«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ՀՀ-ում մեծ թափով տեղի է ունենում ոստիկանության համակարգի բարեփոխումը»,-այսօր խորհրդարանում կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրեց՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության համար սկզբունքային նշանակություն է ունեցել նոր տիպի ոստիկանության ստեղծումը․«Երեւանում արդեն իսկ ստեղծվել է պարեկային ոստիկանություն, հիմա սկսվել է Շիրակի եւ Լոռվա մարզում պարեկային ոստիկանության ներդրման աշխատանքները։ Մենք այստեղ լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք իրականացրել։ Դրանք են՝ եթե նախկինում պարտադիր պայման էր համարվում շատ դեպքերում որոշակի կրթություն կամ դիպլոմ ունենալը, հիմա մենք միջնակարգ կրթությամբ մարդկանց ներգրավում ենք պարեկային ոտիկանությունում, եւ ոստիկանության ծառայությունում չաշխատած մարդիկ են ներգրավվում»։
Փաշինյանն ասաց, որ Երեւանում գործող պարեկային ոստիկանությունում բավական մեծ թվով կանայք կան․«Կարծում եմ լավ միտում է ոստիկանության նոր կերպարը ձեւավորելու համար»։
Պարեկային ոստիկանությունը ձեւավորելիս, ըստ Փաշինյանի, արձանագրել են մի կարեւոր նրբություն․«Եթե տնավարի արտահայտվենք, ես խնդիր եմ դրել, որ պարեկային ոստիկանությունում ամեն ինչ լինի նոր, սկսած բովանդակությունից մինչեւ ոստիկանության գույքը, նոր են կապի միջոցները, զենքը, եւ ծրագրային ապահովումը։ Ինչպես ասում է Աստվածաշունչը՝ «նոր գինին հին տիկերի մեջ չի կարելի լցնել», եւ այս սկզբունքն ենք կիրառում պետական ծրագրեր իրականացնելիս։ Խնդիր եմ դրել՝ եթե դպրոց ենք հիմնանորոգում, այդտեղ որեւէ օգտագործված գույք չպիտի մտնի, նույնիսկ անցակետում դրված աթոռը չպետք է օգտագործված լինի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ