«Հարված ստացա ճակատիս, ոտքերիս, պատռվել է վերնաշապիկս»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կրկին սանկցիա կիրառեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ` ԱԺ նիստերի դահլիճից դուրս հրավիրելով նրան եւ մինչեւ օրվա ավարտը արգելելով նրա գտնվելը ԱԺ դահլիճում:
Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանին ուժով դուրս հանեցին խորհրդարանի դահլիճից: Դահլիճում լեզվակռիվ սկսվեց, որը վերածվեց քաշքշուքի. դրան արդեն նաեւ անվտանգության աշխատակիցներն էին մասնակից: Արծվիկ Մինասյանը վնասվածքներ է ստացել:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը մանրամասնեց, որ երբ անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանին փորձել են ուժով դուրս հանել խորհրդարանի դահլիճից, ինքը միջամտել է`ասելով, որ նման բան անել պետք չէ. արդյունքում ինքն էլ է հարվածներ ստացել: Այս ամենն, ըստ նրա, խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ԱԺ դահլիճում տեղի ունեցածի մասնակիցներն են եղել Պետական պահպանության ծառայության պետը եւ ծառայության մի շարք աշխատակիցներ: ՊՊԾ պետը բռունցքով հարվածել է պատգամավորին. «Կարծում եմ, որ ծառայության պետը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում`ոչ միայն ցուցումներ տալով, այլ անմիջականորեն ներգրավվելով անհամաչափ ուժի կիրառման մեջ»:
Այն հատվածում, որտեղ Արծվիկ Մինասյանն է եղել, իշխող ուժի պատգամավորների մասնակցություն ծեծկռտուքին չի արձանագրել:
Կատարվածի առիթով Արծվիկ Մինասյանը հաղորդում է ներկայացրել:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ