Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտական ավանում՝ «Ֆիզգորոդոկում», «ՌԱՏԿՈ» ընկերությունը սկսել է նախապատրաստել ապօրինի կառուցապատման աշխատանքները, ինչը հարուցել է բնակիչների վրդովմունքը: Ֆիզիկայի ինստիտուտի տարածքի բնակիչները՝ այդ թվում երեխաները, ցույց են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ: Նրանք փորձում են քաղաքապետարանի եւ մյուս պատկան կառույցների ուշադրությունը հրավիրել խնդրին:
2 օրում ոստիկանական աննախադեպ բռնությունների եւ անհամաչափ ուժի կիրառման արդյունքում կան 9 բերման ենթարկված, 1 սրտի կաթվածով հոսպիտալացված, 1 որովայնի հատվածում ուժեղ հարվածով հիվանդանոց տեղափոխված անչափահաս քաղաքացիներ: Բազմաթիվ քաղաքացիներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Երեւանի ֆիզիկայի գիտավանի բնակիչ Սեդա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բնակիչներից մի քանիսը գտնվում են քաղաքապետարանի շենքի ներսում, եւ իրենք հավաքվել են սատարելու նրանց. «Մենք պահանջում ենք, որ քաղաքապետն անձամբ ներկայանա ֆիզիկայի գիտավան, խոսի քաղաքացիների հետ եւ պատասխան տա իր կայացրած որոշման համար: Գիտավանը հիմնադրվել է խորհրդային տարիներին, Ալիխանյան եղբայրների կողմից որպես ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների ընտանիքների համար բնակավայր: Իհարկե, հիմա ոչ բոլորն են գիտնականների զավակներ, բայց այնտեղ 12 ակադեմիկոս է ապրել եւ իրենց ընտանիքներն են բնակվում: Թաղամասն ունի իր որոշակի դիմագիծն ու համակեցության կանոնները, հետեւաբար ցածրահարկերի գոյությունը պատահական չէ»:
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց, որ 2004թ. կեղծ նկուղի գոյության հիմքով տարածքի մի հատվածը վարձակալության են տվել, սեփականաշնորհել, ինչը նա որակում է հանրային տարածքի զավթում կեղծ հիմքերով: ՍԵդա Գրիգորյանը պնդում է, որ գիշերը թունավոր նյութեր են լցնում, որպեսզի տարածքը չորանա, եւ հիմք հանդիսանա ոմանց կառուցապատման ծրագրերի համար: Ըստ գիտավանի բնակչի՝ ներկայացվել է 12 հարկանի շենք կառուցելու նախագիծ՝ ՌԱՏԿՈ ընկերության կողմից, որը քաղաքապետարանի կողմից ներկայացվում է որպես բարեխիղճ կառուցապատող, ինչն իրականում այդպես չէ:
«Մենք` քաղաքացիներս բացահայտել ենք, որ այսպես կոչված բարեխիղճ կառուցապատողն իրականացրել է կեղծիքներ` իր փաստաթղթային աշխատանքներում…4 դատական գործ կա կառուցապատողի դեմ, կադաստրի հետ կապված աշխատանք կա, քաղաքապետարանն է խիստ փակ գործում: Ես չգիտեմ, քաղաքացիները քաղաքապետի հետ ինչ կարող են անել, որ 2,5 տարի ոչ նամակներին է պատասխանում, ոչ էլ հանդիպում է, սակայն ամենականաչ եւ գիտնականներով հարուստ թաղամասի բնակիչներին չի ընդառաջում: Վստահ չեմ կարող ասել, մի գուցե քաղաքապետը գործարք ունի կառուցապատողի հետ»,-ընդգծեց Սեդա Գրիգորյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ