Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենի մանդատը ժողովուրդը տվե՞լ է

Օգոստոս 24,2021 10:35

Ինչպիսին պետք է լինի ժողովրդավարությունը՝  ներկայացուցչակա՞ն, թե՞ անմիջական: Դուք, բնականաբար, կպատասխանեք՝ մեկը մյուսին պետք է փոխլրացնի: Բայց այդ պատասխանը զուտ տեսական է, որովհետեւ հնարավոր չէ, որ տասնյակ հազարավոր մարդիկ անընդհատ եւ բոլոր առիթներով դուրս գան փողոց, բողոքեն, պիկետներ կազմակերպեն եւ այլն: Լինում են ժամանակաշրջաններ, երբ քաղաքացիները կատարում են իրենց ընտրությունը եւ մի կողմ են քաշվում: Մանավանդ, երբ ոչ ոք լրջորեն չի կասկածում, որ քաղաքացիների կամքը  խեղաթյուրվել է: Այդպես է, մասնավորապես, Հայաստանում 2018 եւ 2021 թվականներին:

Փորձենք մանրամասնել, թե ինչի՞ մանդատ է տվել մեծամասնությունը Փաշինյանի կառավարությանը: Արցախի խնդրում, կարծում եմ, ամեն ինչ պարզ է. մեծամասնությունը հունիսի 20-ին իր հավանությունը տվեց այս հարցում կառավարության քաղաքականությունը եւ պատերազմի արդյունքներին. ենթադրում եմ, որ նույն ոգով կատարվելիք իշխանության հետագա քայլերը նույնպես, համենայնդեպս, դժգոհություն չեն առաջացնի: Իհարկե, կանխատեսելի է, որ էլի կլինեն բողոքողներ, որոնք դուրս կգան փողոց: Բայց նրանք փոքրամասնություն կլինեն, որին կկպցնեն «նախկինների» պիտակը, եւ դրանով հարցը կփակվի: Այստեղ, ինձ թվում է, հասկանալի է, թե ինչ է մեզ սպասում:

Անդրադառնանք ավելի մանր հարցերին: Օրինակ, կառավարությունը մանդատ ստացե՞լ է գույքահարկը բարձրացնելու: Ինձ թվում է՝ այո: Եթե դուք դրանից դժգոհ եք, ուրեմն դուք ժողովրդավարությանը դեմ եք: Իսկ եթե Ամուլսարի հանքը սկսի՞ աշխատել. ՔՊ-ն նախընտրական խոստում տվե՞լ է, որ այն կփակի: Ո՞չ: Ուրեմն՝ հանգիստ կարող է բացել: Իսկ իշխանամերձ օլիգարխներին Ֆիզիկայի ինստիտուտի գիտական բանավանում շինարարության մանդատ ժողովուրդը տվե՞լ է: Իսկ դրա դեմ բողոքողների, նաեւ անչափահասների հանդեպ ծեծուջարդ սարքելու մանդա՞տը: Բայց՝ ինչո՞ւ ոչ: Եթե ժողովուրդն է ընտրել այս իշխանությանը, ուրեմն «կարմիր բերետները» բոլոր իրավական հիմքերն ունեն մարդկանց ոտնատակ տալու: Այդ առաջ էր, «Սերժի վախտ», երբ դա դատապարտելի էր, եւ ամեն մի նման առիթով իրավապաշտպան հ/կ-ները մի քանի զեկույց էին գրում եվրոպական համապատասխան կառույցներին: Իրավիճակ է փոխվել:

Իսկ ընդդիմադիրներին հետապնդե՞լը: Դրան ընդհանրապես չարժե անդրադառնալ, որովհետեւ նրանք իրականում ընդդիմադիր չեն՝ նրանք ժողովրդի թշնամիներ են, հանցագործ եւ թալանչի, որոնց հետապնդելու մանդատը ոչ թե սովորական է, այլ պողպատյա:

Ահա եւ ստացվում է, որ մենք ունենք ազատազրկված 3 ընդդիմադիր պատգամավորներ: Ամեն ինչ «ժողովրդավարական գործընթացի» շրջանակներում է:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այժմու վարչակարգի ընտրութիւններին ստացած մեծամասնութիւնը,
    53,91 տոկոսանոց սոսկալի, պողպատեայ «մանդատ»ը,
    հիմնուած է… 50126 (յիսուն հազար հարիւր քսան վեց) ձայների վրայ

    . քուէարկողների ընդհանուր թուաքանակ՝ 1281997
    https://www.elections.am/Elections/Parliamentary
    (ձախ լուսանցքին մէջ, վարը, սեղմել՝ «Արդյունքներ»)

    . փաշինյանիզմը ստացաւ արտայայտուած քուէների 53,91%-ը
    https://www.elections.am/Elections/Parliamentary
    (ձախ լուսանցքին մէջ, վարը, սեղմել՝ «Ամփոփ»)

    . բացարձակ մեծամասնութեան շեմը անցան ուրեմն, 3,91%ով

    . 1281997ի 3,91%ը = 50126

    եթէ թուաբանական սխալ կայ այստեղ, խնդրեմ, հաճեցէք սրբագրել…

    3,91%ը նշանակալից կրնայ հանդիսանալ, երկրի մը պարագային ուր ասենք, գոնէ տասը միլիոն քուէարկողներ կան…
    Հայաստանի պարագային, բացարձակ թիւերով, դա ոչինչ է.

    «պետական» համայն պաշտօնեաների թիւը, հաւանաբար արդէն 50000ից աւելի է…

    ի դէպ, Փաշինյանը ինքը իսկ, ընտրարշաւի ժամանակ, նախատեսած էր իր այս խնդիրը.
    յայտնելով, թէ իրեն հարկաւոր է գոնէ 60%անոց մեծամասնութիւն. Սիմոնյանն ալ նոյնիսկ այդ մասին ըսած էր, թէ Փաշինյանը սխալւում է, իրենք ստանալու են 60% աւելի բարձր մեծամասնութիւն.

    50 000 ձայն… եւ այդ ալ դեռ, այն պայմանների մէջ որ տեղի ունեցան ընտրութիւնները…

    վստահ եղէք որ օտար պետութիւնները բոլորն ալ լաւապէս գիտակից են այս խնդրին…

  2. Հ.Շ. says:

    Այսօր, Փաշինյանը ըսաւ՝
    «ժողովուրդը իր դատավճիռը կայացրել է, և դուք ստիպված եք էդ դատավճռի հետ հաշվի նստել և համակերպվել էդ դատավճռի հետ»
    ………………………………………………………….
    Այսինքն, ըստ իրեն, իր մեղքերն ու յանցանքները ջնջուած են, խորհրդարանային ընտրութիւններու միջոցաւ:

    Փաշինյանի այս իւրայատուկ «տրամաբանութիւնը», ինքնին անգամ, որպէս վարկած, ի զօրու չէ

    ժողովուրդը, եթէ այդ բնոյթի…………………………….
    լրիւ գրառումը՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=965215877657634&id=368796210632940

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031