Այսօր կայացած դատական նիստում Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարեց «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հետեւաբար, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը կրկին կկալանավորվի:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը, որը պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով, ձերբակալվել էր իր ղեկավարած «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Ձերբակալմանը հաջորդել էր կալանքը՝ հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Սակայն ավելի ուշ՝ հուլիսի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց: Իսկ արդեն այսօր Վերաքննիչ դատարանը կրկին փոխեց խափանման միջոցը՝ գրավը փոխարինելով կալանքով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա պնդում է, որ իր գործողություններում հարկադրանք կամ ուղղորդում չկա:
Իսկ ընդդիմությունը պնդում է, որ Չարչյանի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում: