային պայմանների օգտագործմամբ: Բացի դրանից՝ մարզպետարանը ֆինանսական վերաբաշխման եղանակով՝ խնայողությունների հաշվին, շուրջ 600 մլն դրամի դպրոցաշինական աշխատանքներ է իրականացրել: Մասնավորապես մարզի դպրոցներում վերանորոգել կամ նոր մարզադահլիճներ ու սանհանգույցներ են կառուցվել, դռներ ու պատուհաններ են փոխվել, տանիքներ են նորոգվել, տեղադրվել են ջեռուցման համակարգեր: Առաջիկայում նախատեսված են նաև մոտ 200 մլն դրամ ծավալի աշխատանքներ:

Հավելենք, որ համաձայն ԿԳՄՍ նախարարության սահմանած ժամանակացույցի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը: Խորհրդակցություններն օգոստոսի 20-ին մեկնարկել են ՀՀ Տավուշի մարզից:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031