ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը.
Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման օրն է:
Թող ներեն ինձ իմ ընկերները, բայց 31 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է:
Ամաչելու, որ Արցախյան վերջին դավադիր պատերազմի խարույկում և դրանից հետո այրվեցին մի ամբողջ սերունդ, մի ամբողջ Հայրենիք և մի ամբողջ արժեհամակարգ:
Կարդացեք նաև
Որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության մակարդակը պատմական մինիմումի վրա է:
Որ այսօր մեր իրական ինքնիշխանության մասին հոգի, խիղճ ու խելք ունեցող մարդիկ առանց զայրույթի ու ցավի խոսել չեն կարող:
Որ Արցախյան շարժումը, որից ծնվեց մեր այսօրվա պետականությունը և իր ձեռքբերումները, անփառունակ կերպով մսխվեցին կապիտուլյանտ և հողատու ոհմակի կողմից:
Որ հայն իր պետության ներսում ֆիզիկական իմաստով ամենաանպաշտպան վիճակում է:
Որ հայկական երկրորդ պետականությանը տեր կանգնել չկարողացանք, իսկ հետո՝ չուզեցինք:
Որ պետության ինքնիշխան տարածքը արդեն 3-րդ ամիսն է, ինչ թշնամու կրնկի տակ է:
Որ հարյուրից ավելի գերիներ ունենք Ադրբեջանում, ու պետությունը թքած ունի նրանց ճակատագրի վրա:
Որ հազարավոր անհետ կորածներ ունենք, չհուղարկավորված հերոսներ ունենք, փախստականներ ունենք:
Որ քաղաքական հետապնդումները լկտիաբար շարունակվում են և հանգեցնում են հենց այս օրով ԱԺ ընդդիմադիր պատգամավորի կալանավորմանը:
Որ հենց այս օրով մեր սահմաններն այնքան խոցելի են, որ մեր զինվորականը մոլորվում ու գերի է ընկնում ադրբեջանցիներին:
Որ արժանապատվություն չունենք, կամք չունենք, խիղճ չունենք:
Ամաչում եմ մեր անկախությունը նվաճած ու կերտած, կյանք տված ու հոգի դրած սերունդներից: