Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատարան է ուղարկվել Զարիշատ համայնքի նախկին ղեկավարի կողմից համայնքին խոշոր չափերով վնաս պատճառելու գործը․ դատախազություն

Օգոստոս 24,2021 15:47
dataxazutyun

Դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ  Շիրակի մարզի Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ․Խ․-ն պաշտոնավարման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից համայնքի տա­րած­քում ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին՝ 2007թ․դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչ, իր ծանոթ, կադաստրի պետական կոմիտեի աշխատակից Հ․Հ․-ի հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր։ Դրանով վերջինս Զարիշատ համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության 2.5 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 12.720 ՀՀ դրամ վարձավճարով:

Մեկ օր անց՝ 2007թ․ դեկտեմբերի 26-ին, համայնքի ղեկավարը տվել է իր համաձայնությունը նշված 2.5 հա գյուղատնտեսական նշանակության նշված հողամասից որևէ տարածք ենթավարձակալությամբ տալուն, և նույն օրը Հ․Հ․-ն իր վարձակալած հողամասից 0,04 հա հողատարածքը ենթավարձակալությամբ հանձնել է բջջային օպերատոր ընկերությանը 24 տարի ժամկետով` ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով:

Նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքում տեղադրվել և շահագործվել է ալեհավաք կայան, իսկ համայնքի ղեկավարի գործողությունների արդյունքում Հ․Հ․-ի ընտանիքը մինչև 2016թ․հոկտեմբերի 6-ը ներառյալ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.215.482 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, այսինքն` համայնքը  զրկվել է այդ չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ․Խ․-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում նրա կողմից ներկայացվել է պատճառված վնասի վերականգնման մասին վճարման անդորրագիր, որի համաձայն՝ որպես պատճառված վնաս,  վերականգնվել է 1.000.000 ՀՀ դրամ:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031