ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի և Արարատի գինու գործարաններ, որտեղ խաղողի մթերման շրջանին ընդառաջ ընթացքի մեջ են վերակառուցման և վերազինման աշխատանքները։
Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ Արման Խոջոյանը շրջել է գործարանում, ծանոթացել ներդրված ժամանակակից սարքավորումներին, որոնք թույլ կտան առավել սահուն կազմակերպել խաղողի մթերման գործընթացը։
Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրով գործարանում կառուցվում է 1500 քառ․մ պահեստ, որը հագեցած է լինելու կառավարման ժամանակակից համակարգերով։
Բացի այդ, պետաջակցության ծրագրի շրջանակում գործարանը ձեռք է բերել մամլման և մթերման նորագույն սարքավորում․ գործարանն այս տարի շուրջ 10,000 տոննայով ընդլայնելու է պահամանների ծավալը, ինչի շնորհիվ ավելանալու են վերջինիս արտադրական կարողությունները։ Շրջայցի ընթացքում տնօրենը նաև տեղեկացրել է, որ խաղողի մթերման ծավալն այս տարի կլինի ոչ պակաս, քան նախորդ տարի։
Առաջիկայում նախատեսում են իրականացնել նաև խնձորի մթերումներ։
Որակի ստուգման նպատակով արդեն մեկ տարի է, ինչ գործարանում գործում է գերմանական գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա։
Կարդացեք նաև
Նույն օրն Արման Խոջոյանն այցելել է Արարատի գինու գործարան, որտեղ ծանոթացել է գործարանի արտադրական նոր հնարավորություններին։
Արտադրական հզորությունների ավելացման արդյունքում այս տարի գործարանը գինու արտադրության նպատակով ընդլայնել է արտադրական կարողությունները շուրջ 950 տոննայով, ինչը թույլ կտա ավելի շատ խաղող մթերել։
Շրջայցի ընթացքում Արման Խոջոյանը երկու ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը, գինեգործության և կոնյակագործության ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
Նախարարի տեղակալը գոհունակությամբ նշել է, որ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը շոշափելի ազդեցություն են ունենում վերամշակող ընկերությունների զարգացման գործընթացում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն