ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԻՐԱՔԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ
2017թ. հանրաքվեով Իրաքյան Քրդստանն ինքնահռչակվեց որպես անկախ պետություն, սակայն Իրաքի կենտրոնական իշխանությունները մերժեցին երկրի հյուսիսային շրջանների անկախացումը` թույլ տալով միայն ինքնավարություն: Վերջինս կարող է ունենալ իր զինված ուժերը, վարչակազմը, քաղաքականությունը և այլն:
Իրաքի հյուսիսում կազմավորված քրդական ինքնավար տարածաշրջանը վայելում է ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական աջակցությունը, թեև Վաշինգտոնն առերևույթ կոչ էր անում հետաձգել հանրաքվեն: Իսրայելը սատարում է Իրաքյան Քրդստանի («Հարավային Քրդստան») անկախացմանը, մինչդեռ հարևան Թուրքիան, Սիրիան և Իրանը կտրականապես դեմ են դրան: Ռուսաստանն առայժմ չեզոքություն է ցուցաբերում:
Ռազմական ընդլայնվող աջակցությունը քրդական իշխանություններին հնարավորություն է տալիս ակտիվ պայքար մղել ինչպես ահաբեկչական կազմակերպությունների դեմ, այնպես էլ դիմագրավել թուրքական նկրտումներին: Սակայն քրդական անկախ պետության գոյությունը տարածաշրջանի և այլ երկրների համար տարբեր կերպ է ընկալվում` առաջացնելով նոր մարտահրավերներ, խնդիրներ կամ հնարավորություններ:
ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ ՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
Իսրայելի կողմից քրդական կազմավորումներին ցուցաբերվող պատմական աջակցությունը, որը տասնամյակներ շարունակ գաղտնի բնույթ է կրել, ներկայումս արտահայտվում է Վաշինգտոնի կողմից ակնհայտ աջակցությամբ:
Կարդացեք նաև
Այսպես, ամերիկյան Պենտագոնը հարավքրդական Փեշմերգային 50,1 մլն դոլար է հատկացրել ձմեռային ամիսներին ահաբեկչության դեմ պայքարի համար: Քրդական զինված ուժերը որպես պարգևատրում ստացել են նաև զենք-զինամթերք, վառելիք ու մթերք: Հայտարարվել է, որ մինչև ս.թ. դեկտեմբեր ամիսը Քրդստանի ԶՈւ 12 բրիգադի հատկացվելու են սպառազինության համալիրներ, տեղեկություններ կան Abrams տեսակի 80 միավոր տանկի փոխանցման մտադրության մասին:
Թեև ամերիկյան կողմը քրդական կազմակերպություններին տրամադրվող աջակցությունը պայմանավորում է ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությամբ, սակայն բազմաթիվ կարծիքների համաձայն՝ հիմնական շարժառիթը քրդական պետության կայացման գործընթացն է, որին ձգտում են Վաշինգտոնն ու Թել Ավիվը` որպես մերձավորարևելյան կենտրոնական շրջանների և հարևանների նկատմամբ վերահսկողության միջոց:
Իրաքյան Քրդստանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է ինչպես աշխարհագրական դիրքով, այնպես էլ հարուստ էներգետիկ պաշարներով: Հայտնի է, որ այս տարածաշրջանն է Բաղդադի հիմնական եկամուտներն ապահովում: Այդ իսկ պատճառով հյուսիսի նկատմամբ վերահսկողությունը կնշանակի ազդեցություն ամբողջ Իրաքի և տարանցիկ ուղիների նկատմամբ:
Բացի այդ, որն ավելի կարևոր կարող է լինել ամերիկյան քաղաքականության տեսանկյունից, ինքնավար, ուժեղ և դեպի անկախություն գնացող Քրդստանը կարևոր մտրակ կդառնա ԱՄՆ-ի համար` ընդդեմ Թուրքիայի և Իրանի: Այսպես, եթե Իսրայելի նպատակն անկախ Քրդստանն է, ապա ԱՄՆ-ի համար նախընտրելի է իր վերահսկողության ներքո գտնվող պետական կազմավորումը:
ԽՆԴԻՐՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ
Թուրքիայի համար վտանգավոր է իր և իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում քրդական անջատողական շարժումների ակտիվացումը` ազգային պետությանը միանալու մղումով: Եվ հենց այդ պատճառով է Անկարան քրդական քաղաքական կազմակերպություններին փորձում նույնականացնել ահաբեկչական հռչակված Քրդական բանվորական կուսակցության հետ: Վերջինիս դեմ, ի դեպ, պայքարում են նաև քրդական ինքնապաշտպանական ուժերը:
Քրդական պետությունը, ինչպիսին պատմության ընթացքում չի եղել, մեծ ոգևորություն կարող է առաջացնել քրդական հոծ բնակչության շրջանում: Ինչպես գիտենք, նրանց հիմնական մասը բնակվում է Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում, Իրանի հյուսիս-արևմուտքում, Սիրիայի հյուսիսային շրջաններում: Եվ Իրաքյան Քրդստանն աշխարհագրորեն նրանց միավորող կենտրոնական տարածքն է դառնալու` արտահանելով ոչ միայն անջատողական տրամադրություններ, այլև սպառազինություն ու մարդկային ուժ:
Անջատողականությունից բացի Իրանի դեպքում մեծ խնդիր է նաև իր «քթի տակ» իսրայելական ու ամերիկյան մեծ աջակցություն վայելող կազմավորման ծնունդը: Սա նաև թուլացնելու է Բաղդադում, ինչու չէ նաև Դամասկոսում իրանական ազդեցությունը: Նոր պետությունը նաև կարող է անկանխատեսելի լինել և զսպել նույնիսկ իրանական տնտեսական հետաքրքրությունները:
Իրանի դեպքում խնդիրը հատկապես լրջացել է այն բանից հետո, երբ Թեհրանը չկարողացավ կյանքի կոչել «քրդական առանցքը»` Իրան-Իրաք սահմանից մինչև Միջերկրական ծով ձգվող «միջանցք»-ն իրանահպատակ քրդական ուժերի վերահսկողությամբ: 2015թ. մեկնարկած այդ ծրագիրը տապալվեց նախ` Սիրիա թուրքական ներխուժմամբ («Եփրատի վահան», որը, հավանաբար, «վահան» էր հենց այդ ծրագրի դեմ), ապաև` Իրաքի հյուսիսում թուրքական ուժերի տեղակայմամբ («Արծվի ճանկ» ), որոնք կտրեցին ցամաքային կապն Իրանի աջակցությունը վայելող քրդերի և քրդական կենտրոնական կազմակերպությունների միջև: Արդյունքում քրդական հիմնական կազմավորումները մեն-մենակ մնացին թուրքերի ու ահաբեկիչների դեմ` ապավինելով ամերիկյան աջակցությանը:
Ու թեև թուրքական միջամտությունը Թեհրանի և Անկարայի միջև որոշակի բարդություններ առաջացրեց, սակայն քրդական պետության ստեղծումը երկուսի համար էլ շարունակում է անընդունելի մնալ:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԴՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ
Հայտնի է, որ ԽՍՀՄ իշխանությունները մեծ աջակցություն էին ցուցաբերում քրդերին` ՆԱՏՕ-ական Թուրքիայի դեմ պայքարում աջակցության ակնկալիքով: Նույնն էր նաև Սիրիական հակամարտության առաջին տարիներին, երբ Մոսկվան Դամասկոսին առաջարկում էր լայն ինքնավարություն տրամադրել քրդական կազմավորումներին: Սակայն թուրքական ներխուժումն այս հարցում նույնպես իրավիճակը փոխեց:
Իրաքյան Քրդստանի դեպքում Ռուսաստանը թեև չեզոքություն պահպանեց, սակայն, ինչպես նշում են մասնագետները, նրան ձեռնտու է կա՛մ տնտեսապես Մոսկվայից կախվածություն ունեցող Քրդստանը, կա՛մ խժդժություններով լի տարածաշրջանը:
Այսպես, ռուսական էներգետիկ կազմակերպությունները փորձել են մեծ ներդրումների (տարեկան մինչև 4 մլրդ դոլար) գնով «տիրանալ» քրդական վերահսկողության ներքո գտնվող էներգակիրներին, սակայն այս մարտավարությունը շուտով փոխարինվել է տարածաշրջանային անկայունության նախընտրությամբ. կարևոր է, որ քրդական գազը չգրավի թուրքական շուկայի` ռուսական գազի բաժինը։
Բացի տնտեսականից պատմական տարբեր ժամանակաշրջաններում քրդերի նկատմամբ ռուսական վերաբերմունքը երբեք չի շրջանցել Թուրքիայի և Իրանի հետ հարաբերությունները, նույնիսկ այն դեպքում, երբ քրդական ջոկատները ցարական զորքի հետ միասին կռվել են նրանց դեմ: Այս անգամ ևս Ռուսաստանը չէր կարող քրդերին նախապատվություն տալ թուրք և պարսիկ գործընկերների հաշվին:
Այսպիսով, ռուսական հետաքրքրությունն անկախ Քրդստանի նկատմամբ սահմանափակվում է Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանմամբ և սեփական տնտեսական շահերով:
Ի՞ՆՉ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ
2020թ. պատերազմից հետո, թվում է, Հայաստանում ստեղծված իրավիճակը չի կարող թույլ տալ իրականացնել ակտիվ արտաքին քաղաքականություն, հատկապես այնպիսի վիճելի ու բազմաշերտ հարցերում, որոնցից են Սիրիայի և Իրաքի Քրդական ինքնավարությունները: Սակայն ուշագրավ է, որ հենց Իրաքյան Քրդստանն է շահագրգռված Երևանի հետ գործընկերությամբ: Եվ ինչպես նշում են ոլորտի մասնագետները, Իրաքյան Քրդստանի և Հայաստանի միջև զարգացման միտումներն ակնհայտ են:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացվել են բազմաթիվ փոխադարձ այցեր, կայացել են բարձր մակարդակի հանդիպումներ ինչպես Էրբիլում, այնպես էլ Երևանում Իրաքյան Քրդստանի առաջնորդների և Հայաստանի կառավարության անդամների միջև: Հայկական կողմը, կարծես, արդյունավետ կերպով է օգտագործում Իրաքի քրդական ինքնավարության հետ հարաբերությունների հնարավորությունը, և որ ամենակարևորն է` պաշտոնական Բաղդադը դրա վերաբերյալ առարկություններ չունի:
Բուն հարցը, սակայն, հնարավոր անկախ Քրդստանի գոյության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է: Թերևս հայ-իսրայելական «մերձեցման փորձի» հետևանքներ չունենալու մտավախությամբ` Հայաստանի համար այս դժվարին ժամանակահատվածում անհրաժեշտ է հաշվի առնել կարևոր գործընկեր-բարեկամների` Իրանի, Իրաքի և Սիրիայի վերաբերմունքը քրդական պետության ստեղծման վերաբերյալ:
Եթե որպես Թուրքիային զսպող գործիք անկախ Քրդստանը Հայաստանի համար նախընտրելի է, ապա բարեկամների դեպքում այս հարցում առավել զգուշավորություն պետք է ցուցաբերել և հույս հայտնել, որ քրդական պետության ստեղծումը չի վտանգի Իրանի տարածքային ամբողջականությունը, լրացուցիչ խնդիրներ չի առաջացնի Սիրիայի և Իրաքի համար:
Ի՞նչ անել: Կարելի է հետևել Ռուսաստանի օրինակին` Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ հարաբերությունները չստորադասելով քրդերի հետ գործընկերությանը, բայցև` «կամուրջները չայրել»: Կամ հայտարարել, որ Հայաստանի համար կարևոր է Սիրիայի և Իրաքի վերաբերմունքն իրենց տարածքներում քրդական պետական կազմավորումների ստեղծման վերաբերյալ, կարևոր է փոխադարձ համաձայնությունն ու խաղաղությունը տարածաշրջանում և այլն:
Կարելի է այլ օրինակներ դիտարկել, բայց առավել կարևոր է ճիշտ քաղաքականության ընտրությունն ու դիրքավորումն ի սկզբանե` արդյունավետության, հարաբերությունների հետագա խորացումը չվտանգելու և «չհիասթափեցնելու» համար:
Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԵՏ
Համադրելով հնարավոր Քրդական պետության ստեղծման մասին կարծիքներն ու լրացնելով դրանք` կարող ենք ենթադրել, որ այն հետադարձ գործընթաց չի ունենալու: Բայց դեռևս անհայտ հարցերից են` ի՞նչ ուղղությամբ կընթանան զարգացումները Սիրիայի և Իրաքի քրդական ինքնավարությունների շուրջ, ինչո՞վ կուղեկցվի անկախացման գործընթացը, արդյո՞ք հնարավոր պետությունը դասական բնույթ է կրելու, իսկ եթե այն չունենա՞ հստակ սահմաններ, պետական կառուցվա՞ծք և այլն:
Վատագույն տարբերակով` գործընթացն անցանկալի հետևանքներ է ունենալու ամբողջ տարածաշրջանի համար` Սինայից մինչև Կազբեկ, Ստամբուլից մինչև Համադան: Համարվում է, որ այսպիսի նոր պետության առաջացումը հարևան բոլոր երկրների համար խնդիրներ կստեղծի` հիշելով, որ Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում բնակվող քրդերի թիվը մոտ 40 մլն է:
Այսինքն` Քրդստանը պարզապես ինքնորոշված մի տարածք չի դառնալու, այլ իր տեսակի մեջ կենտրոնատեղի` աշխարհագրական արժեքավոր դիրքով, մարդկային ու նյութական մեծ հնարավորություններով: Եվ այս նոր պետությունը, անշուշտ, խափանելու է առկա բոլոր ծրագրերը, գործարքները, շահերն ու նոր սահմաններ է գծելու: Այս ամենին տարածաշրջանը դեռ պատրաստ չէ:
Ենթադրությունների շարքին կարող ենք դասել նաև անկախ պետության հզորացմանը զուգահեռ քրդական երազանքի իրագործումը, որով Քրդստանն ու Հայաստանն ընդհանուր սահմաններ կունենան: Բայց մինչ այդ քրդական կուսակցություններն ու միավորումները պետք է կարողանան համախմբվել անկախ պետությունը կյանքի կոչելու համար, ինչպես դա կարողացան անել հանրաքվեի գնալիս:
Վահրամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ժողովրդավարության XVII դպրոցի շրջանավարտ
«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)