Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Արմեն Չարչյանին իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում»

Օգոստոս 23,2021 18:11

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրած ասուլիսում հակաօրինական համարեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոցը կալանավորումով փոխելու՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը :
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռ․ Մխիթարյանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։ Չարչյանը գրավով ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի որոշմամբ:

Ըստ Սեյրան Օհանյանի` Արմեն Չարչյանն ընտրվել է պատգամավոր եւ պարտավոր է իր պատգամավորական գործունեությունը ծավալել: Այս ժամանակահատվածում նա իրեն դրսեւորել է որպես պատշաճ անձնավորություն, եւ, պարոն Օհանյանի խոսքով, նրա վարքագծում որեւէ փոփոխություն չի եղել. «Դա խոսում է այն մասին, որ Արմեն Չարչյանին իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում: Եվ ոչ միայն նրան, նաեւ այն անձնավորություններին ու ուժերին, որոնք հակադրվում են այսօրվա կառավարման համակարգին: Սա հակաօրինական երեւույթ է, եւ, գտնում ենք, որ պարոն Չարչյանը անհապաղ պետք է ազատ արձակվի»:

Նույն դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով` այս պահի դրությամբ դաշինքն ունի «պատանդառված» 3 պատգամավորներ եւ բազմաթիվ քրգործերով անցնող անձիք, որոնք ընդդիմության աջակիցներ են: Ըստ Արծվիկ Մինասյանի` այս իշխանությունը սպասարկում է օտարների օրակարգը եւ հետեւողականորեն պայքար է մղում ընդդիմության դեմ: Նրա խոսքով, այս բոլոր հարցերը բարձրացնելու են միջազգային կառույցների առաջ:

Ասուլիսին ներկա «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ Արմեն Չարչյանի գործով որեւէ զարգացում տեղի չի ունեցել, եւ միակ զարգացումն այն էր, որ նա ազատության մեջ էր եւ ստանձնել էր պատգամավորի մանդատը: Դատավոր Ռուբիկ Մխիթարյանն, ըստ պարոն Վարդեւանյանի, նաեւ 2018-ին է կատարել իշխանությունների պատվերը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով: Ըստ նրա՝ այսօր էլ պրոֆեսոր Չարչյանն է գտնվում կալանավորվածի կարգավիճակում: Արամ Վարդեւանյանը նշեց, որ պարոն Չարչյանն իր կամքով ներկայանալու է քրեակատարողական հիմնարկ:

Նույն դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի խոսքով՝ Հայաստանի ողջ պատմության ընթացքում ընդդիմությունը երբեք այսքան հետապնդված չի եղել: Ըստ նրա՝ Չարչյանի նկատմամբ կայացված դատական ակտն ապօրինի է. «Կայացված ակտում առկա են կարգապահական վարույթ հարուցելու հիմնավոր հիմքեր` պաշտոնական լիազորությունների չարաշահում: Պետք է հետևողական լինել, որ խախտում թույլ տված դատավորները ենթարկվեն պատասխանատվության»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031