ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում օգոստոսի 20-ին մի գրառում է կատարել, որով մտահոգություն է հայտնում կառավարության 2021 թվականի ծրագրում Արցախին վերաբերող դրույթների շուրջ։
Պարոն Աշոտյանը նկատել է, որ կառավարության այս ծրագրում բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։ «Արցախի սուբյեկտայնությունը վերացված է եւ գալիք հինգ տարիներին այս տեմպերով վերջնականորեն մահանալու է։ Կառավարությունը չի նախատեսում վերջին Արցախյան պատերազմի մեղավոր Ադրբեջանին եւ Թուրքիային կանչել միջազգային պատասխանատվության։ Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքները ու սպանությունները պետք է ուսումնասիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաեւ մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող ( Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան հկ-ների գնահատականներ եւ այլն)»,-գրել է Արմեն Աշոտյանը։
Թե ինչո՞ւ է այս իշխանությունն իր ծրագրում խուսափում օգտագործել Արցախի Հանրապետություն եզրույթը փորձեցինք պարզել կառավարությունից, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր զանգերին չպատասխանեց։ Մեր զանգերին չարձագանքեցին նաեւ իշխող ուժի մի շարք պատգամավորներ եւ ԱԳՆ խոսնակը։
Սակայն, ուսումնասիրելով տարբերի տարիների կառավարությունների եւ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, Aravot.am-ը պարզեց, որ օրինակ 2018-ին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում օգտագործվում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը, իսկ ահա 2018-ին ձեւավորված կառավարության ծրագրում «Արցախի Հանրապետություն» չի կիրառվում, այս եզրույթը չի օգտագործվում նաեւ 2019-ի կառավարության ծրագրում։
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ 2013 թվականին Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում եւս գրված չէ «Լեռնային Ղարաբաղ»։ Այդ տարիներին եւ մինչեւ 2017 թվականը պաշտոնապես օգտագործվում էր Լեռնային Ղարաբաղ կամ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, քանի որ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությամբ ամրագրված էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», իսկ 2017-ի նոր Սահմանադրության մեջ գրված է «Արցախի Հանրապետություն»։
2013 եւ 2014 թվականների կառավարության ծրագրերում Արցախին վերաբերող դրույթներում գրված է «Լեռնային Ղարաբաղ»։ Իսկ ահա 2012-2017 թվականի կառավարության հնգամյա ծրագրում Արցախին վերաբերող դրույթներում գրված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։ 2016-ի ՀՀ կառավարության ծրագրում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» է գրված, իսկ 2017-2022 թվականների հնգամյա ծրագրում՝ «Արցախի Հանրապետություն»։
Ուշագրավ է, որ 2000-2003 (01.11.1999-30.04.2000 վարչապետն Արամ Սարգսյանն էր), 2003-2007(վարչապետ Անդրանիկ Մարգարյան), 2007(վարչապետ Սերժ Սարգսյան) եւ 2008-2012 թվականների կառավարությունների ծրագրերում ներառված չեն եղել Լեռնային Ղարաբաղին կամ Արցախին առնչվող դրույթներ։ Ըստ էության կառավարության եւ նախընտրական ծրագրերը ներքին շրջանառության փաստաթղթեր են, բայց դրանք ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ արտաքին աշխարհում եւ միջազգային հարաբերություններում։
Aravot.am-ի հետ զրույցում 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Տարոն Սիմոնյանը նշում է՝ կառավարության ծրագիրը պաշտոնական փաստաթուղթ է, որը ե՛ւ իրավական է ե՛ւ քաղաքական, եւ քաղաքական տեսանկյունից քաղաքական ուժերը գուցե մտավախություն ունեն, որ իշխող ուժն իր կառավարության ծրագրում, եթե չի ներկայացնում որպես Արցախի Հանրապետություն, կարող է դա ինչ-որ բան ենթադրի․«Բայց դա ներքին քաղաքական հարց է, արտաքին չի կարող դիտարկվել։ Եթե օրինակ Ադրբեջանը այդ փաստաթղթին հղում տա, դա միջազգային ատյաններում որպես պետության դիրքորոշում չեն ընդունի։
Կառավարության ծրագրում ինչ-որ բառի լինել կամ չլինելը պետք է կոնտեքստում դիտարկել, եթե չկա հանրապետություն բառը կամ Արցախ բառը, դա չի կարող դիտարկվել, որ տվյալ կառավարությունը չի ուզում Արցախի Հանրապետության հարցով զբաղվել։ Այլ պետություն չի կարող դրան հղում անել եւ ասել՝ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Արցախից, քանի որ ծրագրում չի գրել այդ մասին։ Իհարկե, ես լինեի, ամեն տեղ կգրեի Արցախի հանրապետություն, եւ դրանով կընդգծեի համազգային հարց դարձած այս խնդիրը։ Բայց ես հույս չունեմ, որ այս կառավարությունը ունակ է մի բան անել, հետեւաբար նրա գործողություններին լուրջ չեմ վերաբերվում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ