Ուջանի վավերագրական ֆիլմերի «Ծիրանի ծառ» միջազգային փառատոնն այս տարի հարգանքի տուրք է մատուցում ֆրանսիացի նշանավոր վավերագրող ռեժիսոր Քրիս Մարկերին: Նրա երեք ֆիլմերն օգոստոսի 26-ին կարող եք բացօթյա դիտել Ուջանում (www. atieff.org):
ԱՌԱՆՑ ԱՐԵՎ…
-Ահա այսպես է պատմությունն առաջ ընթանում՝ ձգելով իր հիշողությունն, ինչպես ականջն են ձգում,- վավերագրելով ու համադրելով իրար և հայրենիքը դաված հեղափոխականների պատմությունները՝ փաստում է Քրիսթիան Իպոլիտ Ֆրանսուա Ժորժ Բուշ- Վիլլընյովը՝ փորձարար վավերագրող ռեժիսորը, լրագրողը, լուսանկարիչը, կինոքննադատը, մուլտիմեդիա արտիստը, պոետը, որ սևեռված էր ժամանակ և հիշողություն երևույթներին…
«Ո՞վ է ասել, թե ժամանակն է ամոքիչն ամեն վերքի.
Ճշմարիտ է ավելի, թե ժամանակն ամոքիչն է ամենի, սակայն ոչ՝ վերքի:»
Սամուրա Կոիչի (թարգմ.՝ Լ.Հ.)
Այս հանելուկ-մարդը, որ Կերկեգորի պես՝ ինքն իրեն անընդհատ մականուններ էր հորինում ու դրանցով հանդես գալիս մեկ որպես հունգար օպերատոր, մեկ որպես ճապոնացի վիդեո արտիստ, մեկ որպես կինոհետազոտող*, մեկ որպես ֆիլմի երաժշտության հեղինակ, մեկ էլ որպես… բլոգեր- կատու, ինքն էլ, թերևս, վավերագրող-փիլիսոփա էր: Նրա ժառանգությունը ներառում է գրեթե ութ տասնյակ հեղինակային ու համատեղ վավերագրական ֆիլմ- էսսե, ինչպես նաև լուսանկարչական, վիդեո, մուլտիմեդիա արվեստի գործեր և գրական երկեր ու կինոգիտական ակնարկներ:
Ասում են, թե «անհայտ կինոռեժիսորներից ամենանշանավորին» ուղղակի անհնար էր հարցազրույցի համար լուսանկարել …
Այս հանելուկ-մարդն իր մտքի տեսախցիկով ժամանակի «հակառակ երեսն» էր տեսնում: Կինոռեժիսորներից ուրիշ էլ ո՞վ է մեկ ուրիշ ռեժիսորի առաջին ֆիլմի առաջին՝ ու վերջին ֆիլմի վերջին կադրերը համադրել ու հասկացել, որ Անդրեյ Տարկովսկին միակն է, որի «ողջ ստեղծագործությունը տեղավորվում է երկու երեխայի ու երկու ծառի միջև», իսկ Հիչքոկի «Վերտիգոն» միակ ֆիլմն է, որն «ունակ է եղել ցուցադրել անկարելի, հիվանդագին հուշը»:
Մարկերը հափշտակված էր հուշի և հիշողության պրոցեսով.
-Ինչպես է հիշում մարդն առանց արձանագրող սարքերի օգնության, –հարցնում է նա իր «Առանց արև» կինոանթոլոգիայում, որտեղ ի թիվս վավերագրած բազմաթիվ դեպքերի, դեմքերի, երևույթների ու փաստերի՝ հիշատակում է նաև Բաշոյի հայկուն՝ իր ուռենիով ու ձկնկուլով:
«Ուռենին ձկնկուլին գլխիվայր է տեսնում:» Բաշո, XVդ.
Իսկ ինչպե՞ս է հիշում ջուրը… Ինչպես է ջուրն իր հիշողությունը փոխանցում ծառին՝ ուռենուն, կամ հենց սեքվոյային, որի դիմաց Մարկերի հերոսները ևս կանգ են առնում՝ մատնելով նրա հափշտակությունը Հիչքոկի «Վերտիգոյով»:
Հիվանդագին հուշն այն միջուկն է, որի շուրջ կառուցված է նաև Մարկերի միակ խաղարկային կինոաշխատանքը՝ «ԴԻՏԱՀԱՐԹԱԿԸ» ֆոտոնովելը: Մարկերի՝ այլ ռեժիսորներին բազմիցս ներշնչած գլուխգործոցի նորարար կինոմտքին, ֆոտո և ձայնային մոնտաժի կախարդանքին ու ազդու –թովիչ երաժշտությանը չեմ անդրադառնալու. նպատակս այլ է` վերհանել այն, ինչը, թերևս, ֆանտաստիկ ու անարժանահավատ կարող է թվալ …
«Ճշմարտությունն իր ֆանտաստիկությամբ անարժանահավատ պիտի լիներ… » Քրիս Մարկեր, «Դիտահարթակը» ,1962
Երևակայեք, որ տիբեթյան մահագիտությունն ու բուդդիզմում արծարծվող ԿԱԼԱՊԱ նյութը Քրիս Մարկերի գլուխգործոցի հետ անմիջական առնչություն կարող են ունենալ…
Կալապա նախանյութն ընկալվում է որպես վայրկյանում տրիլիոն անգամ ծնվող-մեռնող մանրամասնիկների կամ մանրառկայծումների ամբողջություն: Այն նման է գերարագ շարժվող ֆանտաստիկ մի տեսախցիկի, որն այդ մանրառկայծումների տրիլիոնավոր կադրերից շարժման խաբկանք է ստեղծում: Այդ տեսախցիկը ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է:
Քրիս Մարկեր, «Դիտահարթակը» (1962)
Մարկերը գիտակցության ՍԻՆԵՄԱՏՈԳՐԱՄ է ստացել, ինչպես նկատում է բելգիացի կինոտեսաբան Ֆիլիպ Դյուբուան**: Ֆոտոկադրերից միայն մեկում է սինեմատիկ կենդանությունն առկայծում. կինը թռչունների ճռվողյունի ներքո առավոտյան զարթնում է «կարճատև մահից » …
ՍԱՌԱԾ ԱՐԵՎ…
Ըստ բուդդիստական ու հնդկական ավանդական մահագիտության՝ մերձմահու ամենաազդու զգայական փորձառությունը դաջվում է մարմնազուրկ նրբին էությունում՝ սևեռուն կրկնությամբ բյուրապատիկ ուժգնանալով: Այդու՝ անցանկալի են համարվում բռնի մահը կամ մերձմահու նեգատիվ փորձառությունը:
Մարկերի սինեմատոգրամի մեխը հենց այդ սևեռումն է. գլխավոր հերոսն ինչ-որ մեկի բռնի մահվան ականտեսը դարձած երեխա է, որին տեսնում ենք արդեն չափահաս: Նա ինքն էլ չգիտի, թե ինչու է սևեռված իր մանկությունից մնացած բռնության այդ տեսարանին: Ինչպես ավելի ուշ կպարզվի՝ դա հենց իր մահվան պահն է, որից մնացել են վերջին զգայական տպավորությունները՝ հանկարծահաս որոտը, ներկաների խլացած ճիչերը, անծանոթ կնոջ ժեստն ու դեմքը: Աշխարհավեր միջուկային պատերազմի մետաֆորը լավագույնս հաղորդում է ավարտի էությունը. աշխարհն ավերված է, արևը՝ սառած… Նկատենք՝ հերոսը հայտնվում է հադեսյան ստորգետնյա թագավորությունում՝ մինչ վերևում կյանքը երրորդ աշխարհամարտի պատճառով վերացել է, իսկ երկիրն առնետների թագավորության է վերածվել: Ֆանտաստիկ սյուժեն, որ հորինել է Մարկերը՝ վարպետորեն դիպչում է թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ հոգևոր-փիլիսոփայական, թե՛ զգայական, թե՛ գիտա-ֆանտաստիկ ոլորտներին: Նրա հերոսը անցյալ կգնա, ապա կշփվի ապառնիի մարդկանց հետ, որոնք նրան էներգիայի նորագույն աղբյուր կտան: Չէ՞ որ ստորգետնյա բանտում նրան գիտափորձի համար են օգտագործում, և իհարկե, նա պետք է փրկի ո՜ղջ աշխարհը: Իսկ ի՛ր աշխարհն ինչպե՞ս պիտի փրկվի…
Մահն ու ծնունդը արևելյան ուսմունքներում հաճախ մեկ ամբողջության՝ իրար հերթագայող երկու հատվածներն են: Երկու աշխարհների միջև չմոլորվելու համար տիբեթյան մեռյալների գիրքը՝ «Բարդո թհյոդոլը» , ծառայում է որպես վարժանքի ձեռնարկ և ուղեցույց: Գոյություն ունի անգամ հետմահու՝ թհուկդամ կոչվող մտասևեռման տեսակ, որում հաջողելու համար վանականները դեռ կյանքի օրոք են վարժվում:
«Տասներորդ օրը խոստովանության պես սկսում են հորդել պատկերները… » Քրիս Մարկեր, «Դիտահարթակը» ,1962
Մարկերի ֆիլմում Շայյոյի ստորգետնյա համակենտրոնացման ճամբարում գտնվող հերոսի վարժանքը համահունչ է տիբեթյան մահագիտությանը: Մարմնավորի աշխարհում կրկին հայտնվելու համար 49-50 օր է պահանջվում: Քրիս Մարկերի սցենարում կարդում ենք.
« 50-րդ օրը չլրացած՝ նրանք հանդիպում են հավերժական կենդանիներով լի մի թանգարանում: Այժմ թիրախը ճշգրտված է: Նրան կուղղորդեն դեպի տվյալ պահը, և նա կարող է մնալ այնտեղ …»
Ի՞նչ թիրախի մասին է խոսքը… Փորձաճագարի դերում հայտնված մարդուն վարժանքի են ենթարկում՝ նրան ապառնի աշխարհ ուղղորդելու նպատակով, մինչդեռ հերոսն ու անցյալից նրա հիշողության մեջ դրոշմված անծանոթուհին գրեթե 50 օր տևած վարժանքից հետո նույն ժամանակում պատրաստ են համակեցության: Ի դեպ, տիբեթյան մահագիտության մեջ մարմնավորվող արական էությունը ուժգին կրքով ձգտում է դեպի իր ապագա մայրը, իսկ իգական էությունը՝ դեպի հայրը: Ահա այսպես, Էդիպի ու Էլեկտրայի բարդույթների մասին արևելքում վաղուց գիտեին…
Մարկերի սինեմատոգրամի հերոսն այն աստիճան «համր վստահությամբ» է լցվում անծանոթ կնոջ հանդեպ, որ մանկության փոթորկուն ու աղետալի պահը գերադասում է իրեն առաջարկված ապառնի հանգստավետ աշխարհից: Չնայած վերջաբանի թվացյալ մռայլ-հանելուկային երանգին, Մարկերի ֆոտոնովելը դիտողի համար ոչ միայն ստեղծագործ մտքի զորեղ խթան է, այլև ուղերձ բոլոր նրանց, ովքեր ի զորու են այն ընկալել. հայտնվելով իր փափագած վայրում ու ժամանակում հերոսը մտածում է, որ այն երեխան էլ պիտի նույն վայրում ու նույն պահում լինի, և վազելով դեպի կինն՝ ապրում է ճշմարտության ու պայծառացման ի՛ր պահը՝ մահվան, կամ նոր ծնունդի…
Լուսինե Հովհաննիսյան
Աղբյուրներ՝
**Ֆիլիպ Դյուբուա. Քրիս Մարկերի «Դիտահարթակը», կամ գիտակցության սինեմատոգրամ