Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանցի հայագետ և բանաստեղծ Ահմադ Նուրիզադեի հիշատակին

Օգոստոս 23,2021 17:55

Այսօր՝ երկուշաբթի, 23 օգոստոսի, առավոտյան, 70 տարեկանում Թեհրանում մահացել է իրանցի ճանաչված հայագետ և բանաստեղծ Ահմադ Նուրիզադեն:

Նա կատարելապես տիրապետում էր հայերեն լեզվին և գրում էր հայերեն ու պարսկերեն լեզուներով: Նուրիզադեն 15 գրքի հեղինակ է, թարգմանել է հայերեն արձակ և չափածո մեծ թվով գործեր. նրա գլուխգործոցն է «Հարյուր տարվա հայ բանաստեղծություն» գիրքը (1990 թ.), որտեղ ի մի է բերել հայ մեծ թվով բանաստեղծների լավագույն գործերն ու նրանց կենսագրականը:

Նուրիզադեն ծնվել էր Իրանի երբեմնի հայաշատ Անզալի քաղաքում, հայերեն էր սովորել բանաստեղծուհի Արշալույս Բաբայանի մոտ, իսկ գրաբարում հմտացել էր Սպահանի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Խաժակ Տեր-Գրիգորյանի մոտ: Նա` որպես հայ գրականության գիտակ ու նաև հայերենով գրող բանաստեղծ, լայն ճանաչում ուներ Հայրենիքում և Սփյուռքում:

Արժանացել էր Հայաստանի «Մովսես Խորենացի» շքանշանին (2001 թ.), Հայաստանի Գրողների Միության «Կանթեղ» մրցանակին (2005 թ.), ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալին (2011 թ.), «Կարպիս Փափազյան» մրցանակին (Վիեննա 2000 թ.): 2001 թվականին արժանացել էր Երևանի Պետական Համալսարանի պատվո դասախոս կոչման (2001 թ.):

Ահմադ Նուրիզադեն իր կոթողային գրքից բացի, առանձին հատորներով հրատարակել է Ակսել Բակունցի, Եղիշե Չարենցի, Նարդոսի, Ստեփան Զորյանի, Հովհաննես Թումանյանի, Հրաչյա Քոչարի, Վահագն Դավթյանի, Գալուստ Խանենցի և Վարանդի գործերի ընտրանի: Նա հրատարակել է նաև հայերենով և պարսկերենով գրած բանաստեղծությունների փունջ:

Նուրիզադեի ավանդը Իրանում հայ գրականության ծանոթացման գործում մեծ է և գնահատելի:

Հարգանք իր հիշատակին:

Տիգրան Դավուդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031