«Հատկապես 44-օյա պատերազմից հետո հանրային քաղաքական կյանքում էականորեն ակտիվացել եւ ակտուալ է դարձել սահմանադրական փոփոխությունների, ավելի ճիշտ՝ կառավարման համակարգի փոփոխության դիսկուրսը»,-այս մասին այսօր խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ծրագրի ներկայացումը սկսում է դրա վերջին ենթաբաժիններից մեկից։
Փաշինյանն իր ելույթում ասաց՝ շատերն են եզրակացրել, որ պատերազմը եւ դրա արդյունքները ի ցույց դրեցին կառավարման խորհրդարանական համակարգի անպատեհությունը անվտանգային նմանօրինակ միջավայրում գտնվող երկրի համար, եւ ըստ այդ եզրակացության, պետք է վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգին։
Փաշինյանն ասաց, որ նման պնդումները մերկապարանոց համարել չի կարելի․«Բայց հարց է ծագում՝ իսկ արդյո՞ք հանրային քաղաքական հուզումների մթնոլորտը ընտրություններով հաղթահարելու մեխանիզմը նույն կերպ կաշխատեր կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգերի պարագայում։ Ճիշտ է, պատմության մասին «եթե»-ներով չեն խոսում, բայց պիտի համարձակվեմ ենթադրել, որ 3-րդ հանրապետության պատմությունը գուցե այլ սցենարով զարգանար, եթե 1998 թվականին 2021 թվականի սցենարով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն լիներ։ 1998 թվականին, երբ գործող նախագահը հրաժարական տվեց, դա դարձավ նրա առաջարկած քաղաքական խոսույթի պարտությունը, եւ ըստ էության, հեռացումը ներքաղաքական կյանքից; Պրոբլեմը ոչ թե այս երեւույթն է ինքնին, այլ, որ դա տեղի ունեցավ առանց ժողովրդի, առանց իրական հանրային քննարկման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դուրս դրվեց հանրային քաղաքական քննարկումների դաշտից, թեորեմիկ ժանրից տեղափոխվեց աքսիոմիկ ժանր, ինչը էական խնդիրներ առաջացրեց մեր երկրի համար։ Այդ խնդիրները գործնական էին եւ են»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ