Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պաշտպանում է Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման օրակարգը»

Օգոստոս 24,2021 16:25

Տարածաշրջանային ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության արտաքին քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում, կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ եւ փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձեւավորմանը։ Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հնգամյա ծրագիրը  ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական եւ անվերապահ իրագործումը․«Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը եւ զարգացումը։ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանազատումը եւ սահմանագծումը էական նշանակություն կունենա տարածաշրջանի կայուն միջավայրի ձեւավորման համար։ Մենք Վրաստանի հետ 1997 թվականից դելիմիտացիայի գործընթաց ենք իրականացնում, եւ համոզված եմ այդ գործընթացը փոխադարձ ըմբռնման եւ համագործակցության մթնոլորտում կշարունակենք եւ ավարտին կհասցնենք։ Ընդ որում, իմ համոզմունքն է, որ այս գործընթացը, չնայած իր խրթին էությանը, որւեէ բացասական ազդեցություն չի ունեցել Վրաստանի հետ մեր հարաբերությունների վրա»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ մենք սահմանների ճշգրտման օրակարգ ունենք միայն նախկին Խորհրդային Միության մաս կազմած մեր հարեւանների հետ, քանի որ Իրանի եւ Թուրքիայի հետ մեր սահմանների հարցը Խորհրդային Միության ժամանակ է լուծվել:

«Շատ ավելի բարդ է Ադրբեջանի պարագան։ Բայց համոզված եմ, որ Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Եվ ցավում եմ, որ ներքաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումների։ Այսօր անկայուն իրավիճակը հայ-ադրբեջանական մի շարք սահմանային հատվածներում լրջագույն խոչընդոտ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները մեկնարկելու համար։ Եվ ես կարծում եմ, որ չափազանց տրամաբանական է մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածում թե՛ հայաստանյան, թե՛ ադրբեջանական ստորաբաժանումների՝ սահմանային գծի նկատմամբ հայելային հետքաշումը՝ որպես ուղենիշ ունենալով Խորհրդային Միության ժամանակ փոխադարձ համաձայնեցված քարտեզները։ Այս նույն սկզբունքով աշխատել են հայ-ադրբեջանական Տեղ-Մեղրի սահմանային հատվածում։ Իմ համոզմունքն է, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պաշտպանում է Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման օրակարգը, եւ որքան էլ դժվար աշխատանք է դա, Հայաստանը պատրաստ է առաջ գնալ այդ օրակարգով»,-հայտարարեց նա։

Վարչապետի խոսքով՝ այս գործընթացի համար չափազանց կարեւոր է կայունության պահպանումը հայ-ադրբեջանական սահմանային հատվածների ողջ երկայնքով։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031