Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջինը Հայաստանում՝ ներվիրահատական հետազոտության նորագույն եղանակ

Օգոստոս 24,2021 11:12

Առաջինը Հայաստանում ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է ներվիրահատական ֆլուորեսցենտային հետազոտության եղանակը, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել հետվիրահատական բարդությունների հաճախականությունը և զգալիորեն բարելավել վիրահատական բուժման արդյունքները:

Ֆլուորեսցենտային հետազոտությունները նորագույն հետազոտություններ են, որոնք կիրառվում են ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով:

Ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ կատարվող վիրահատությունների ժամանակ` որպես ներվիրահատական հետազոտություն ֆլուորեսցենտային եղանակը կիրառվում է մի շարք ոլորտներում․

1․ Այս հետազոտության շնորհիվ հայտնաբերվում են այսպես կոչված պահակային ավշային հանգույցները կրծքագեղձի, մաշկի չարորակ նորագոյացությունների ժամանակ, և հնարավորություն է ստեղծվում նվազեցնել հետվիրահատական բարդությունների հաճախականությունը, ինչպես նաև խուսափել ավշային հանգույցների չհիմնավորված հեռացումից: Հարկ է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության ժամանակ անութափոսի ավշային հանգույցների հեռացումը կարող է հանգեցնել հետվիրահատական անցանկալի երևույթների՝ վիրահատված կողմի ձեռքի շարժումների սահմանափակում, այտուց, թմրածություն, քրոնիկական ցավ, թիակի տեղաշարժում և այլն: Այս մեթոդը թույլ է տալիս հստակ որոշել, պե՞տք է հեռացնել ավշահանգույցները, թե՝ ոչ, և հնարավորության դեպքում խուսափել վերը թվարկված բարդություններից։

2․ Վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ ֆլուորեսցենտային հետազոտությամբ հայտնաբերվում են հարվահանագեղձերը, գնահատվում է դրանց կենսունակությունը, և նույնպես հնարավորություն է ստեղծվում կենսունակության դեպքում պահպանել հարվահանագեղձերը և նվազեցնել հետվիրահատական բարդությունների հաճախականությունը։

3․ Պլաստիկ-վերականգնողական վիրահատությունների ժամանակ այս հետազոտությամբ որոշվում է տեղափոխվող հյուսվածքների արյունամատակարարման աստիճանը, գնահատվում է այդ հյուսվածքների կենսունակությունը, վերջնական արդյունքում զգալիորեն բարելավվում են վիրահատական բուժման արդյունքները:

Ֆլուորեսցենտային հետազոտություններն իրականացնելու նպատակով ՈւԱԿ-ը ձեռք է բերել հատուկ սարքավորում, որը նորույթ է հայկական առողջապահական համակարգում։

ՈւԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031