ՀՀ ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ կառավարության ծրագիրը:
Խոսելով ծրագրի սոցիալական հատվածի մասին՝ վարչապետը, որ ներկայացնում է ծրագիրը խորհրդարանին, տնտեսական զարգացումն ու սոցիալական կայունությունը համարեց ՀՀ անվտանգության կարևոր գործոն:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով արտադրողականության մասին, ասաց. «Մեկ աշխատողը միջինացված մեկ ժամվա աշխատանքի ընթացքում ստեղծում է 6,8 դոլարի արդյունք՝ ՀՆԱ: Այս ցուցանիշը շատ վատ ցուցանիշ է, քանի որ ՌԴ-ում դա 11,7 դոլար է, ԵՄ-ի միջինը 42,7 եվրո է, ԵՄ երկրներ կան, որտեղ արտադրողականության ցուցանիշը հասնում է 100 եվրոյի»:
Խոսելով գյուղատնտեսական ոլորտի փոփոխությունների մասին՝ ասաց. «Ընդհանրապես գյուղատնտեսության այն որակը, ձևը, որ ունենք, պետք է հասկանանք, որ զուրկ է հեռանկարից: Հիմնական պրոբլեմն այն է, որ բերքը շատ է, դա մեր գյուղացու համար պրոբլեմ է, քանի որ գներն անկում են այնքան, որ գյուղացին չի կարողանում շահույթ ստանալ: Երբ բերքը քիչ է՝ էլի գյուղացիների համար պրոբլեմ է, քանի որ բազմաթիվ գյուղացիներ որևէ եկամուտ չեն ստանում: Ապագան ինտենսիվ գյուղատնտեսությանն է, որտեղ ամեն ինչ պլանավորված է. պլանավորված է ե՛ւ բերքի որակը, ե՛ւ քանակը: Ինտենսիվ այգիները պետք է ավելացնենք 1000 հա-ով: Խթանելու ենք ինտենսիվ այգիների հիմնումը, բայց ՀՀ կառավարությունը ինտենսիվ այգիներ չի ստեղծելու»:
Կարդացեք նաև
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում գոյություն ունեցող ոռոգման մշակույթը 19-րդ դարի կուլտուրա է: Նա ասաց. «Դա չի կարող ապահովել աշխատանքի արտադրողականություն: Հասկանալի է՝ ՀՀ կառավարությունն էական դերակատարություն ունի այդ կուլտուրան փոխելու հարցում: Այն տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, նրանց առաջիկա հինգ տարվա ընթացքում կփոխհատուցենք 100 տոկոսով նրանց ջրի վարձավճարը»:
Խոսելով ջրի կառավարման և խնայողության մասին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեց ցայտաղբյուրները: Նա հայտարարեց. «Կան ցայտաղբյուրներ, որոնք հոսում են 24 ժամ. ուղղակի չգիտեմ՝ ինչքան մարդ է մոտենում և օգտվում: Թվում է՝ ի՞նչ է կառավարության մակարդակով մի ցայտաղբյուրի մասին ենք խոսում, բայց եթե հաշվենք, թե ՀՀ-ում քանի ցայտաղբյուր կա, որոնք 24 ժամ հոսում են և ինչքան ջրի կորուստ ենք ունենում, ահռելի թիվ է կազմում»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ