Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե միջոցառմանը սպասում է գոնե 2 ընտանիք, ուրեմն այն արդարացված է». Սեդրակ Մամուլյան

Օգոստոս 23,2021 15:13

«Մասնակիցները շատ են, շուրջ 40 տաղավարով, ցանկացողներ էլ են շատ եղել, սակայն կարողացել ենք բավարարվել այսքանով: Ռեստորաններն այստեղ ոչ միայն սպասարկում են այցելուներին, այլեւ հանդես են գալիս գովազդով: Տեղի բնակիչները եւս անհամբեր սպասում էին մրցույթին, որովհետեւ այս միջոցառումից ստացած եկամուտով կարողանում են որոշ ֆինանսական խնդիրներ լուծել: Մեր միջոցառումները՝ խոհարարական փառատոները եւ այլն, դրական ազդեցություն են ունենում հատկապես տուրիզմի ոլորտում: Ռեստորանների եւ նման այլ սննդի կենտրոնների զբոսաշրջիկների առկայությունը խիստ պայմանավորված է այս միջոցառումներով: Արտերկրից մեզ զանգահարում, հարցնում են՝ ո՞ր օրն է լինելու փառատոնը, որովհետեւ քիմքի արձանագրած զգացողությունը ամենաերկարն է պահպանվում: Խոհանոցը միակն է, որ կարող է ստիպել մարդուն սիրել ուտեստի երկիրը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Օգոստոսի 22-ին Լոռվա Ախթալայում տեղի ունեցավ ավանդական դարձած խորովածի փառատոնը: Պարոն Մամուլյանի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին տարբեր սոցիալական շերտերից մարդիկ, իսկ խորովածի փառատոնը եւս մեկ առիթ էր մեկտեղվելու ու միասնական դառնալու անկախ ամենից: «Շատ վատ տարի ունեցանք, պատերազմը մեր ամենամեծ ողբերգություն է, սակայն, եթե այս միջոցառմանը սպասում է գոնե 2 ընտանիք, որով իր ֆինանսական վիճակը կբարելավվի, ապա միջոցառումն արդարացված է: Մենք խոնարհվում ենք մեր նահատակների առաջ, եւ հանուն նրանց փորձում ապրել»:

Խոսեցինք նաեւ նրանցից մի քանիսի հետ: «Մեծ ոգևորությամբ եմ մասնակցում, առաջ ցավոք չի ստացվել մասնակցել: Իմ պատրաստածի յուրահատկությունը՝ սոուսների մեջ է, որոնք ես ինքս եմ պատրաստել: Մասնակցությունը ինձ համար արդեն մեծ առաջընթաց է, իսկ սպասելիքները շատ են»,- ասում է «Էլեգանտ» հյուրանոցից Կոլյա Բալյանը: Իսկ Արեն Ալիխանյանի խոսքով՝ իր խորովածի յուրահատկությունը տնական մթերքներից պատրաստված լինելն է, որը շատ համեղ է: Նշենք նաեւ, որ միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով, իսկ հայկական ժողովրդական պարն ավելի էր գեղեցկացնում ազգային ուտեստի մատուցումն ու բուն փառատոնը:

Հավելենք, որ խորովածը համարվում է ջերմային մշակման եղանակ: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009 թվականին։ Նպատակը հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջության խթանումն է։ Խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ 2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։ Փառատոնի ծրագրի շրջանակներում անցկացվում են խոհարարական մրցույթներ, պատրաստվում են տարբեր մսամթերքներից խորովածներ, այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031