Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․«Մենք չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր է պարունակում ՀՀ պետական շահերի համար»

Օգոստոս 24,2021 13:55

Խորհրդարանում, այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն, ասաց՝ Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձեւավորելու կարեւոր գործիքներից եւ հարթակներից մեկը հունվարի 11-ի եռակողմ հայտարարության եւ նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման նպատակով ձեւավորված՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի գործունեությունն ակտիվացնելն է եւ կոնկրետ արդյունքներ արձանագրելը։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն այս աշխատանքային խմբի գործունեության մեջ տեսնում է լրջագույն հնարավորություն՝ ճեղքելու ՀՀ-ի՝ շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը․« Իհարկե, սա ամենեւին էլ պարզ գործընթաց չէ, եւ այն սրվում է ինչ-որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի ապակառուցողական եւ սադրիչ հայտարարություններով: Բազմիցս ասել եմ, որ ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերելի հոդվածներում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ, որն ամբողջությամբ կոմունիկացիաների բացման մասին է, որեւէ արտահայտություն, հղում, ձեւակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին: Խոսքն ուրիշ բանի մասին է՝ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա ՌԴ-ի, Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արեւմտյան շրջանների, Նախիջեւանի հետ տրանսպորտային, կոմունիկացիոն հաղորդակցության համար: Բայց, միեւնույն ժամանակ, մենք չենք հերքել եւ չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր է պարունակում Հայաստանի պետական շահերի համար եւ սա է պատճառը, որ կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի եւ Արցախի այլ անվտանգային եւ կենսական շահերի հաշվին»։

Վարչապետն ասաց, որ նաեւ պետք է պատասխան տալ մեկ այլ հարցի՝ իսկ կարո՞ղ է այս գործընթացը տեղի ունենալ միայն ՀՀ շահերի հաշվառումով՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը կամ առանց այդ երկրների շահերը հաշվի առնելու. «Սա է այն ֆունդամենտալ հարցը, որը, վախենամ, մեր անկախության երեսնամյա պատմության մեջ այնքան էլ հաճախ չի հնչել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031