Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․«Կառավարության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում. 44-օրյա պատերազմում ունեցել ենք 3773 զոհ»

Օգոստոս 24,2021 11:32

Ազգային ժողովում այսօր, կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն ներկայացնում է արտառոց պայմաններում։

Փաշինյանի խոսքով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրն անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռեւս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում եւ Հայաստանում ստեղծված ոչ սովորական եւ բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ապօրինի ներխուժման հետեւանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները եւ դրա հետեւանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակն արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկվի կառավարության ծրագիրը։

«Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլեւ դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին եւ ամենակարեւորը, պիտի լուծման ուղիներ նախանշի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, նաեւ ռազմավարական հեռանկարի առումով, որովհետեւ ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության ու պետականության համար։ Ես հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունն ու դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է մեր երկիրը։ Մեր քաղաքական թիմը տրամադրված է այդպիսի քննարկման, որտեղ բացակա է վիրավորանքն ու հայհոյանքը, հնարավորինս քիչ է աղմուկը, եւ հնարավորինս շատ է փաստարկը, վերլուծությունը, քննադատությունը, որը սակայն բանավեճ է ենթադրում եւ ոչ թե վիճաբանություն։ Ու վերը նկարագրածի ֆոնին, հանուն լավատեսական նոտայով սկսելու անհրաժեշտության, պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մենք կարեւոր ձեռքբերում ենք ունեցել մեր պետության եւ ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով, եւ բազմամյա չլուծված օրակարգեր ի վերջո անշրջելի լուծում են ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Ընտրությունների ինստիտուտը ՀՀ-ում նորովի դրսեւորվեց 2021 թվականին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

The first session of the RA National Assembly’s 8th convocation continues in the hall of the RA NA building

The first session of the RA National Assembly’s 8th convocation continues in the hall of the RA NA building

Նա հիշեցրեց՝ 3-րդ հանրապետության միջին վիճակագրական ստանդարտը՝ ընտրությունների, հետեւյալն էր՝ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետեւում էին իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր, այդ ամենը զուգորդվում էր հանրային, քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը․«Վերջին խորհրդարանական ընտրություններն ունեցան ուղիղ հակառակ ազդեցություն։ Ընտրությունների արդյունքներով հանրային, քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը։ Ընդ որում, սա ընտրությունների թերեւս ամենաանսպասելի արդյունքն է, որովհետեւ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, ավելի կոնկրետ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչեւ քարոզարշավի ավարտը ներքաղաքական դիսկուրսը կառուցվում էր գործող իշխանության ներկայացուցիչներին,մասնավորապես վարչապետին, նրա եւ իշխանության այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամներին դավաճանության, հողեր հանձնելու, հողեր վաճառելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու եւ հետեւաբար նրանց պատժելու, հաշվեհարդարի ենթարկելու, ընդհուպ հրապարակային գնդակահարելու տրամաբանության վրա, ինչի գործնական դրսեւորումը տեսանք ԱԺ նախագահ, ներկայումս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձի, կառավարական շենքի վրա տեղի ունեցած հարձակումների տեսքով։ Պատմական շատ նախադեպեր կան, երբ նման իրավիճակներում կառավարությունները կամ փախչում են պատասխանատվությունից կամ դիմում են միջնորդների, կամ դիմում ուժի։ Մենք չդիմեցինք ոչ միջնորդներին, ոչ էլ ուժին, մենք դիմեցինք ժողովրդին՝ նախաձեռնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ ասելով՝ հլու ենթարկվելու ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշման»։

Նա, հղում անելով միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականին, ասաց, որ այս արտահերթ ընտրությունները եղել են ազատ եւ մրցակցային, հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգվել են, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031