Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում. անվտանգության աշխատակիցները խորհրդարանում «հսկում» են լրագրողներին

Օգոստոս 24,2021 13:31

«Մամուլն այնքան անազատ չէ, որքան Նիկոլ Փաշինյանի օրոք». այս եւ համանման այլ պաստառներով այսօր խորհրդարանում հավատարմագրված լրագրողները խորհրդարանում`լրագրողների համար նախատեսված օթյակում բողոքի ցույց էին իրականացնում:

Լրագրողները բողոքում են ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագծի դեմ: Այս որոշմամբ սահմանափակվում են խորհրդարանում լրագրողների տեղաշարժի եւ աշխատանքի հնարավորությունները: Որոշումը կայացվել է առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկումների :

Անվտանգության աշխատակիցները խոչընդոտում էին լրագրողների ակցիային,ասելով, որ նրանք խորհրդարանում որեւէ այլ բան, քան իրենց աշխատանքային պարտականությունների կատարումն է, չեն կարող անել: Նրանք հորդորում էին`այլ ճանապարհով իրենց ձայնը լսելի դարձնել`նամակներով դիմել, հանդիպել-քննարկել: Ի պատասխան՝ լրագրողներն ասացին, որ այդ բոլոր ճանապարհներն անցել են, մնացել է միայն այս ճանապարհը, ինչից անվտանգության աշխատակիցը ենթադրեց`«ուզում եք իրավիճակը սրել, նիստի օրով էսպիսի բան եք անում»: Լրագրողները հավատացրին, որ իրավիճակը սրելու միտում չունեն պարզապես պայքարի իրենց իրավունքն են իրացնում:

Լրագրողները հիշեցրին նաեւ, որ տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված էր, շատ խմբագիրներ եւ լրագրողներ, ի պաշտպանություն նրա`տարբեր գերատեսչությունների մոտ ցույցեր էին անում, ինչը արդյունք տվեց:

Այդ ընթացքում, երբ օթյակում լրագրողները եւ անվտանգության աշխատակիցները վիճաբանում էին, Նիկոլ Փաշինյանը դահլիճում ներկայացնում էր կառավարության ծրագիրը`աչքը թղթից չկտրելով: Հավանաբար, այդպես էլ «չնկատեց», թե դիմացի օթյակում ինչ է տեղի ունենում: Սակայն ԱԺ նախագահությունում նստած Ալեն Սիմոնյանը եւ Ռուբեն Ռուբինյանը միմյանց հետ քննարկում էին օթյակի իրավիճակը`ձեռքով օթյակը ցույց տալով:

Լրագրողները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, քանի որ իրենց ասել են, թե ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումները Նիկոլ Փաշինյանի գիտությամբ է արվել:

«Մենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ենք պահանջում, որովհետեւ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպել ենք, հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել, հիմա փորձում ենք գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը, որպեսզի ինքը գա եւ մեր հարցերին պատասխանի`ինչո՞ւ են մեզ խորհրդարանից դուրս հանում: Օթյակում մեզ թույլատրված է գտնվել, մեր թղթիկների վրա մենք որեւէ վատ բան չենք գրել, ընդամենն ուզում ենք, որ պարոն Փաշինյանը մեր հարցերին պատասխանի»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը:

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն էլ ասաց. «Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն արդյունք չի տվել, որովհետեւ բոլոր սլաքներն ուղղվում են դեպի մեկ մարդ. մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հանձնարարությամբ կամ հորդորով է մեր նկատմամբ սահմանափակումները գտնվել: Մեր տեղաշարժը խորհրդարանում է սահմանափակվում է, եւ եթե անվտանգության հարգարժան աշխատակիցները փորձում են մեզ ուղղորդել այլ վայր, այլ վայր չկա: Կառավարության բոլոր անդամներն էլ այս պահին խորհրդարանի դահլիճում են, այս որոշումը կայացնողները խորհրդարանում են, մենք էլ փորձում ենք գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը»: Նա հավելեց, որ սա քաղաքական ակցիա չէ, լրագրողների ձայնը լսելի դարձնելու համար է. «Սա գազի պայմանագիր չէ, որ այստեղ աշխատած լրագրողները ժամանակին խորհրդարանի դահլիճում քաղաքական ակցիա էին անում, եւ հիմա էլ այս դահլիճում նստած`պատգամավոր են աշխատում»:

Tert.am կայքի լրագրող Անի Գեւորգյանն էլ հավելեց, որ լրագրողները բավական երկար սպասել են, բայց ԱԺ ղեկավարությունը զիջումների չի գնացել: Նա նկատում է, որ այդ սահմանափակումների արդյունքում լրագրողները չեն կարողանալու հեղինակային նյութեր պատրաստել. «Ո՞վ ասաց, որ խորհրդարանի աշխատանքը լուսաբանելը միայն ՔՊ պատգամավորներին լուսաբանելն է: Այստեղ շատ բաներ են կատարվում, նաեւ կադրից դուրս. մենք տեսանք, երբ խորհրդարանի դահլիճում միջադեպ էր եղել, Ալեն Սիմոնյանն անմիջապես զանգեց անվտանգությանը, որպեսզի թույլ չտան լուսաբանումը : Այս քայլը, կարծում եմ, նաեւ հանրությանն է ուղղված, որովհետեւ հանրությունն է ստանում սահմանափակված տեղեկատվությունը»:

Լրագրողներին վրդովվեցրել է նաեւ այն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «գաղտնի» հանդիպումներ եւ քննարկումներ է ունենում այս թեմայով:

Օթյակ բարձրացավ նաեւ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների թեմայով մեծ քննարկում կազմակերպել, որին ներկա կլինեն խմբագիրներ, լրագրողներ, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ ԱԺ ղեկավարությունը, որպեսզի այս հարցն ի վերջո լուծում ստանա: Նա առաջարկեց ցուցարար լրագրողներին`առաջարկների փաթեթ մշակել եւ նախատեսվող քննարկման ժամանակ ներկայացնել այն, որպեսզի կոնկրետ լուծումներ ստանանք: Թագուհի Թովմասյանն ասաց, որ անվտանգության կանոնների խստացումը պետք է հաշվի առնել, բայց դրանք չպետք է լինեն լրագրողների իրավունքների հաշվին: Նա կրկնեց, որ մամուլի նկատմամբ նման վերաբերմունքը պատիվ չի բերում իրեն ժողովրդավարական հռչակած իշխանությանը եւ խոստացավ իր ելույթի ժամանակ լրագրողների պահանջը՝ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, հնչեցնել:

Անվտանգության աշխատակիցները նախ լրագրողների համար նախատեսված օթյակում կանգնեցին լրագրողների դիմաց, ապա նստեցին լրագրողների մոտ, որպեսզի վերահսկեն լրագրողների հետագա քայլերը: Լրագրողներն իրենց պաստառները փակցրեցին օթյակի ապակուն:
Այլ մանրամասները`տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031