Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում հերթական կանաչ տարածքը՝ ոչնչացման վտանգի տակ․ ահազանգում է փաստաբանը

Օգոստոս 23,2021 21:45

Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանն ահազանգում է Գյումրիում հերթական կանաչ տարածքի ոչնչացման վտանգի մասին։

Բանն այն է, որ փաստաբանը Գյումրու Մազմանյան փողոցի N3/1 հասցեում` թիվ 2-րդ պոլիկլինիկայի կողքին հասարակական նշանակության օբյեկտ է կառուցում, այնտեղ նաև իր փաստաբանական գրասենյակն է գտնվելու։ Թամարա Յայլոյանը ցանկություն է հայտնել իր կառույցի շրջակա միջավայրը գեղեցկացնել, իր միջոցների հաշվին բարեկարգել հարակից կանաչ տարածքը, սակայն նրան Գյումրու քաղաքապետարանում մերժել են՝ պատճառաբանելով, որը հարակից տարածքում տնակ կա, չես կարող։

Հարակից հողամասը, ըստ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի՝ 03․09․2020 թվականի պաշտոնական գրության, Գյումրիի գլխավոր հատակագծով գտնվում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում, կա նաև կադաստրային քարտեզը (տես փաստաթղթերում):

«Ինձ համար շատ զարմանալի էր, թե ինչպես է կանաչ տարածքում թույլատրել տեղադրել տնակ, ինձ բացատրեցին, որ ժամանակավոր են թույլատրել տեղադրելու, սակայն ես գիտեմ, որ այս տնակատիրոջ վարձակալության պայմանագրի թույլատրելիության ժամկետն անցել է ու շարունակում է կրկին մնալ։

Վերջին անգամ, երբ տեսա տնակի տիրոջը, հայտարարեց, որ ինքը թույլտվություն ունի քաղաքաշինության կոմիտեից և պետք է կառուցապատի այս տարածքը։

Ինձ համար շատ զարմանալի է, թե ինչպես Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հող հանդիսացող տարածքում թույլատրում են կառուցապատում կատարելու, թեկուզ ժամանակավոր։

Ես որքան հասկանում եմ, մեխանիզմը հետևյալ կերպ է գործում․ ժամանակավոր թույլատրում են, մարդիկ հիմնական կառույց են կառուցում, կառուցելուց հետո էլ դիմում են, հողի նշանակությունը փոխում են ու վաճառում են տվյալ անձին։

Եթե նման բան տեղի ունենա, ես կդիմեմ իրավապահ մարմիններին, որովհետեւ ես նույնպես լինելով այս քաղաքի բնակիչը՝ չեմ ուզում, որ կանաչ տարածքները օտարվեն։ Ես հույս ունեմ, որ այս հարցը կլուծվի, և այս կանաչ տարածքը կվերադարձվի քաղաքի բնակիչներին։

Բացի այդ, նշեմ՝ եթե նման կարգ գոյություն ունի, որ կանաչ տարածքում տեղադրված տաղավարը կարող է հավերժ մնալ, ես էլ եմ ուզում, որ մի կանաչ տարածքում ես էլ այդպիսի մի տաղավար տեղադրեմ և 40-50 տարի, նույնիսկ 99 տարի տարածքը զբաղեցնեմ։

Որքան գիտեմ 30 տարուց ավել է, որ այս տնակը գտնվում է այստեղ, երևի ժամանակն է, որ կանաչ տարածքները վերադարձվեն բնակիչներին», -ասաց Թամարա Յայոլյանը։

Aravot.am-ը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Մենք հարցրեցինք՝ ո՞վ է տնակատերը և արդյո՞ք նրան կառուցապատելու իրավունք է տրված Գյումրու քաղաքապետարանի կողմից։

Պաշտոնյան համաձայնեց մեր հարցերին պատասխանել՝ գրավոր հարցում ստանալուն պես։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031