Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների մասին․«Կարող է պարզվել, որ հենց կիսանախագահականի առանձնահատկություններն են հանգեցրել փակուղու»

Օգոստոս 24,2021 13:44

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի մեկնարկից ի վեր՝ Ադրբեջանը հստակ ձեւակերպել է իր անելիքը։ Ըստ ադրբեջանական խոսույթի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, հարակից շրջաններն՝ առավել եւս։ Ըստ ադրբեջանական խոսույթի՝ չկա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, առավել եւս չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Նրանք մշտապես ձեւակերպել են Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջաններն իրենց հսկողության տակ վերցնելու օրակարգը եւ պարզաբանել՝ եթե դա չստացվի բանակցությունների միջոցով, նրանք դա պատրաստվում են անել ռազմական ճանապարհով եւ բանակցություններին զուգահեռ միլիարդավոր դոլարներ են ծախսել սպառազինության ձեռքբերման եւ այլ ռազմական ծախսերի վրա։ Ընդ որում, ադրբեջանական հանրությունում սրա վերաբերյալ տարընթերցումներ չեն եղել։ Նման որոշակիություն չի եղել հայկական խոսույթում»-այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց՝ մեր օրակարգում ձեւակերպվել է Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման խնդիրը, բայց սա շատերը համարել են դավաճանություն՝ հղում անելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ ԳԽ եւ ԼՂ ազգային խորհրդի համատեղ որոշմանը Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին, որի վրա հղում է արվել 1998 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագրում, եւ ըստ այդ տեսակետի՝ Լեռնային Ղարաբաղը պետք էր ճանաչել Հայաստանի մաս։

«Հաջորդ տեսակետը «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւն էր, որի համաձայն՝ ԼՂ հարակից տարածքների զիջման դիմաց պետք է հասնել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման, բայց այս տեսակետը դավաճանություն համարողներ նույնպես կային՝ պնդելով, որ տարածքների զիջման բանաձեւն անընդունելի է հայ ժողովրդի համար: Կար տարածքների փոխանակման կոնցեպտը, որի իմաստը Հայաստանի որոշ տարածքներ Ադրբեջանին զիջելու դիմաց ԼՂ-ն Հայաստանին միավորելն է: Այս բանաձեւի շուրջ նույնպես, մեղմ, ասած, բացասական կարծիք կար հանրային, քաղաքական շրջանակներում, եւ շատերն այն դավաճանություն ու դավադրություն էին համարում։ Բայց, սրանով խնդիրները չեն ավարտվել ու գործնական առումով կար շատ լուրջ բարդություն: Եթե Ադրբեջանի ասելիքը նույնն էր թե՛ ներքին քննարկումների, թե՛ միջազգային հանրության հետ հաղորդակցության ընթացքում եւ թե՛ բանակցային սեղանի շուրջ, ընդ որում, այդ ասելիքի նկատմամբ նրանց մոտ կար հանրային կոնսենսուս, մեր պարագայում ասելիքներն ու դիրքորոշումները տարբեր էին՝ հանրային քաղաքական կյանքում ուրիշ էր, միջազգային հանրության հետ շփումներում ուրիշ էր, բանակցային սեղանի շուրջ ուրիշ էր։ Ու ամենակարեւորը՝ մենք չունեինք, չէինք ձեւակերպել կարեւոր հարցի պատասխանը՝ իսկ ի՞նչ էինք անելու, եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի մեզ համար ընդունելի լուծման հասնել: Ըն դորում՝ ես չեմ խոսում տարբեր իշխանությունների, կառավարությունների, ղեկավարների արածների կամ չարածների մասին, այլ փորձում եմ ձեւակերպել այն համակարգային խնդիրը, որ մենք ի սկզբանե ունեցել ենք ԼՂ հիմնախնդրի համատեքստում։ Այս համակարգային պրոբլեմը շատ լուրջ ազդեցություն է ունեցել 3-րդ հանրապետության պատմության ողջ ընթացքի եւ հարաբերությունների վրա, մենք որպես հանրություն, չենք ունեցել Լեռային Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմավարություն»,-ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով կառավարության ծրագրում ներառված նոր Սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրային քննարկումներ իրականացնելու առաջարկությանը՝ ասաց՝ ամենեւին փաստ չէ, որ 2020 թվականին ԼՂ հիմնահարցի շուրջ առաջացած ճգնաժամի մեջ կառավարման խորհրդարանական համակարգն ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը․«Մենք պետք է 7 անգամ չափենք, 1 անգամ կտրենք կառավարման համակարգը փոխելու որոշում կայացնելուց առաջ, որովհետեւ կարող է պարզվել, որ հենց կառավարման կիսանախագահական համակարգի առանձնահատկություններն են գործարկել այն թափանիվը, որը հանգեցրել է փակուղու։ Վերջին երեք տարվա, նաեւ տասը ամսվա ընթացքում գործող Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմների գործունակության հետ կապված մի շարք հարցեր են առաջացել, որոնք պատասխանի կարիք ունեն։ Մասնավորապես, արտառոց էր այն իրավիճակը, երբ սույն թվականի փետրվարին ԶՈՒ ԳՇ-ի հայտնի հայտարարությամբ, ի հեճուկս հենց սահմանադրական կարգավորումների, բանակը քաղաքականության մեջ ներքաշվելու վտանգ էր առաջացել, բայց այդ իրավիճակը հանգուցալուծելու գործընթացը տեւեց շատ երկար։ Այստեղ խոսքն ամենեւին վարչապետի կամ քաղաքական իշխանության հարմարավետության կամ դրա բացակայությունից նեղվելու մասին չէ։ Խնդիրն ուրիշ տեղ է, փետրվար-մարտին իրադարձությունները, երբ բանակը հայտնվել էր քաղաքական իրադարձությունների կիզակետում, չէին կարող վատթարացնող ազդեցություն չունենալ անվտանգային իրավիճակի վրա, եւ դրա դառը ազդեցությունը տեսանք մայիսին Սոթք –Խոզնավար հատվածում տեղի ուենցած եւ մինչ օրս շարունակվող իրադրության տեսքով»։

Ըստ Փաշինյանի՝ մի շարք հարցեր կան նաեւ սահմանադրական կարգավորումների եւ դատական համակարգի բարեփոխումների արդյունավետության փոխկապակցվածության մասով, որոնց պատասխանը միանշանակ եւ աներկբա համարել չի կարելի, բայց որոնց մասով պետք է շահագրգիռ քննարկում տեղի ունենա հանրային քաղաքական փորձագիտական դաշտում․«Կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխությունների թեման շատ կոնկրետ ձեւակերպված չէ, սա պատճառաբանվում է նրանով, որ սահմանադրական փոփոխությունների հարցը տարբեր բովանդակություններով առկա է բազմաթիվ քաղաքական ուժերի օրակարգում եւ սա մի թեմա է, որը նախ պիտի անցնի հանրային, քաղաքական քննարկումների փուլ, եւ կառավարությունը չի ցանկացել կանխորոշող դիրքորոշում հայտնել այս կապակցությամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031