Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարի միջազգային SUMMEET փառատոնը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը». փառատոնի պրոդյուսեր

Օգոստոս 24,2021 14:30

Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է ժամանակակից պարի միջազգային SUMMEET փառատոնը, որն իրականացվում է Սանկտ Պետերբուրգի «Kannon Dance» պարային տան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի և «Balmanukyan Dance Project» ընկերության հետ համատեղ, իսկ փառատոնի հիմնական հարթակը կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի դահլիճն է։

Ինչպես Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի ճեմասրահում այդ թեմայով կայացած ասուլիսի ժամանակ նշեց փառատոնի պրոդյուսեր Էռնա Ռևազովան, նման փառատոն ունենալու գաղափարն ասպասելի է ծագել, եւ այժմ շատ ուրախ են, որ ԿԳՄՍ նախարարությունն իրենց նախագիծը հետաքրքիր է համարել ու հնարավորություն ընձեռել իրականացնելու համար, հատկապես որ այս բարդ ժամանակներում փառատոն իրականացնելն այնքան էլ հեշտ չէ:

Նա հատկապես առանձնացրեց օգոստոսի 24-ին ցուցադրվելիք Վալերիա Կասպարովայի բեմադրած «Սեւ այգի» ներկայացումը; Այն յուրահատուկ է նրանով, որ փաստագրական բեմականացում է` ստեղծված Արցախյան առաջին պատերազմի ականատես երեխաների հուշերի հիման վրա: «Պատերազմն ազգություն չունի, պատերազմն ինքնին սարսափելի բան է»,-ասաց Ռեւազովան:

Փառատոնի միջազգային պրոդյուսեր Վադիմ Կասպարովը նշեց, որ նման փառատոն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, եւ երբեք չի եղել, որ տեղական խորեոգրաֆիական ուժերն այսպես ի մի բերվեն: «Այս փառատոնը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը»,-համոզմունք հայտնեց նա:

Ի թիվս այլնի՝ Վադիմ Կասպարովը հավելեց, որ ժամանակակից պարին նվիրված փառատոնը կփակվի «Բոլոր ճանապարհները տանում են հյուսիս» ներկայացումով, որը Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ»- 2017 մրցանակաբաշխության դափնեկիր է՝ «Ժամանակակից պար/Լավագույն ներկայացում» անվանակարգում:

Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, օպերային ճանաչված երգչուհի Հասմիկ Պապյանը նույնպես ներկա էր փառատոնի բացման ասուլիսին, եւ պատահական չեն փառատոնի մասին գրքույկում նրա հետեւյալ տողերը. «Մենք փոքր ենք դահլիճով եւ բեմով, բայց մեծ` մեր առջեւ դրված հավակնոտ նախագծերով եւ ծրագրերով»:

Հավելենք, որ «SUMMEET» փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի նաեւ «Dancewalk» պարային նախագիծ պերֆորմանսը, որը ստեղծել է շվեյցարացի հայտնի պարուսույց Ֆուֆուա դ՛Իմոբիլիտեն։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031