Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների:
Մասնավորապես, գործող օրենսդրությամբ՝ մարտական գործողության մասնակցի կարգավիճակ հնարավոր է տրամադրել բացառապես 1989-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակցած այն անձանց, որոնք ընդհանուր տևողությամբ 3 ամսից ավելի են մասնակցել մարտական գործողությունների։
Ստացվում է, որ, օրինակ, 2016 թ. ապրիլի, 2020թ. հուլիսի, նույն թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին գործող իրավակարգավորումներով մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ չի կարող տրամադրվել:
Քանի որ 3 ամսից ոչ պակաս մասնակցության կանոնն ընդհանուր է, ստացվում է, որ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել նաև մարտական գործողությունների մասնակցի վկայականի փոխարեն տեղեկանք տրամադրելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Քաղաքացիները տեղեկացրել են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականի ժամկետը լրանալուց հետո նոր վկայական ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն, բայց նրանց նոր վկայականի փոխարեն տրամադրվել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանք:
Բողոքների քննարկմամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությունը մերժել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանքի փոխարեն քաղաքացիներին տրամադրել վկայական՝ պատճառաբանելով, որ նոր նմուշի վկայական տրամադրվում է մարտական գործողություններին ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած անձանց:
Ուշադրության է արժանի այն, որ նախկինում հնարավորություն էր տրվում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրել նաև 2 ամիս մարտերին մասնակցած անձանց: Նշվածի հիման վրա էլ քաղաքացիներին տրվել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականներ, որոնք Կառավարության համապատասխան որոշմամբ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին ուժը կորցրել են:
Քննարկվող գործերով Պաշտպանն արձանագրել է, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական չտրամադրելը կարող է խնդրահարույց է լինել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից: Բացի դրանից, վկայական չտրամադրելը կարող է հանգեցնել նաև մարտական գործողությունների մասնակիցների համար գործող օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից ու երաշխիքներից օգտվելու իրավունքն իրացնելու խոչընդոտների:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ խնդրի խորքային լուծման, սոցիալական արդարության ապահովման, մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիների իրավունքների ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է գտնել արագ ու կոնկրետ լուծումներ, քանի որ անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելն ինքնանպատակ չէ. այն ունի որոշակի սոցիալական ուղղվածություն և, ըստ էության, նշված կարգավիճակն անձի համար հիմք է որոշակի արտոնություններից և սոցիալական ապահովության միջոցներից օգտվելու համար։ Նրանք պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ, ունեն բնակարանային ապահովության, քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու, դրամական աջակցության, զինվորական կենսաթոշակի իրավունք:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կհասցեագրի պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի հուլիսին մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին համապատասխան կարգավիճակ տրամադրելու համար մշակել կոնկրետ մեխանիզմներ ու չափորոշիչներ:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացնելու է նաև Պաշտպանության նախարարությանը նախկինում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած և վկայականն ուժը կորցրած անձանց առանց կարգավիճակի վերանայման հնարավորության տրամադրել նոր վկայական:
Թեմայի վերաբերյալ քաղաքացիների բարձրացրած խնդիրները, իրականացված վերլուծություններն ու առաջարկները կուղարկի նաև Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով։
Մանրամասները տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպան