Ա1+. Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
«Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Լին Թրեյսին:
Անդրադառնալով անվտանգության և սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին նշեց, որ իր կարծիքը հայտնել է, և դիրքորոշումներ են հնչել նաև ԱՄՆ պետքարտուղարությունից։
«Թերևս գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, և ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»,- ընդգծեց տիկին դեսպանը և հավելեց, որ այս խնդիրների լուծումը հրատապ է հատկապես այն պատճառով, որ քաղաքացիական անձինք են հայտնվում հակամարտության մեջ և վտանգվում է նրանց անվտանգությունն ու ապահովությունը։