Լրահոս
Օրվա լրահոսը

«44-օրյա պատերազմի արդյունքում լրջորեն սասանվել են մեր պետականության հիմքերը». Արամ Սաֆարյան

Օգոստոս 23,2021 16:16

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Արամ Սաֆարյանն առաջարկում է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովին առընթեր գիտափորձագիտական խորհուրդ ստեղծել, որում ընդգրկված կլինեն ոլորտում հայտնի փորձագետներ եւ կօգնեն օրենսդրական դաշտի հստակեցման հարցում: Առաջարկն այսօր նա հնչեցրեց խորհրդարանում կազմակերպված քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, ասօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկման էր հրավիրել ՀՀ մարդու իրավունքների ներկա եւ նախկին պաշտպաններին, ԱԺ համանուն հանձնաժողովի նախկին նախագահներին`միասին քննարկելու ոլորտային առաջնահերթությունները: Քննարկմանը ներկա էին ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԱԺ նախկին պատգամավորներ, համանուն հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը եւ նույն հանձնաժողովի նախկին փոխնախագահ Անի Սամսոնյանը:

«Պետք է լինել դժգոհների, նեղացածների կողքին եւ հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ կան»,- ասաց Արամ Սաֆարյանը: Նա գտնում է, որ Հանրային խորհրդի հետ էլ հանձնաժողովը պետք է սերտ համագործակցի, քանի որ խորհրդի քննարկման առարկա դարձած հանրային հնչեղություն ունեցող հարցերը նույնպես առնչվում են մարդու իրավունքների հետ:

«44-օրյա պատերազմում լրջորեն սասանվել են մեր պետականության հիմքերը»,- ասաց Արամ Սաֆարյանն` արձանագրելով, որ սա ոմանց համար քաղաքական պայքար է, իսկ ոմանց համար ալան-թալանի նոր հնարավորություն, ուստի, նա կարծում է, որ լուրջ աշխատանք կա նաեւ այս դաշտում: Արամ Սաֆարյանը կարծում է, որ ծերերի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում եւս վերանայման լուրջ կարիք ունի`սկսած կենսաթոշակի ձեւակերպումից մինչեւ իրացում եւ մահվան վկայականների եւ միանվագ գումարների տրամադրման հարցերը: Նաեւ` հաշմանդամների նկատմամբ էլ վերաբերմունքի փոփոխության կարիք կա:

«Հայաստանում կա 415 մարդ` Հայրենական մեծ պատերազմի մասնակից, որոնց մի մասը շատ խեղճ եւ անխնամ վիճակում են: Մինչդեռ, բնակչության այդ մասի հանդեպ վերաբերմունքը գոնե պետք է այլ լինի, ոչ թե ֆորմալ`զուտ օրենք ընդունելով»,-գտնում է Արամ Սաֆարյանը:

Նա առաջարկում է սերտ համագործակցել ոչ միայն պետական ինստիտուտների հետ, այլ նաեւ ՀԿ-ների հետ`նրանց հնարավորությունները ծառայեցնելով Հայաստանի Հանրապետությանը. «Տիկին Ալավերդյանն ամբողջ կյանքում զբաղվել է փախստականների հարցերով եւ բավական մեծ պաշար ունի աշխատանքի: Կարեւոր է, որ այս մարդկանց համագործակցությունը պետության հետ չընկալվի`շողոքորթություն գործող իշխանությանը, այլ քաղաքացիական պատրաստվածություն եւ պատրաստակամություն`թույլ չտալու, որ երկիրը փլուզվի: Դրա համար՝ ես ամեն տեսակ համագործակցության պատրաստ եմ»:

Հանձնաժողովի նախկին փոխնախագահ Անի Սամսոնյանն էլ նկատեց, որ մեր օրերում հանրությունը կորցրել է զգայունակությունը`հանրային հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ, եթե դա անմիջապես իր շահերին չի վերաբերում: Իր գնահատմամբ՝ դա երկու պատճառ ունի, մեկն այն է, որ հեղափոխությունից հետո մարդիկ մտածում էին, որ այլեւս մարդու իրավունքները չեն ոտնահարվելու, այնինչ, այդպես չեղավ: Ապա`2020 թվականի պատերազմը, դրա հետեւանքները, որոնք առաջնային հարց դարձրին անվտանգությունը, այնինչ անվտանգությունն ու մարդու իրավունքները, Անի Սամսոնյանի համոզմամբ, միմյանց հակադրել պետք չէ, դրանք խիստ փոխկապակցված են:

Նա նույնպես առանձնապես կարեւորեց ռազմագերիների հարցը, որը վերջին շրջանում կարծես հանրային հետաքրքրության շրջանակից դուրս է մնացել: Կարծում է, հանրային ճնշումն իշխանության վրա այս հարցով պետք է մեծացնել: Անի Սամսոնյանը կարեւորեց նաեւ պատերազմի մասնակիցներին հոգեբանական աջակցության հարցը, որը նույնպես անուշադրության է մատնված. «Եթե հարցում անեք ոստիկանությանը, պատերազմից հետո ինքնասպանությունների թիվն աճել է, եւ այդ մարդիկ հիմնականում պատերազմի մասնակիցներ են եղել: Ասինքն, վիճակագրությունը խոսում է այն մասին, որ այդ մարդիկ միայնակ են մնացել իրենց հոգեբանական խնդիրների հետ, որը հարված կարող է հասցնել առողջ հասարակություն ստեղծելու մեր ջանքերին»: Մեկ անգամ ինքը այս հարցը փորձել է քննարկել սոցապ նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ, սակայն վերջինս չի հասկացել կամ չի կարեւորել խնդիրը:

Անի Սամսոնյանը նկատեց, որ պատերազմից հետո երկրորդ պլան են մղվել քրեակատարողական հիմնարկների եւ փակ հաստատությունների հարցերը: Պատերազմը երկրորդ պլան մղեց նաեւ գիշերօթիկ դպրոցների փակումից հետո երեխաների ընտանիքներ վերադարձի եւ դրա հետագա վերահսկողության հարցերը. «Մինչ օրս չկա մոնիտորինգ`ինչպե՞ս են այդ երեխաները ապրում ընտանիքներում, քանի որ այդ ընտանիքների մեծ մասը ի զորու չէր երեխա դաստիարակելու եւ մեծացնելու: Եթե այդ երեխաները ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունների են ենթարկվում ընտանիքում, երեխային ընտանիք վերադարձելու ծրագիրը չենք կարող հաջողված համարել»:

Նա ուշադրություն հրավիրեց նաեւ կորոնավիրուսի համավարակի ազդեցությանը կրթության վրա, որը բացասական հետագիծ է թողել:

Թագուհի Թովմասյանն էլ ասաց, որ իրենք ընդգրկուն աշխատանք են պատրաստվում իրականացնել, եւ հույս ունի, որ արդյունքներ կարձանագրեն:
Այլ մանրամասները`տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031